Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեռք ձեռքի՝ հաշմանդամների հետ

Հոկտեմբեր 10,2013 17:19 Share

Parvanyan_5 Parvanyan_3 Parvanyan_2 Parvanyan_1 Parvanyan_6

Լրագրողի համար դժվար է բառ ավելացնել, երբ գույնը, շունչն ու մթնոլորտը պատկերավոր է: Հոկտեմբերի 5-ից 10-ը «Նարեկացի արվեստի միությունում» կայացավ Կարինե Փարվանյանի մատիտով գունանկարների ցուցահանդեսը, որը կրում էր «ՁԵՌՔ ՁԵՌՔԻ` ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ»  խորագիրը: Ցուցահանդեսը նվիրված էր հեղինակի ծնողներին, այն կազմակերպել էր Ֆլորենցիայում բնակվող մեր հանրաճանաչ հայրենակից, քանդակագործ Վիգեն Ավետիսը:

Կարինեն ի ծնե զրկված է խոսելու և լսելու ունակությունից: Տարիներ առաջ ծնվեցին երկվորյակ քույրեր, որոնցից մեկը՝ մահացած, մյուսը ողջ: Սակայն, ի սկզբանե ծնողներին թվացել է, որ երկուսն էլ մահացել են: Միայն հետո պատահաբար նկատել են, որ երկրորդ երեխան ապրում է: Այդ ողջ մնացած նորածինը՝ մեր հերոսուհին է, իր ուրույն աշխարհայացքով, խորը և բարի Կարինեն:

Կարինե Փարվանյանի աշխատանքների ցուցահանդեսի բացմանը ներկա էին նրա մտերիմները, հարազատ Աշտարակ քաղաքի քաղաքապետը, «Նարեկացի արվեստի միության» նախագահը, մաեստրո Տիգրան Մանսուրյանը, բազմաթիվ արվեստասերներ:

Իր ելույթում «Նարեկացի արվեստի միության» նախագահ Նարեկ Հարթունյանը նշեց, որ մեծ պատիվ է սեփական հարկի ներքո անցկացնել այս ցուցահանդեսը և, որ Կարինեի գործերը աշխարհը ավելի բարի դարձնելու փորձ է: Նա պատմեց, թե ինչպիսի մանկական խանդավառությամբ է Վիգեն Ավետիսը իրեն առաջարկել կազմակերպել այս ամենը: Այնուհետ Կարինե Փարվանյանին հանձնվեցին երեք խորհրդանշական նվերներ «Նարեկացի արվեստի միության» կողմից:

Միջոցառման կազմակերպիչ Վիգեն Ավետիսը շնորհակալություն հայտնեց բոլորին ներկայության համար: Նա շեշտեց այն հանգամանքը, որ շատ կարևոր է մարդու մեջ նկատել աննկատելին և բարի հատկանիշները: Վիգենի համար նույնպես մեծ բացահայտում էր, երբ առաջին անգամ տեսավ Կարինեի նկարները և նկատեց տաղանդը: Նրանք միասին մեծացել են Աշտարակում, Ավետիսը ճանաչել է Կարինե Փարվանյանի ծնողներին: Վիգեն Ավետիսն անսահման ուրախ է, որ մեր կողքին կա Կարինեն իր տեսակով:

լորեցիայում ապրող Վիգեն Ավետիսը հավելեց, որ շատ վախենում էր չհասցնել միջոցառման կազմակերպումը: Հայտնի քանդակագործը ամեն տարի գալիս է Երևան, սակայն ամեն անգամ տարբեր պատճառներով այս գործը ձգձգվում էր: Մի օր էլ Կարինեն հիվանդացավ և բոլորը շատ վատատեսական էին տրամադրված: Փառք Աստծո, որ նա առողջացավ և Վիգեն Ավետիսը հաստատակամ որոշեց այլևս չհետաձգել և արագ ձեռնամուխ եղավ ցուցահանդեսի կազմակերպմանը:

«Նարեկացի արվեստի միության» մեծ բարեկամ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, որը միությունն անվանում է «Հոգևոր տուն» շնորհակալություն հայտնեց Նարեկ Հարթունյանին ամեն անգամ հետաքրքիր հանդիպումների համար: Մաեստրոն իր գոհունակությունը հայտնեց նաև Վիգեն Ավետիս ու Կարինեին մաղթեց առողջություն և ստեղծագործական մեծ վերելքներ:

Ելույթների շարքում էին արվեստագետ Մարտին Պետրոսյանի և Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանի խոսքերը:

Սա միջոցառման այսպես ասած «արարողակարգային» մասն էր: Դրան հաջորդեցին նաև հետաքրքիր շփումները:

Ոչ պաշտոնական հատվածում առավել տպավորիչ էին արվեստաբան Վահրամ Թաթիկյանի հանպատրաստից և սրտաբուխ կատարումները՝ կիթառի ուղեկցությամբ: Սա իսկական նվեր էր իր նկարներով բոլորիս մեծ նվեր պարգևած Կարինե Փարվանյանին:

  ԼԵՎՈՆ ՓԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031