Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյան. «Դուք պատգամավո՞ր եք, թե՞ գողական»

Ապրիլ 25,2013 22:20

Այսօր Գյումրի այցելած ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոսեց Գյումրիում կատարված վերջին հանցագործության մասին` քաղաքի երկու կլաններին` Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ու ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գերդաստաններին նախազգուշացնելով, որ այլևս նման դեպքերը չեն մարսելու ու զոռբայությամբ հարցեր չեն լուծելու:

Ոստիկանապետը նույնիսկ հեգնեց, թե «Դու պատգամավո՞ր ես, թե՞ գողական»: «Զանգում են իմ տեղակալին, առաջին տեղակալին, զանգում են պատգամավորներ, պաշտոնյա անձիք, որոնք ասում են` էդ տղեքին մի տարեք- բերեք, իրենք լավ տղեք են, բանավոր կասեն, բայց չգրեն էլի, մի տեսակ ամոթ ա, էլի: Եվ իմ խոսքն է եղել` հիմա դուք պատգամավոր եք, թե՞ գողական, սա է խնդիրը»,-հարցնում է ոստիկանապետը:

Նա խորհուրդ տվեց չտարանջատել ու չբաժանել մարդկանց գյումրեցիների, երևանցիների, գորիսեցիների, քանի որ, ըստ նրա, մեր ողբերգությունը հենց դրա մեջ է: «Եղեռնի ոգով ասում եմ, երբ ինձ հարցրեցին` ի՞նչ խորհուրդ սա մեջ կա, ես ասի, որ խորհուրդը տեսնում եմ նրա մեջ, որ սա մեր ամոթի արդյունքն է , միաբանված չենք եղել, մեզ կոտորել են, եթե միաբան լինենք, մեզ չէին կոտորի», -համոզված է Վլադիմիր Գասպարյանը:

Այնուհետ ոստիկանապետն անդրադարձավ Գյումրու երկու հայտնի գերդաստաններին` նրանց խստորեն նախազգուշացնելով, որ արյունների ժամանակն անցել է, եկել է խաղաղության ժամանակը, և որ այլևս հնարավոր չէ արյունով ու զոռբայությամբ հարցեր լուծել: «Մենք փոխել ենք մթնոլորտը հանրապետությունում, Գյումրիում ունենք երկու, չեմ վախենում օգտագործել, կլան, որոնք չգիտեմ ինչի՝ շատ երկար տարիներ արյունահեղություններով, զոռբայություններով, ջարդուփշուրներով իրենցն են թելադրում: Չի լինելու այլևս , ավարտվեց այդ շրջանը, զոռբայությունը Հայաստանի Հանրապետությունում և Գյումրիում այլևս չի լինելու: Բոլոր նրանք, ովքեր կփորձեն զենքով, զոռբայությամբ, անօրինականությամբ ինքնահաստատվել , կամ էդ ինքնահաստատվածները բոլոր կհայտնվեն այնտեղ, որտեղ պետք է հայտնվեն մարդիկ, ովքեր զենքով և արյունով են լուծում խնդիրները»,- նախազգուշացրեց պարոն Գասպարյանը:

Նա այս կլաններին նաև տկարամիտ անվանեց` մեջբերելով Աստվաշնչյան մի օրինակ: «Երբ Տիրոջը հարցնում են, թե ճի՞շտ է, որ 7 անգամ կարելի է մարդուն ներել, Տերը պատասխանում է՝ 70 անգամ կարելի է ներել, եթե հասկանում է: Ցավոք սրտի, չեն հասկանում. տկարամիտները, զոռբաները, արյունով հարց լուծողները, բոլորը պետք է մեկուսացվեն հասարակությունից: Չի լինելու ներողամտություն, չի լինելու հանդուրժողականություն, չի լինելու գթասրտություն», -խիստ տոնով հայտարարեց ոստիկանապետը:

Այնուհետ նա մի անգամ ևս սպառնաց, որ եթե Գյումրու այս երկու կլանները չկարողանան ապրել հասարակության մեջ հասարակության օրենքներով, ապա կստիպեն նրանց մեկուսանալ հասարակությունից: Ոստիկանապետն ընդհուպ խոստացավ նրանց արտագաղթը կազմակերպել:

Լրագրողների այն հիշեցմանը,որ սա առաջին դեպքը չէ, շարունակությունն է մի քանի ամիս առաջ ծավալված դեպքերի, երբ քավոր Հարութի տղան մետաղաձողով հարվածել էր Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Նիկոլայի գլխին, ոստիկանապետն ասաց, որ այստեղ խանգարողը գողական մտածելակերպն է: «Մետաղաձողով հարվածել է, մարդը գալիս է, հայտարարություն է տալիս, որ սառույցն է ընկել գլխին: Այսինքն, մարդիկ չեն խոսում, ոստիկանությունն էլ նախկինը չէ, եթե նախկին մեթոդները լինի, կարող է խոսան, բայց էն ժամանակ էլ ասելու են՝ մեզ ծեծեցին: Ես դեմ եմ ծեծին, որովհետև դու էդտեղ ավելի ցածրանում ես, քան թե հանցագործություն կատարողը: Ասել եմ` փոխանցեք էդ պատգամավորին, պատգամավորներին և այլն երևույթներին, որ մասը որ գողական են, պատգամավոր են, պաշտոնատար անձ են, թող իրենք կողմնորոշվեն՝ իրենք ով են: Դրանից հետո ես զանգահարել եմ ու տղաներին ասել եմ` կվերցնեք ցուցմունքներ, բանավոր կխոսեն, ձայնագրեք՝ հիմք կստեղծեք: Չի լինելու այլեւս այդպես: Կամ էս երկու կլանները խելքները գլուխները կհավաքեն ու հասարակությանը համահունչ կապրեն, կամ չեն ապրի հասարակության մեջ, կհայտնվեն էնտեղ, որտեղ պետք է հայտնվեն: Եվ սա վերջին անգամն է, վճռականությունը կա և կան բոլոր հնարավորությունները», – տարիներ շարունակ ահաբեկված գյումրեցիներին այսպես մխիթարեց ՀՀ ոստիկանապետը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. vladilen says:

    Տեսնես ճիշս է ասում…ուզում եմ հավատալ…..բայց…..չեմ պատկերացնում,որ Վովան կարողանա հոգեկան հիվանդի դեմ լիարժեք պայքարել…..

  2. Սարգիս says:

    Հենց հիմա դուք օրենքը խախտում եք, պարոն Գասպարյան: Դուք հայտարարում եք, որ զանգում են պատգամավորներ….Ինչի անմիջապես փաստի մասին տեղյակ չեք պահում ԱԺ էթիկայի հանձնաժողովին, ինչի չեք բացահայտում Ձեր վրա ճնշում գործադրելու փորձը և պատժում մեղավորներին: Բացահայտ ասում եք, որ զանգում են… դա արդեն իսկ օրինազանցություն է: Գերմանիայում մի քանի տարի առաջ Նախագահը հրաժարական տվեց միայն մի պատճառով, որ հանդգնել էր զանգել լրագրողին ու ասել թե այդ ինչեր ես տպագրել իմ ընտանիքին վերաբերվող գաղտնիքներ: Միայն դրա համար, բաաաա….

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930