Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրակը, որ վառում են, եկեղեցին չի ընդունում». Տեր Շահե քահանա Հայրապետյան

Փետրվար 12,2013 15:40

Տյառընդառաջն անշարժ տոն է, որը նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ: Եկեղեցիներում  եկեղեցական ժամը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո, այսինքն`13-ի երեկոն համարում են 14 : «Բուն տոնը 14-ին է: Սուրբ Ծնունդին հաջորդող  քառասուներորդ օրը եկեղեցում տոնում են Տյառընդառաջը, որի ընթացքում օրհնվում են նորապսակները»,-այսօր այս մասին «Զարկերակ» մամուլի ակումբում ասաց Տեր Շահե քահանա Հայրապետյանը:

Ըստ քահանայի, տոնի խորհուրդը հետևյալն է. Աստված ինքը խոնարհվեց, եկավ մարդկանց ընդառաջ, ովքեր մոլորված էին և ինչի ասես, որ չէին պաշտում, քանի որ պաշտամունքի կարիք ունեին: Եվ այսօր մարդիկ ի պատասխան, որպես հրավեր, դուրս են գալիս Տիրոջն ընդառաջ:

« Տոնի վերաբերյալ Վեհափառ Հայրապետը  երկար տարիներ է ինչ նորապսակների օրհնության կարգ է սահմանել և հռչակել է իբրև ընտանիքի տոն: Ընտանիքը դրված է որպես լույս և ընտանիքի օրհնության այս կարգը շեշտում է, որ եկեղեցին մեծ տեղ է տալիս երիտասարդներին, նորապսակներին և մեր հորդորն է, որպեսզի  ընտանիքներն ուղղորդվեն Տիրոջ սիրով և պատասխանատվությամբ»:

Տեր Շահե քահանա Հայրապետյանն ասաց, որ նշանադրվածներին տոնը չի վերաբերում. «Աղոթքն ասում է, որպեսզի իրար մերձենան և զավակ ծնեն, իսկ նոր նշանադրվածները մի շրջան են վերցնում: Այս տոնը նորապսակների համար է և ոչ թե նշանադրվածների»:

Փետրվարի 13-ին եկեղեցին կատարում է նախատոնական` վառում են եկեղեցու ճրագները, երգում են «Լույսի զվարթ» շարականը, որը շեշտում է Սիմոն ծերունու օրհնությունը:

«Կրակը, որ վառում են, եկեղեցին չի ընդունում: Մենք պետք է պաշտենք մեր փրկչին: Ամսի 13-ի երեկոյան պատարագ է արվում. վառվում են եկեղեցու կանթեղները, ճրագները, մոմերը և շեշտվում է հոգևոր կողմը: Կրակ վառել և վրայով թռնելը եկեղեցական չէ, այն ժողովրդական սովորություն է: Այն ինչ արվում է բակերում, կապ չունի բուն տոնի եկեղեցական արարողակարգի հետ: Նորապսակները պարզապես պետք է մասնակցեն պատարագին և ստանան Աստծո օրհնությունը»:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728