«Առավոտը» ստացել է 2013 թ. հունիսի 1-ին, Վանաձորում տեղի ունեցած «Կանաչ ճանապարհ մանակապատանեկան ֆուտբոլին» նշանաբանով անցկացված հանրահավաքի կողմից ընդունված բաց նամակը՝ հասցեագրված Ռուբեն Հայրապետյանին:
Նամակը հրապարակում ենք՝ կրճատելով որոշ որակումներ Արթուր Սաքունցի հասցեին:
«Վանաձորի ֆոտբոլային հասարակայնությունը բարձր է գնահատում ՀՖՖ-ի և անձամբ Ձեր անուրանալի ավանդը հայկական ֆուտբոլի զարգացման գործում: Դրվատանքի է արժանի հատկապես այն փաստը, որ Հայաստանի ֆուտբոլի զարգացման ռազմավարության հիմքում դրված է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման հիմնարար սկզբունքը, որի արդյունքում վերջին տարիներին հայաստանյան ակումբային թիմերը և ազգային հավաքականները համալրվում են մանկապատանեկան ֆուտբոլի բովով անցած բարձրակարգ մարզիկներով: Ակնհայտ է, որ մեծ ֆուտբոլը սկսվում է մանկապատանեկան ֆուտբոլից:
Հայկական ֆուտբոլի զարգացման գործում բեկումնային նշանակություն կարող է ունենալ Երևանի Ավան թաղամասում կառուցված Հայաստանի ֆուտբոլի ակադեմիան, որն իր մարզական հագեցվածությամբ և հնարավորություններով լավագույններից է Եվրոպայում: Ֆուտբոլի դարբնոց հանդիսացող այդ մարզական կառույցի օրինակով այսօր համապատասխան ֆուտբոլային համալիր է կառուցվում նաև Գյումրիում:
Կարդացեք նաև
Մենք, վանաձորցիներս, մեծ ուրախություն ապրեցինք, երբ 2009 թ. ՀՖՖ գործկոմը որոշում ընդունեց մեր քաղաքում ֆուտբոլի զարգացման վերաբերյալ: Զանգվածային լրատվության միջոցները լայնորեն լուսաբանեցին ՀՖՖ նախագահի 2009 թ. ապրիլի 20-ի այցը Վանաձոր, որի ընթացքում տեղական իշխանությունների հետ ձեռք բերվեցին համապատասխան պայմանավորվածություններ Վանաձորում ֆուտբոլի զարգացման վերաբերյալ:
2010 թ. հոկտեմբերի 26-ին Վանաձորի ավագանին ընդունեց որոշում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային հողամասեր տրամադրելուն համաձայնություն տալու մասին, որի արդյունքում ՀՖՖ միջոցներով Վանաձորում պետք է կառուցվեր ժամանակակից ֆուտբոլային համալիր՝ իր բարձրակարգ խաղադաշտերով և ողջ ենթակառուցվածքներով, ինչպես նաև վերականգնվելու էր քաղաքային մարզադաշտը:
Վանաձորցի պատանի ֆուտբոլիստները, ֆուտբոլասերներն ու մարզաշխարհի ներկայացուցիչները մեծ ոգևորությամբ ընդունեցին մեր քաղաքում ֆուտբոլի զարգացման համար ՀՖՖ և անձամբ Ձեր գործադրած ջանքերը: Անցել է երեք տարի, բայց, ցավոք, վանաձորյան ֆուտբոլի զարգացմանն ուղղված ՀՖՖ ընդունած կարևորագույն որոշումը կյանքի չի կոչվել: Արդյունքում տասնյակ հազարավոր մանուկներ զրկվել են ժամանակակից բարձրակարգ մարզաբազաներում մարզվելու հնարավորությունից, ՀՖՖ-ն չի կարողացել մեր քաղաքի ֆուտբոլային տնտեսության մեջ ներդնել շուրջ 3 միլիոն ամերիկյան դոլար:
Այս ամենի մեղավորը այսպես կոչված «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակն ու նրա ղեկավար Սաքունցն է, որը 2010 թ. դեկտեմբերին դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Վանաձորում ֆուտբոլի զարգացմանը նպատակաուղղված Վանաձոր համայնքի ավագանու հայտնի որոշումը, որի հիման վրա ՀՖՖ-ն Վանաձորում պետք է իրականացներ հսկայածավալ աշխատանք: Սաքունցի անհիմն դատական պահանջներին ի պատասխան ՀՀ վարչական դատարանը 2012 թ. հուլիսի 13-ին մերժել է Սաքունցի հայցադիմումը: Սակայն, Սաքունցը մոլեռանդորեն շարունակել է Վանաձորում ֆուտբոլի զարգացմանը խոչընդոտող իր գործունեությունը և այս անգամ ՀՀ վարչական դատարանի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը ևս մերժվել է՝ 2012 թ. նոյեմբերի 29-ի ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշմամբ:
Թվում էր, թե այս ամենից հետո Սաքունցը պետք է սթափվեր և դադարեցներ իր անիմաստ պայքարը Վանաձորի ֆուտբոլի զարգացման և տասնյակ հազարավոր վանաձորցի պատանի ֆուտբոլիստների դեմ: Սակայն Սաքունցը ներկայացրել է դատական երրորդ բողոքը՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշման դեմ ներկայացնելով վճռաբեկ բողոք: ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 2013 թ. հունվարի 30-ին Սաքունցի այդ բողոքը նույնպես մերժվել և վերդարձվել է: Այսպես անփառունակ ձևով է ավարտել իրեն իրավապաշտպան հռչակած Սաքունցի հայտարարած պատերազմը վանաձորցի պատանի ֆուտբոլիստների դեմ:
Այժմ, երբ այլևս մեր գործողությունները չեն կարող ընկալվել որպես ընթացող դատական գործընթացների վրա ներազդելու փորձ, պայքարելու ենք, որ Սաքունցը հրապարակայնորեն ներողություն խնդրի վանաձորցի պատանի ֆուտբոլիստներից և ֆուտբոլասերներից, երեք տարի տևող դատական անիմաստ քաշքշուկ հրահրելու և Վանաձորում ֆուտբոլի զարգացմանը խոչընդոտելու համար:
Հարգելի պարոն Հայրապետյան, Ձեզ ենք դիմում բոլոր այն երեխաների անունից, ովքեր այս տարիներն անցկացրել են փողոցում՝ կանաչ խոտածածկից դուրս, Ձեզ ենք դիմում նաև բոլոր այն երեխաների անունից, ովքեր դեռևս կարող են օգտվել սպորտով, մասնավորապես ֆուտբոլով մարզվելու իրենց իրավունքից: Կոչ ենք անում Ձեզ ևս արհամարհել սաքունցներին և խնդրում՝ հնարավորինս արագ կյանքի կոչել Վանաձորում ֆուտբոլի զարգացմանը նպատակաուղղված Ձեր իսկ գլխավորությամբ կայացրած ՀՖՖ պատմական որոշումը»:


















































