Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդագիր. «Միգրացիան ընտրացուցակի հետ կապ չունի»

Հունվար 17,2013 14:43

Պաշտոնական տվյալների համաձայն, ԱԺ մայիսվեցյան ընտրություններից հետո Շիրակի մարզում 2 հազար 261-ով դարձյալ ավելացել է ընտրողների թիվը`նախորդ 228 հազար 322-ի փոխարեն դառնալով 230 հազար 583: Քանի որ Շիրակի մարզից թե օդային և թե ցամաքային ճանապարհով արտագաղթը անասելի չափերի է հասնում, այս թվերը բնականաբար կասկածելի են թվում բնակչությանը:

Aravot.am- ը պատմական գիտությունների թեկնածու, ժողովրդագիր Լիլիթ Ասոյանից հետաքրքրվեց, նման տեմպերով արտագաղթի պայմաններում մի՞թե ուռճացած չեն այս թվերը և ընտրողների քանակ ավելացնելով՝ արդյոք, նպատակ չունե՞ն մեկ փուլով ընտրություններ ապահովել: «Ստիպված եմ թվերի լեզվով խոսել ու նախևառաջ անդրադառնալ ընտրական տարիքի հասած քաղաքացիների թվին: Նախորդ տարում և այս տարի ընտրելու իրավունք են ձեռք բերել 1994 թվականին և 1995 թվականի հունվար ամսին ծնված քաղաքացիները: Ազգային վիճակագրական ծառայության տարեգրքերի տվյալների համաձայն, Հայաստանում միայն 1994թ. ծնվել է 52 200 երեխա, իսկ 1995 թ. ընթացքում մեր երկրում ծնվել է 48 հազար 900 երեխա, որից մենք պետք է հաշվի առնենք հունվար ամսին ծնվածների թվաքանակը, ովքեր այս տարի մինչև փետրվարի 18-ը ձեռք կբերեն ընտրելու իրավունք: Եթե ծնվածների թվից հանենք մահացածների թվաքանակը, իսկ այն չնչին տոկոս է կազմում, և այն մարդկանց, ովքեր հաջորդող տարիների ընթացքում հրաժարվելով ՀՀ քաղաքացիությունից, այլ երկրների քաղաքացիություն են ստացել, փոխել են իրենց գրանցման վայրը, ապա ընտրողների թիվը շատ ավելին կստացվի, առնվազն 30-35 հազար քաղաքացի պետք է ստանար ընտրելու իրավունք, այլ ոչ թե 25 հազար: Այնպես որ, Շիրակի մարզի համար 2 հազար 261-ն այնքան էլ մեծ թիվ չէ, մանրակրկիտ վերահաշվարկի դեպքում այդ թիվը կարող էր ավելի մեծ լինել:

Բացի այդ, ընտրացուցակները ճշգրտվում են ոչ թե ըստ Միգրացիոն ծառայության, այլ ՀՀ ոստիկանության անձնագրային բաժնի տվյալների, որտեղ հաշվառված է ողջ, այսպես ասած, «մշտական», այսինքն՝ գրանցված բնակչությունը, այդ թվում և ընտրազանգվածը: Եվ եթե ոստիկանության տվյալների հիման վրա քաղաքացին գրանցված է տվյալ հասցեում, բայց վաղուց բնակվում է արտերկրում, ոչ ոք իրավունք չունի նրան ցուցակից հանելու: Քաղաքացին հանվում է ընտրացուցակներից միայն հաշվառումից դուրս հանվելու դեպքում, որի համար հիմք կարող են լինել կամ գրանցման վայրի՝ հասցեի փոփոխությունը, կամ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու, կամ էլ մահվան փաստը: Բացի այդ, եթե նաև նկատի ունենանք այն, որ ՀՀ Սահմանադրությամբ չի արգելվում պահպանել ՀՀ քաղաքացիությունը այլ երկրի քաղաքացիություն ընդունելու դեպքում, այդ դեպքում մենք հաշվառված բնակչության թվաքանակի նվազեցում կարող ենք և չունենալ:

Ինչ վերաբերում է տարբերություններին, ապա բնակչության թվաքանակի վրա ազդում է նաև ներքին միգրացիան՝ գյուղից քաղաք, քաղաքից դեպի մայրաքաղաք, որի պատճառով «մշտական» և «առկա» բնակչության թվաքանակում կարող են լինել որոշ տարբերություններ, որոնք ընդհանուր առմամբ կարող են հասնել մինչև 10-12 տոկոսի:Սակայն դա չի նշանակում, որ ընտրացուցակներում ևս պետք է արտացոլված լինի հենց այդ թվաքանակը: Բերեմ իմ օրինակը. ես գրանցված եմ Գյումրիում, բայց ժամանակավորապես ապրում եմ Երևանում, ինչի՞ հիման վրա պետք է ինձ ցուցակից դուրս հանեն», – այսպես հիմնավորեց ընտրողների թվի աճը մեր զրուցակիցը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031