Aravot.am-ը «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանին խնդրել էր մեկնաբանել Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի ներկայացուցիչ Կարեն Հարությունյանի այն հայտարարությունը, ըստ որի, Մալաթիա -Սեբաստիա համայնքի թիվ 8 ընտրատարածքի 8/8 տեղամասի «Առաքելության» վստահված անձ Վահագնը համագործակցում է ՀՀԿ-ի հետ: Մանուկ Սուքիասյանն էլ պատասխանել էր, թե կուսակցության պատասխանատուները մեկնել են նշյալ տարածք՝ մանրամասներին ծանոթանալու:
Քիչ առաջ Սուքիասյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ ոմն Վահագնը «Առաքելություն» կուսակցության հետ կապ չունի. «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամները ժամանել են այդ տարածք, եւ սույն անձը, որի մասին խոսվում էր, եւ որն իրեն պահել է ոչ այնպես, ինչպես ակնկալվում էր, այդ պահին տարածքում չի եղել: Մենք դեռ չենք պարզել նրա ինքնությունը»:
Ի պատասխան մեր տարակուսանքին՝ մի՞թե հնարավոր է նման բան, մեր զրուցակիցը հայտնեց, որ «Առաքելությունը» համագործակցում է ոչ իշխանական դաշտի ուժերի հետ ու քանի որ վստահված անձանց առումով իրենց ռեսուրսները չեն բավարարել, աջակցություն են խնդրել այլ ուժերից ու ընկերներից, արդյունքում, նրա ասելով, թյուրիմացաբար իբրեւ «Առաքելության» վստահված անձ Վահագն է հանդես եկել: «Այժմ մենք այդ տեղամասում նշանակել ենք նոր վստահված անձ՝ Վահե Հովհաննիսյանին: Փորձելու ենք առաջիկա երկու ժամվա ընթացքում եւ հաշվարկի ժամանակ մեր հսկողությունը պատշաճ իրականացնել»,-հավելեց նա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































