Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Նիկոյանի արձագանքը Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» և «Բարև Երևան» խմբակցությունների հայտարարություններին

Սեպտեմբեր 19,2013 21:28

Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման մեխանիզմների քննարկման, ինչպես նաև խնդրի առնչությամբ քաղաքացիական հասարակությանը հուզող հարցերի վերաբերյալ համակողմանի և լիարժեք տեղեկատվություն տրամադրելու նպատակով ստեղծվող հանձնաժողովում Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» և «Բարև Երևան» խմբակցությունների կողմից թեկնածություն չներկայացնելու և աշխատանքներին մասնակցելուց հրաժարվելու փաստը առաջացնում է ափսոսանք և տարակուսանք այն պարագայում, երբ նրանց ներկայացուցիչները տևական ժամանակ նկատելի անհանգստություն էին ցուցաբերում հանձնաժողովի ձևավորման գործընթացի կապակցությամբ։

Նախ զարմանալի է, որ Երևանի ավագանու վերը նշված խմբակցությունները հրաժարվում են մասնակից լինել մի հանձնաժողովի աշխատանքներին, որը նպատակ ունի ապահովել թափանցիկ գործունեություն և որի ընթացքում նախատեսվում է ուսումնասիրել ու ընտրել այն չափորոշիչները, որոնք արտահայտում են մեր հասարակության ակնկալիքները հասարակական տրանսպորտի սպասարկման որակի և բնակչության անվտանգության հետ կապված, և այդ չափորոշիչների շրջանակում էլ քննարկել ուղևորափոխադրումների վարձի ձևավորման հաշվարկները։ Բացի այդ, ուսումնասիրել նաև արտոնությունների համակարգի ներդրման հնարավորությունները և դրա հնարավոր ազդեցությունը սակագնի ձևավորման վրա՝ արդյունքում ներկայացնելով համապատասխան առաջարկություններ։

Այս պարագայում Երևանի ավագանին ներկայացնող երեք խմբակցություններից երկուսի հրաժարվելը հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելուց, կամա թե ակամա, ենթադրում է պատասխանատվությունից խուսափելու պարզ քաղաքականություն, որը միգուցե իր ենթատեքստում թվացյալ դիվիդենտների ակնկալիք ունի, ինչը սակայն կոնկրետ խնդրի լուծման և բնակչությանը հուզող հարցի թափանցիկ քննարկմանը որևէ կերպ չի կարող օժանդակել։

Հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու վերաբերյալ ներկայացված հիմնավորումները էլ ավելի տարակուսանք են առաջացնում, քանի որ դրանք որևէ կերպ չեն առնչվում հանձնաժողովի ձևավորման նպատակներին և առաքելությանը։

Միաժամանակ արձանագրենք, որ Երևանի քաղաքապետարանը՝ իր հայտարարությամբ, հանձնաժողովի աշխատանքներին հրավիրել է մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձանց, և որևէ քանակային սահմանափակում կամ չափորոշիչ չի դրել, որով էլ փորձել է առավել թափանցիկ դարձնել մասնակցության մեխանիզմը։

Իհարկե, ցանկալի կլիներ խմբակցություններում ընդգրկված ավագանու անդամների մարդասիրական և մասնագիտական կարողությունները օգտագործել ոչ թե տվյալ հանձնաժողովի աշխատանքներին հետևելու, այլ գործնական մասնակցություն ունենալու համար, սակայն մասնակցելու ձևաչափի որոշման ընդունումը խմբակցությունների իրավունքն է, և մեզ մնում է միայն հայտնել մեր անկեղծ զարմանքն ու ափսոսանքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30