Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպանը` անվճար գարեջուր ճաշակելու, օպերայի շենքի վերանորոգման ու ցեղասպանությունից փրկված որբերի մասին (ֆոտոշարք)

Մայիս 27,2013 21:37

Այսօր Գյումրիում էր ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: Նա եղավ Գյումրու քաղաքապետարանում, քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ քննարկեց Գյումրու Գորկու այգում գտնվող նախկին տիկնիկային թատրոնի շենքի վերանորոգման հարցը: Խոսքը այն շենքի մասին է, որտեղ առաջին անգամ բեմադրվել է «Անուշ» օպերան: Դեսպանը ի սկզբանե հայտարարել էր, որ հետաքրքրություն է ցուցաբերում պատմաճարտարապետական այդ կառույցի նկատմամբ ու խոստացել էր որոշակի ներդրումներ կատարել շենքի վերանորոգման համար: Այս այցի ժամանակ պարոն դեսպանը հայտնեց, որ ինքը կհամաձայնի փոքր ներդրումներ անել, եթե վստահ լինի, որ այլ գործընկերներ եւս կան, որպեսզի կարողանան համատեղ ուժերով շենքը վերջնական ավարտին հասցնել: Նա, ի դեպ, առաջարկում էր տարբերակներ, թե ինչպես կարելի է գումար հայթայթել այդ շենքի վերանորոգման համար: Ըստ դեսպանի, այս նպատակի համար կարելի է օգտագործել «Արվեստների եւ արհեստների» փառատոնը, որը նախատեսված է Գյումրիում անցկացնել աշնանը, նաեւ Բիենալեն, օրինակ` վիճակահանություն կազմակերպել ու այդ փողը փոխանցել թատրոնի շենքի վերանորոգմանը:

Գյումրու քաղաքապետն էլ նկատեց, որ տիկնիկային թատրոնի շենքը ոչ այնքան վերանորոգման կարիք ունի, որքան բեմական հարդարանքի, լուսավորության, երաժշտական գործիքների: Պարոն Բալասանյանը նաեւ ասաց, որ այդ շենքում տեղակայված է եղել «Շիրակ» հանրային հեռուստատեսությունը, եւ որ վերջինիս դեռ 20 միլիոն դրամ է պարտք քաղաքապետարանը` նրանց գույքը թատրոնի շենքից հրապարակ տեղափոխելու համար:

Նշենք, պարոն Հեֆերնը քաղաքապետի հետ զրույցը սկսեց բավականին հետաքրքիր տոնով: Նա ասաց, որ վերջերս Երեւանում իր տիկնոջ հետ մասնակցել է մի համերգի, որը կազմակերպել էր Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը: Նպատակը եղել է Գյումրու անգլիական թեքում ունեցող Ջորջ Բայրոնի դպրոցին օգնելը: Սրանով դեսպանը պարոն Բալասանյանին կարծես թե հասկացրեց օգնել թիվ 20 դպրոցին, նույնիսկ ասաց, որ իր թարգմանչուհին Գյումրու ավանդույթ ունեցող այդ դպրոցն է ավարտել:

Քաղաքապետը իր պատասխանով զարմացրեց ներկաներին, նա տեղեկացրեց, որ ոչ միայն դեսպանի թարգմանչուհին, այլ հենց ինքն է անգլիական դպրոցն ավարտել, այն հարազատ է իրեն, եւ որ ինքը տնօրենի հետ կապի մեջ է ու հնարավորինս օգնում է:

Նշենք, որ հանդիպման վերջում Գյումրու քաղաքապետը դեսպանին նորից իր տիկնոջ հետ գարեջրի գործարան հրավիրեց: Դեսպանը խոստացավ ամառվա ընթացքում, ազատ ժամանակ ունենալուն պես անպայման հյուրընկալվել ու կատակեց. «Ինձ թողնելու եք չէ՞, որ անվճար գերաջուր ճաշակեմ»: «Կթողնենք, կթողնենք»,- հնչեց պարոն Բալասանյանի պատասխանը: Ի դեպ, Ջոն Հեֆերնի ու Սամվել Բալասանյանի զրույցից պարզ դարձավ, որ պարոն դեսպանը ճանաչում է Գյումրու բոլոր աչքի ընկնող մտավորականներին, օրինակ Բեռլին հյուրանոցի տնօրենին, «Տիրամայր Հայաստանի» կամ որ նույնն է Գյումրու կուսանոցի պատասխանատու քույր Արուսյակին ու այսպես շատերին:

PrevPhoto
NextPhoto

Քաղաքապետին հյուընկալվելուց հետո դեսպանը եղավ նաեւ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի մոտ, այնուհետ ուղեւորվեց «Թռչունյան մանկատուն», որտեղ Հայոց ցեղասպանությունից հետո ամերիկյան որբանոց է բացվել: Ամերիկացիները 116 միլիոն դոլար են ծախսել ու շուրջ 200 որբանոցներ հիմնել , 132 հազարից ավել հայ որբերի են պահել, խնամել, բժշկել ու նոր կյանքի են նախապատրաստել: Ալեքսանդրապոլը այդ տարիներին հռչակվել է որբերի քաղաք ու վերջինս որբանոցը եղել է ամենամեծը: Ինչպես ներկայացրեց Նարեկացի արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը, որբերից մեկը, ով մազապուրծ փրկվել էր ցեղասպանությունից, մեծացել է «Թռչունյան մանկատանը», հետագայում երբ մեկնել է ԱՄՆ, կտակ է գրել այն մասին, որ մահանելուց հետո ունեցվածքը թողնում է այդ մանկատանը` վերանորոգվելու նպատակով: Ու հենց նրա շնորհիվ է վերանորգվել «Թռչունյան մանկատունը»:

Այսօր Մերձավոր Արեւելքի հիմնադրամի եւ ԱՄՆ դեսպանության համագործակցությամբ հենց այդ մանկատանը որբերին պատկերող 200 նկարներ էին ցուցադրվում: Այդ ցուցահանդեսը երկու օր առաջ պաշտոնապես բացվել էր  Հայաստանի Ազգային պատկերասրահում: Ցուցահանդեսից հետո որոշ նկարներ կնվիրեն «Թռչունյան տանը», իսկ մեծամասամբ` Հայոց ցեղասպանության թանգարանին: Ցեղասպանությունից որբացած հազարավոր հայ երեխաների այսպես տեր կանգնելուց հետո կգա՞ մի օր, որ ԱՄՆ նախագահն օգտագործի «գենոցիդ» բառը. Aravot.am –ի հարցին ի պատասխան ցուցահանադեսի կազմակերպիչներից մեկը` Նարեկ Հարությունյանը, ասաց, որ  ԱՄՆ դեսպանը պաշտոնապես ընդունում է, որ թուրքերը 1 ու կես միլիոն հայեր են ջարդել: Սակայն, ըստ մեր զրուցակցի, շատ ենք կենտրոնանում «ցեղասպանություն» բառի վրա, մինչդեռ այս ամբողջի նպատակը ամերիկացիների մարդասիրական գործունության, հումանիզմի վրա կենտրոնանալն է, ովքեր ցեղասպանությունից հետո որբերի ճակատագիր են փրկել:

Նշենք, որ «Թռչունյան տան» տնօրենը, դեսպանի պատվին հնչեցրած իր ելույթում, մանրամասնորեն ներկայցնելով Ալեքսանդրապոլի որբանոցների պատմությունը, նշում էր, որ թուրքերը դեռ  պիտի պատասխան տան հայոց ցեղասպանության համար:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anna says:

    Գորկու այգի չէ, էլի: Այգին Ստեփան Շահումյանի անունն է կրում: Այգին գտնվում է բլրակի վրա, ռուսերեն գորկա:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031