ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն հայտարարել էր, թե «Հայաստանը, եթե գնա Եվրամիության հետ մերձեցման ճանապարհով, կգնա դեպի դժոխք»:
Aravot.am-ը «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանից հետաքրքրվեց` իրո՞ք Եվրոպայի ուղին դժոխքի ուղի է դառնալու, Մաքսային միության անդամակցումն էլ Հայաստանի առաջ բացելու է դրախտի դռները: Պարոն Մեհրաբ յանը պատասխանեց. «Դա ռուս պաշտոնյաների կամ նախկին պաշտոնյաների հերթական անտակտությունն է Հայաստանի նկատմամբ: Նույնիսկ չեմ վերցնում բովանդակային կողմը այն պարզ պատճառով, որ դա ինքնին անհեթեթություն ու հիմարություն էր»:
Վերլուծելով ռուս նախկին պաշտոնյայի արտահայտած միտքը` պարոն Մեհրաբյանն ասաց. «Ըստ նրա` այդ դժոխքի մեջ ևս 28 երկիր է գտնվում: Գոնե դրա համար սա կարելի է անվանել հիմարություն: Բայց այն, թե ինչ ձևով դա հրամցվեց և ինչ բառագործիք օգտագործվեց, դա հերթական դրսևորումն է այն բանի, որ Հայաստանը` որպես պետություն, կոպեկի արժեք չունի Ռուսաստանի քաղաքական վերնախավի համար: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ է նշանակում հայ-ռուսական այսպես կոչված ռազմավարական դաշինք և ցույց է տալիս, թե քանի կոպեկի արժեք ունի ՀՀ-ն Ռուսաստանի համար: ՀՀ անվտանգության երաշխավորը ոչ թե Ռուսաստանն է, այլ ՀՀ անվտանգության, պետականության թիվ մեկ սպառնալիքն է Ռուսաստանը»:
Մեր այն դիտարկմանը` հնարավո՞ր է, որ այդ տեսակետը համաձայնեցված լինի ՌԴ քաղաքական վերնախավի հետ, պարոն Մեհրաբյանն այսպես արձագանքեց. «Համաձայնեցված, թե ոչ, դա երևի ինքը Կովալենկոն կիմանա: Բայց այն, որ դա ռուսական քաղաքական ղեկավարության մեջ դա գերիշխող մոտեցում է, ես այստեղ կասկած չունեմ: Չգիտեմ դրախտը ինչ կլինի, բայց իրենց պատկերացմամբ դրախտն այն է, երբ Կրեմլը նստում է հարևանների պարանոցին, մնացած այլ տարբերակներին տրված է դժոխքի կարգավիճակ»:
Պարոն Մեհրաբյանի կարծիքով այս ամենից այսպիսի հետևություն պիտի անել. «Հայաստանի հանրությունը պիտի իր մեջ ուժ գտնի այս հայ-ռուսական դաշինք կոչվող ծանր կշռաքարը, որ կախել են հայ ժողովրդի վզին, թոթափի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































