Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես այստեղ վարչապետ եմ և իմ հետ «դու»-ով չխոսեք։ Գնացեք, կրթվեք, հետո եկեք իմ հետ խոսելու»․ Ռուզան Ստեփանյանը հիշեց հանդիպումը զոհված զինվորների ծնողների հետ

Հոկտեմբեր 08,2026 19:07 Share
Աջակցեք aravot.am-ին

«Համահայկական շարժման» անդամ Ռուզան Ստեփանյանը, որն այսօր ԱԺ-ում մասնակցել է Արցախյան պատերազմներում զոհված, անհետ կորած, պատանդառված հայ զինծառայողների, բռնի առևանգվածների և 2023 թվականին Ստեփանակերտում պայթյունի հետևանքով անհետ կորածների հարազատների և արտաշիրիմում պահանջող ծնողների հետ «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության նախաձեռնած հանդիպմանը, «Հայելի» ակումբում արձանագրեց, որ արդեն երեք տարի այդ մասին Հայաստանում և ընդհուպ մինչև միջազգային կառույցներին ուղղված հարցադրումները այսօր էլ մնում են չլուծված այն պարզ պատճառով, որ Հայաստանի իշխանությունը ձեռնամուխ չի լինում հարցի լուծմանը։

«Այսօրվա հանդիպմանը հուզվել էր ոչ միայն Նարեկ Կարապետյանը։ Հուզվել էին նաև ծնողները։ Մեկի պատմությունը բոլորի աչքերն էր լցնում, մյուսի պատմությունից հեկեկում էին նստածները։ Այո, այդ թվում՝ Նարեկ Կարապետյանը, ինչպես և ես, չկարողացանք զսպել մեր արցունքները։ Եվ ես հիշեցի, որ, երբ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր անհետ կորածների հարազատներին, հետո ինձ ծնողներից մեկն էր պատմել, որ շատ կոպիտ էր խոսել ծնողների հետ՝ ասելով. «Ես այստեղ վարչապետ եմ և ինձ հետ «դու»-ով չխոսեք։ Գնացեք, կրթվեք, հետո եկեք իմ հետ խոսելու»։

Հենց այստեղ է ամբողջ խնդիրը, որ երկրում բարոյալքվածության աստիճանը, հենց այս ծնողների շրջանում հուսահատությունը այնքան մեծ է, որ, մինչ մենք միասին չկարողանանք լուծել հումանիտար խնդիրները, խոսել արժանապատիվ ընտրության, արժանապատիվ քաղաքական գործընթացի, արժանապատիվ երկիր կառուցելու մասին, դրանք միֆ են, հորինվածք ու սուտ են։

Այսօրվա հանդիպման նպատակը մեկն էր։ Յուրաքանչյուր միջազգային կառույցից մենք լսել ենք այն կարևոր խոսքը, որ Հայաստանի իշխանությունը չի ուզում այդ կոնկրետ հարցը բարձրաձայնել, որով զբաղվեն միջազգային կառույցները։ Ու մենք դիմել էինք, որպեսզի խորհրդարանական ընդդիմությունը ոչ միայն ճնշում բանեցնի, այլև հանցագործ ալիևյան ռեժիմի մասին խոսի միջազգային հարթակներում, ԵԽ դահլիճում։ Եվ պարտադրի, որ հանցագործ ռեժիմը հումանիտար հարցերը կարողանա լուծել։ Այլապես ինչպե՞ս կարելի է հասկանալ, որ երեկ Ալիևը հրապարակայնորեն դիմել է այստեղի իշխանությանը՝ ասելով, տվեք 90-ականներին անհետ կորածների գերեզմանների քարտեզները։ Մի բան էլ՝ հաթաթա էր տվել, թե այդ քարտեզներն ստանալուց հետո էլ պետք է հարցազրույցներ լինեն ականատեսների հետ, ու դրա հետ կապված պատժիչ գործողություն է լինելու։ Մենք այսօր չենք տեսնում, որ պատասխան հնչի այստեղի բարձր ամբիոնից։

Այսօր մենք «Ուժեղ Հայաստանին» խնդրեցինք, որ այս խնդիրներն անպայման բարձրաձայնվեն, լինեն ճնշումներ, որպեսզի մեզ այլևս չխաբեն։ Անհետ կորածների ծնողներն այնտեղ են շվարած մնացել, պատանդների ծնողները՝ այնտեղ, պայթյունից անհետ կորածներինը, արտաշիրիմում պահանջողների ընտանիքները՝ այնտեղ։ Ու մենք, այդ ծնողները, չգիտենք․ ԱԱԾ տնօրենը այցելել է Բաքու, ի՞նչ է արել այնտեղ, Արտաքին հետախուզության պետը Բաքվից է եկել՝ ի՞նչ է խոսել այնտեղ»,- ասաց տիկին Ստեփանյանը։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031