«Դա անընդհատական պրոցեսի մեջ է, մինչեւ ՀՀ նախագահն այն ծրագրերը համատեղում է նաեւ ՌԴ-ի իրողությունը, քննարկումների մասնակցում է: Սենսացիաների մի սպասեք, շատ գործնական, աշխատանքային քննարկումներ են՝ կապված մեր հետագա պրոցեսների, առաջ գնալու հետ»,- սեպտեմբերի 3-ին մամուլի ասուլիսում հայտարարել էր ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը`պատասխանելով Սերժ Սարգսյանի`մոսկովյան այցին վերաբերվող հարցին:
Այդ հայտարարությունից մի քանի ժամ անց, բոլորի համար անակնկալ, Սերժ Սարգսյանը հայտարարեց իր համաձայնության մասին`Հայաստանի`Մաքսային միությանն անդամակցելու հարցում:
Հիշեցնենք, որ մինչ այդ պարոն նախագահը քանիցս հայտարարում էր Հայաստանի`ԵՄ-ին ինտեգրման առաջնահերթության մասին, ավելին, նախագահական ընտրություններին հաջորդած իր հայտնի մամուլի ասուլիսում հստակ հայտարարեց, որ Հայաստանին որեւէ մեկը չի ստիպում, որպեսզի մտնի Մաքսային միություն, ավելին, միության անդամները ոչ առաջարկել են, ոչ էլ սպասում են մեր երկրին այդ միության մեջ:
Կարդացեք նաև
Իր հայտարարությունների, ապա նախագահի կատարած քայլի շուրջ, Aravot.am և 7 or.am կայքերի լրագրողների եւ Գալուստ Սահակյանի երկխոսությունը ներկայացնում ենք առանց մեկնաբանությունների: Լրագրողները պարոն Սահակյանից հետաքրքրվեցին`հակասություններ չի՞ տեսնում այդ ամենում:
-Ոչ: Եվրասիական միության մասին խոսքն ուրիշ է, Մաքսային միության մասին`ուրիշ: Մի օր առաջ ես, այո, հայտարարեցի, որ սենսացիաներ չեն լինելու:
Aravot.am – Նախագահի քայլը անակնկալ չէ՞, սենսացիա չէ՞ր, դուք տեղյակ էի՞ք:
– Ոչ թե տեղյակ էի, այլ ամիսներ առաջ դա քննարկվել է մեզ մոտ:
Aravot.am– Ինչո՞ւ հրապարակայնորեն չի քննարկվել:
– Բայց ինչո՞ւ պիտի հրապարակայնորեն քննարկվեր:
7 or.am– Սերժ Սարգսյանը միանձնյա որոշո՞ւմ է կայացրել:
– Ոչ:
Aravot.am– Նախագահը հրավիրում էր, որ ոչ ոք մեզ Մաքսային միություն չի հրավիրել, չի պարտադրում, չի սպասում:
– Այո, ոչ ոք չի պարտադրել, չի հրավիրել, շատ ճիշտ է: Մենք ենք գնացել դրան: Լավ հետո կխոսեմ:
7 or.am- Պարոն Սահակյան, դուք ե՞ք խնդրել, որ մտնենք Մաքսային միություն:
-Չենք խնդրել:
7or.am- Սերժ Սարգսյանն ո՞ւմ է տեղյակ պահել, որ պիտի միանանք Մաքսային միություն:
– Բայց ինչի՞ պիտի տեղյակ պահեր: Սերժ Սարգսյանն իր լիազորություններն ունի, որպես նախագահ եւ ոչ մի պայմանագիր չի ստորագրվել, երբ տեքստը կգա ԱԺ կքննարկենք: Որեւէ համաձայնագիր չի ստորագրվել, սա հռչակագիր է:
7 or.am– Սերժ Սարգսյանը միանձնյա որոշո՞ւմ է կայացրել:
– Ոչ: Երկար ժամանակ, բայց ինչի՞, պիտի գար ձե՞զ տեղյակ պահեր:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































