Լրահոս
Օրվա լրահոսը

Ապարանցին՝ Րաֆֆի Հովհաննիսյանին. «Դատախազին մի՛ պիրեք մեյդան, հերիք իլավ, բոլ եղավ»

Մարտ 07,2013 21:13

Ապարանում Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը քիչ էր մնում ավարտվեր քաշքշոցով

Մոտ կես ժամ առաջ Ապարանում Րաֆֆի Հովհաննիսյանն ամփոփեց իր այսօրվա մարզային հանդիպումները, եւ այդ ամփոփումը քիչ էր մնում ավարտվեր քաշքշոցով:

«Հայ ժողովուրդը հաղթանակի զարթոնքի մեջ է: Եվ այդ հաղթանակը հասկանում են ամենուր: Հասկանում են Սփյուռքում, Բաղրամյան 26-ում, Հայաստանում»,- մինչ Րաֆֆի Հովհաննիսյանը այսպես զրուցում էր «Ազատություն» ռ/կ-ի հետ՝ ուղիղ եթերում, ապարանցիները՝ ընդդիմադիր եւ իշխանական դաշտից, սկսեցին բանավիճել ու քիչ էր մնում բանը հասներ կռվի:

Մի ապարանցի՝ Ալեքսան Ավետիսյանը, մոտեցավ Րաֆֆի Հովհաննիսյանին եւ պատմեց, որ «Ապարանում էլ դուք հաղթած եք, ուղղակի հանձնաժողովի անդամներ, վստահված անձինք չունեիք: Ես հանձնաժողովի անդամ եմ եղել, գիտեմ ինչ եմ ասում: Եվ մեկ խնդրանք՝ Ապարան գալուց մյուս անգամ ցերեկով եկեք, ուշացաք: Ապարանը վախկոտ չի եղել, փառք Աստծո, ուղղակի ցերեկով որ գայիք… մեր ժողովուրդը պարտավոր է ինքն իր կամքով շարժվելու եւ այլեւս ընտրակեղծիքներով նախագահ չընտրելու»:

Նրա այս բացատրությունը դուր չեկավ մեկ այլ ապարանցու. «Դուք ստորագրել եք թղթի տակ, չստորագրեիր, սխալը դու ես: Լավ ա արել Րաֆֆին, հաղթել ա, մերն ա, մեր ախպերն ա, ի՞նչ ա եղել»:

Րաֆֆի Հովհաննիսյանը սկզբում թույլ տվեց, որ ապարանցիները բանավիճեն՝ ուրախանալով, որ «թող մարդիկ տեսնեն, որ Ապարանում ազատ խոսք կա: Հատկապես Ապարանում դուք պիտի չվախենաք, որ այստեղ կա դատախազը: Դատախազը սեպտեմբերին փոխվելու է»: Ապարանցին այս անգամ սկսեց վիճել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ՝ նեղվելով, թե «Այ մարդ, դատախազին մի՛ պիրեք մեյդան: Փոխվի, չփոխվի՝ իրա պրոբլեմն ա: Մենք մեր կամքի տերն ենք, դատախազը կյանքում ընձի չի գա ասի՝ ում ընտրա: Ով եղել ա հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ, թող պատասխան տա, եթե սխալ ա՝ տարեք դատեք: Թե չէ դատախազի անունը ով գալում՝ շեշտում ա, Ապարան դատախազն ի՞նչ ա արե: Դատախազը, ցավդ տանեմ, իրա տեղը թող մնա, վսյո՛Ապարան գոմեշ մը կտամ՝ մեղա Ասծու չասա, վսյո՛: Հերիք իլավ, մենք Մարտի 1 չենք ուզում տենանք, վսյո, գնացեք վարի: Հերիք իլավ, բոլ եղավ: Ազատություն գոչեցինք, գնացիք ամեն չարի, հմի էլ հերիք ա, կանգնենք տենանք ինչ կեղնի»: Ապարանցին սկսեց բղավել, որ ապարանցիք չեղնեին, երեւանցիք այս կլինեին, այն կլինեին:

Րաֆֆի Հովհաննիսյանին մի կերպ հաջողվեց կանգնել երկու ապարանցիների մեջտեղն ու թույլ չտալ, որ տաքանան ու բանը բանից անցնի: Նրա խոսքերով՝ «Ճիշտ եք ասում, որ շատ ավելի կարեւոր, քան Աղվան, Րաֆֆի կամ Սերժ, կա ՀՀ քաղաքացի՝ Ապարանի քաղաքացի: Ապարանի հրապարակում դուք, որ բանավիճում եք, վիճվում եք, դուք պատմություն եք ստեղծում: Դուք ասում եք, որ Բաշ-Աապարանում, որը փրկեց Հայաստանի Հանրապետությունը էլ ոչ մի Մարտի 1, ոչ մի Հոկտեմբերի 27: Դուք Ազատության ուղիղ եթերում եք, աշխարհի հետ խոսում եք: Դուք հասկացեք, որ դուք էլ տեսակետ ունենք, ինքն էլ տեսակետ ունի: Այդ ազատությունը սրանից հետո պիտի ապահոված լինի բոլորի համար»:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ մարտի 10-ին ժամը 5-ին ինքը հանդես կգա ծրագրային «ջրբաժան» հայտարարությամբ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031