Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյանը՝ Վինոկուրովին. «Հայաստանի տրանսպորտային շրջափակումը կվերանա, երբ լուծվի Ղարաբաղի հարցը»

Սեպտեմբեր 05,2013 18:31

«Հնարավոր է, որ գազի գինն իջնի, այսինքն` այն ինչ-որ հիմա կա դրանից երեւի չեն իջեցնի, իսկ ինչ վերաբերում է Հյուսիս-հարավ ավտոճանապարհին, ապա  թյուրիմացության մեջ են գցում ե’ւ ռուս ընթերցողներին ե’ւ մեզ, որովհետեւ բոլորը շատ լավ հասկանում են, որ Հայաստանի տրանսպորտային հնարավորությունները կարող են օգտագործել միայն այն ժամանակ, երբ որ Հայաստանում տրանսպորտային շրջափակումը վերանա, այսինքն` երբ որ Ղարաբաղի հարցին լուծում լինի»:

Aravot.am-ի խնդրանքով մեկնաբանելով, այսօր «ԱՌԿԱ» գործակալության հետ զրույցում Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովի կանխատեսումներն, ասաց «Հայ ազգային կոնգրեսի» տնտեսական եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատրյանը:

Եվգենի Վինոկուրովը, մասնավորապես, նշել էր, որ Մաքսային միություն մտնելու որոշումը թույլ կտա 30 %-ով նվազեցնել գազի գինը, Հայաստանին դուրս կբերի տրանսպորտային փակուղուց, մեր երկրի համար կապահովի բավական ճկուն եւ պաշտպանված շուկայի հասանելիություն` բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանքի իրականացման համար: Պարոն Խաչատրյանի մեկնաբանմամբ, այդ ամենը ոչ թե մասնագիտական գնահատականներ են, այլ` քաղաքական շահարկումներ. «Առավել եւս պարզ չէ, Մաքսային միությունն ի՞նչ է իրենից ներկայացնում, ինչ փաստաթղթեր են իրենցից ներկայացնում, ոչ ոք տեղյակ չէ: 2010 թվականից մինչեւ հիմա գնում է այդ գործընթացը, բայց վերջնականապես ձեւակերպված չէ, ինչ փաստաթղթեր պետք է փոխվեն Հայաստանում, օրենսդրական ի՞նչ նորմատիվային ակտեր պիտի ընդունվեն եւ այլն»:

Տնտեսագետ Խաչատրյանը գտնում է, որ. «Բայց ռիսկեր կան վատ իմաստով, որպես փոքր պետություն, որպես մենաշնորհների զարգացման հնարավորություն, այն ինչ-որ մեզ մոտ կա, Մաքսային միությունից հետո այդ հնարավորություններն ավելի  կմեծանան, մրցակցության հետ կապված խնդիրներ կառաջանան, առանց այն էլ մրցակցություն Հայաստանում չկար, էլի չի լինի: Խնդիրներ կարող են առաջանալ զուտ Հայաստանի ներքին շուկայի հեռանկարների առումով, որովհետեւ մեր արտադրանքը մրցունակ չէ դրսի շուկաների նկատմամբ, առավելեւս, եթե Մաքսային  միության մեջ ենք մտնում: Ինձ համար հստակ է, որ սա քաղաքական փաստաթուղթ է, ոչ թե տնտեսական»: Պարոն Խաչատրյանի համոզմամբ` «Վինոկուրովն ընդամենը ենթադրություններ է արել: Դա ուղղակի ձեւակերպումներ են տնտեսագիտական տերմինոլոգիա օգտագործելով: Այդ հնարավորությունը  դու ուրիշ երկրներում էլ կարող ես ունենալ: Եվրամիության ասոցացված համաձայնագրի կամ ազատ առեւտրի համաձայնագրի շրջանակներում էլ դու ստանալու էիր, դեռ մի բան էլ ավել, որովհետեւ այնտեղ ավելի մեծ շուկա է, ավելի են բարձր չափանիշները եւ մրցունակության եւ մրցակցության եւ տեխնոլոգիական առումով, եթե այդպիսի համեմատություն են ուզում անել»:

Պարոն Խաչատրյանը գտնում է, որ այստեղ ամենակարեւոր խնդիրը էներգակիրների` ավելի մատչելի գնելու հնարավորությունն է. «Դա շատ ռեալ է այսօր: Մենք դա մեր մաշկի վրա զգացինք, երբ հունիսի 1-ից գազի, էլեկտրոէներգիայի գները բարձրացան: Այն ինչ կատարվեց, պետք է համարել, որ դա գործող իշխանության հերթական ֆիասկոն է, մեծ-մեծ խոսելու հետեւանք է, երբ բոլորին պարզ է, որ պետք է լիներ այն, ինչ-որ եղավ»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30