Լրահոս
Օրվա լրահոսը

Թվային հեռարձակմանն անցնելու ժամկետը կառավարությունը երկարացրել է, բայց կարեւոր գործերը չի արել

Հունիս 24,2013 18:13

Վերգետնյա թվային հեռուստատեսային հեռարձակման անցնելու ժամկետը սահմանված էր 2015 թվականի հունվարի 1-ը, սակայն կառավարությունն այն երկարաձգեց 6 ամսով, այսինքն` Հայաստանը թվային հեռարձակման պետք է անցնի 2015 թվականի հուլիսի 1-ին: Թվային հեռուստատեսության անցումը եւ այդ համակարգի ներդրումն, այսպես ասած` հեշտ բան չէ, բացի այն, որ դրա համար հսկայական ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, նաեւ, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ասաց մեդիա փորձագետ, «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը, քաղաքական որոշում է անհրաժեշտ:

Արդյոք այդ 6 ամիսը բավարար ժամկետ է, քանի որ մինչ օրս թվային հեռարձակման անցնելու համար, կարելի է ասել, ոչինչ չի արվել: Աշոտ Մելիքյանի կարծիքով այդ 6 ամիսը օդի ու ջրի պես կարեւոր է. «Եթե նայում ենք այդ ժամանակացույցն ու իրականացրած աշխատանքները, ապա հետ են մնում այդ աշխատանքները: Գրեթե բան արված չէ, բացի տխրահռչակ հայեցակարգից, որը շատ խրթին է ու բարի ցանկությունների ձեւակերպումներ են ընդամենը: Եվ բացի 2010 թվականին օրենք ընդունելուց, որը պրակտիկ առումով, պետք է այդ ենթակառուցվածքները ստեղծեր թվային հեռարձակման, ամբողջ այդ համակարգի ստեղծման եւ կառավարման աշխատանքները պետք է արվեին, բայց ոչինչ արված չէ: Անցած տարի 6 ամիս տեւեց այն մրցույթը, որով պետք է ի հայտ գար այն կազմակերպությունը, որը պետք է կազմակերպեր այդ ենթակառուցվածքների ամբողջ համակարգի կառուցումն ու կառավարումը, բայց հաղթողներ չեղան»:

Հարցին, թե գուցե ֆինանսական խնդիրներն են պատճառը , որ մինչ օրս գրեթե ոչինչ չի արվել, պարոն Մելիքյանն ասաց, որ, դա իսկապես լուրջ ծախսեր են, բաց գործ չանելն այլ պատճառներ էլ ունեն. «Ուղղակի բյուրոկրատական դանդաղկոտության արդյունք է, տարբեր շահերի մրցակցության հարց է, դա նաեւ լուրջ գումարների հարց է, որը պետք է հայթայթվի, նաեւ քաղաքական որոշումներ կայացնելու հարց է: Մինչեւ հիմա պարզ չէ` լինելու են միայն մասնավո՞ր մուլտիպլեքսներ, թե միայն պետական, կամ երկո՞ւսն էլ: Երբ մրցույթն արդյունք չտվեց, կառավարության կուլիսներում խոսք գնաց, որ գուցե պետական մուլտիպլեքսներ պետք չեն, գուցե պետք է մասնավոր եւ դրանցով ամբողջ դաշտը կարգավորվեր եւ թվային հեռարձակումն ապահովեր, կամ երկուսն էլ պետք են, մենք, իհարկե, դեմ ենք միայն պետականին»:

Մեր կառավարությունը միջազգային պարտավորություններ է ստանձնել, որն անպայման պետք է անի, սակայն, ինչպես ասաց մեդիա փորձագետը, Հայաստանի հասարակությունն ամբողջովին տեղյակ էլ չէ, թե ի՞նչ է կատարվում այս ոլորտում, ինչպե՞ս են լուծվելու թվայնացման անցնելու խնդիրները. «Մասնավորապես սոցիալական անապահով խավերին ինչ սկզբունքով են տրամադրվելու այդ դեկոդերները` հատուկ սարքերը, այսօր հայտնի չէ, թե որ ցուցակով է այդ անապահով խավն ընտրվելու, հայտնի չէ, թե ով է ներկրելու դեկոդերները: Սրանք առայժմ լուծվելիք խնդիրներ են, բայց ինքը համակարգը, թվային հեռարձակման անցնելու, լուրջ տեխնիկական եւ կազմակերպչական խնդիր է, այդ անհաջող մրցույթից հետո ոչինչ չստացվեց ձեռնարկել: Հիմա մենք սպասում ենք թե ինչ քայլեր կձեռնարկվեն»:

Մեր այն հարցին էլ, եթե հանկարծ չհասցնենք ժամկետների մեջ պարտավորությունները կատարել, ապա որեւէ պատասխանատվության կենթարկվե՞նք, թե պարզապես կապուղիներ կկորցնենք, պարոն Մելիքյանն ասաց, որ գոյություն ունեն միջազգային սանկցիաներ, փաստորեն, մենք վերցրել ենք այդ պարտավորությունը եւ եթե չանցնենք, ապա մենք կխանգարենք նաեւ մեր հարեւաներին. «Եվ մեր սահմանամերձ գոտու բնակավայրերում չեն կարողանա հայկական հեռուստատեսությունն առանց որեւէ խոչընդոտի դիտել, իսկ մեր երկիրն էլ փոքր է, գրեթե բոլոր մարզերը սահմանամերձ են, դատապարտված ենք: Այսինքն, թվային հեռարձակման անցնելու գործընթացն անորոշության մեջ է, առայժմ միայն ժամկետն են տեղափոխել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930