Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Անանյան. Մաշտոցի պուրակը՝ Պոեզիայի պուրակ

Մարտ 20,2013 16:01 Share

ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ՝ 1999թ.-ից սկսած՝ մարտի 21-ին աշխարհը նշում է Պոեզիայի միջազգային օրը: Արդեն 3 տարի է՝ Հայաստանը նույնպես ներգրավված է այս շրջագծում:

Գրողների միության նախագահ Լևոն Անանյանն այսօր «Ելակետ» ակումբում նշեց, որ այսօր մեզ համար կարևոր է Պոեզիայի միջազգային օրվա շրջագծում խոսել, թե ինչպես ենք կարողանում մեր պոեզիան ներկայացնել թարգմանաբար աշխարհին` լինելով պոեզիայի երկիր:

Երևանում առաջին անգամ ապրիլի 16-20-ը կազմակերպվելու է Պոեզիայի միջազգային փառատոն: Որտեղ հնարավորություն կստեղծվի աշխարհին ներկայացնել մեր բանաստեղծությունը: Արդեն հրավերներին արձագանքել են 30 երկրից և Հայաստան կժամանեն 50-ից ավելի անվանի օտար գրողներ:

Ըստ Գրողների միության նախագահի` ծրագիրը հագեցած է լինելու և նախատեսվում է յուրաքանչյուր երկրից մեկական պատվիրակ հրավիրել: Եվ այն փաստը, որ նրանք ցանկություն են հայտնում ժամանել Հայաստան, թույլ է տալիս ավելի ամրացնել կապերը: Իսկ դա այսօր ամենամեծ ձեռքբերումն է:

Նախատեսվում է փառատոնի բացումը կատարել Կասկադ համալիրում: Հյուրերին կընդունի Ամենայն հայոց կաթողիկոսը: Կայցելեն Զվարթնոց, Մատենադարան, իսկ ապրիլի 17-ին գրական պատվիրակները կբաշխվեն տարբեր բուհերում և դպրոցներում առանձին ծրագրերով:

«Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագիրն արդեն իր ավարտին է մոտենում ապրիլի 20-ին, և այսօր բանակցություններ են տարվում, որպեսզի Թաիլանդից էլ բանաստեղծ ներկայացուցիչ հրավիրված լինի: Քանի որ Երևանը հանձնելու է գրքի համաշխարհային մայրաքաղաքի բանալիները Թաիլանդին: Եվ փակման արարողությունը կամբողջացվի Պոեզիայի միջազգային փառատոնով:

Մինչև ապրիլի 10-ը նախատեսվում է հրատարակել «Վանա» խորագրով մի գիրք, որտեղ տեղ կգտնեն փառատոնի մասնակիցների ստեղծագործությունները` հայերեն և անգլերեն թարգմանությամբ: Գիրքը պետք է ներառի 100 բանաստեղծի ստեղծագործություն, որից 50-ը կլինեն օտար ազգի ներկայացուցիչներ, իսկ մնացյալ 50-ը Հայաստանից ու Արցախից:

Լևոն Անանյանը հավելեց. «Պոեզիայի պուրակը համարում եմ փառատոնի մնայուն արժեքներից մեկը: Իմ նախաձեռնությունն է հիմնել Երևանում պոեզիայի պուրակ: Պոեզիայի պուրակը, բնականաբար, պետք է լինի քաղաքի կենտրոնում և ունենա բացօթյա հարթակ, որպեսզի տարբեր սերունդների մեր գրողները կարողանան ազատ կարդալ իրենց բանաստեղծությունները և անմիջական շփումների միջավայր ստեղծվի: Պուրակը կլինի կա՛մ Մաշտոցին հարող պուրակում, կա՛մ էլ Օղակաձև զբոսայգում: Բայց կարծում եմ՝ լավագույն տարբերակը կլիներ Մաշտոցին հարող պուրակը»:

Արմինե ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արսինյա says:

    Միայն թե դրա անվան տակ Մաշտոցի պուրակում մի բետոնե քառահարկ շենք չգցեն, որը երկու ժամ բանաստեղծություն կարդալուց հետո, կփակեն ու կդարձնեն ռեստորան, հյուրանոց, պանդոկ, քյաբաբնոց……

Պատասխանել