Մանկուց հաշմանդամ եւ առանց ծնողական խնամքի մնացած երեխան կառավարության որոշմամբ զրկվել է սոցիալական բնակարանի շահառու լինելուց
Կառավարությունը 09.07.2026թ. գրչի մի հարվածով ուժը կորցրած է ճանաչել բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող` սոցիալապես անապահով և հատուկ խմբերին վերաբերող մի շարք որոշումներ, ինչի արդյունքում շատ շահառուներ դուրս են մնացել սոցիալական բնակարան ստանալու իրավունքից։ Այդ թվում են նաեւ 21 տարին լրացած՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաները։
Մանկուց հաշմանդամ (2-րդ կարգ) եւ արդեն 20 տարի առանց ծնողի մեծացող 28-ամյա երիտասարդը, ով չունի որեւէ բնակտարածք, հրավիրվել է միասնական սոցիալական ծառայություն, տեղեկացվել որոշման մասին եւ գրավոր բացատրություն տվել, որ ծանոթացել է որոշման տեքստին ու համաձայն է, որ ինքը չի համապատասխանում շահառուների որեւէ խմբի։ Փաստորեն պետությունը երկար տարիներ թերացել է, չի կատարել իր պարտականությունները եւ իր անգործությունը, իր հոգածության տակ գտնվող անձի հանդեպ անտարբեր վերաբերմունքը լուծում է գրչի մի հարվածով, նոր որոշում ընդունելով։ Սա պետության ամոթն է։
Ի դեպ, սոցիալական բնակարան շահառուների որոշակի խմբերի տրվում է 3 տարի ժամկետով. երեւի կառավարությունը մտածում է, թե Հայաստանում հրաշք է տեղի ունենալու եւ երեք տարի հետո այդ մարդիկ ունենալու են իրենց սեփական բնակարանը ու հենց դրա համար է նախարարությունը վերանվանել Աշխատանքի եւ բարեկեցության։
Անժիկ Հարությունյան
«Առավոտ» օրաթերթ
10.10.2026



















































