Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել թեստերի արտահոսք թույլ չտալու համար

Մայիս 31,2013 11:04

Առաջիկա միասնական քննությունների թեստերը տպագրված-պատրաստ են։ Դրանք արդեն բաշխվել են համապատասխան բանկի մասնաճյուղեր, որտեղ պետք է պահվեն մինչեւ քննությունների մեկնարկը, ապա եւ «Հայինկասացիայի» աշխատակիցների կողմից տեղափոխվեն քննական կենտրոններ։

Բայց ամեն մի միասնական քննությունից առաջ, որքան էլ պաշտոնապես վստահեցվում է, որ թեստերն ապահով ու անմատչելի պայմաններում են պահվում, որպես կանոն, հանրության շրջանում խոսվում է դրանց արտահոսքի մասին։ Պնդումներ են լինում, որ որոշ մարդիկ քննական թեստերի բովանդակությանը նախապես են ծանոթ եղել։

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանից հետաքրքրվեցինք՝ այս տարի ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել թեստերի արտահոսք թույլ չտալու համար։ «Ամեն դեպքում, ես չեմ հիշում վերջին տարիներին, որ մենք միասնական քննության հետ կապված արտահոսքեր ունեցել ենք։ Չի եղել նման բան։ Կարծում եմ՝ երբ էլ որ խոսվել է, հետո պարզվել է, որ դրանք պարզապես բամբասանքներ էին»,- ասաց Արա Իսպիրյանը։

Նշենք, որ միասնական քննությունները կմեկնարկեն արդեն վաղը։ Հունիսի մեկին նախատեսված առաջին քննությունը ռուսաց լեզու առարկայից է։ Դիմորդների դիմում-հայտերը բուհերում ընդունվելու են մինչեւ հունիսի 1-ը, այսինքն՝ այդ գործընթացը գրեթե ավարտված է։ Երեւանի պետական համալսարանի ընդունող հանձնաժողովի նախագահ Վաչագան Գալստյանը մեր զրույցում երեկ ներկայացրել է առկա պատկերը՝ նախորդ օրվա դրությամբ։

Ըստ այդմ, մայր բուհ է դիմել 3666 դիմորդ։ Այստեղ անվճար տեղերը 338-ն են, վճարովիները՝ 2870-ը։ Առավել թեժ մրցակցություն սպասվում է առաջին հայտով նշված հետեւյալ մասնագիտությունների դեպքում, ավանդաբար մեծ պահանջարկ վայելող իրավագիտության ֆակուլտետի դիմորդներն, օրինակ, 318-ն են, այն դեպքում, երբ տեղերի թիվն ընդամենը 130-նն է։ Խոսքը վճարովի համակարգում առկա տեղերի մասին է, որովհետեւ արդեն որերորդ տարին իրավագիտության ֆակուլտետում պետպատվերով՝ անվճար տեղեր չեն հատկացվում։

Լրագրության ֆակուլտետ դիմել է 128 դիմորդ։ Նրանք պետք է մրցակցեն 5 անվճար եւ 60 վճարովի տեղի համար։

Սերվիս մասնագիտության համար հայտ է ներկայացրել 146 դիմորդ։ Անվճար տեղերն այստեղ ընդամենը 2-ն են, վճարովին՝ 50-ը։

Պատմության ֆակուլտետում նույնպես բավականին մեծ մրցակցություն է սպասվում։ 8 անվճար եւ 65 վճարովի տեղերի համար պայքարելու է ԵՊՀ առնվազն 127 դիմորդ։ Հանրային կառավարում մասնագիտությունն առաջին հայտով ընտրել է 204 դիմորդ։ Այնինչ հատկացված է 3 անվճար եւ 65 վճարովի տեղ։

ԵՊՀ-ի՝ ընդունող հանձնաժողովի նախագահի փոխանցմամբ, դիմորդներին չեն հետաքրքրում բնագիտական մասնագիտությունները։ Քիմիայի ֆակուլտետում սովորելու համար, օրինակ, դիմել է 10 դիմորդ։ Սակայն հատկացված է 8 տեղ՝ անվճար համակարգում եւ 30 տեղ՝ վճարովիում։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031