Բաց նամակ ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, ոստիկանապետին, ԱԺ խմբակցությունների ղեկավարներին , մարդու իրավունքների պաշտպանին
Հարգելի պարոն նախագահ
Հանգամանքների բերումով դիմում եմ Ձեզ արդեն երկրորդ անգամ:
Ս.թ. ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավարի վարչական շենքի դիմաց սպանվեց համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանը: Հանցագործությունը մինչ օրս բացահայտված չէ:
Կարդացեք նաև
Նույն օրը նշված հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է որդիս՝ Արայիկ Պետրոսյանը, ով շուրջ ութ ամիս է, ինչ գտնվում է անազատության մեջ:
Իսկապես անհասկանալի է նախաքննություն իրականացնող մարմնի որդեգրած վարքագիծը հանցագործության բացահայտման գործում, քանի որ որևէ էական տեղաշարժ այս ժամանակահատվածում չի նկատվում իրականությունը պարզելու գործում:
Արդեն հինգ անգամ, հանիրավի, առանց որևէ իրական հիմքի, նախաքննություն իրականացնող մարմինը կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն հարուցելու մասին որոշում է ընդունել, իսկ դատարանն, առանց որևէ ողջամիտ հիմնավորման, բավարարել է այն:
Նույն ձեռագիրը շարունակվում է: Քննիչի կողմից կրկին անգամ ներկայացվել է միջնորդություն՝ որդուս կալանքի ժամկետը երկարացնելու համար:
Նախաքննություն իրականացնող մարմնի համար, վստահ եմ, բավարար էր ութ ամիսը, որպեսզի նա կարողանար հերքել կամ հաստատել որդուս առնչությունը կատարված հանցագործությանը, և հաշվի առնելով, որ մինչ օրս այդ առումով որևէ ապացուցողական նշանակալի փաստ ձեռք չի բերվել, ուստի, իմ խորին համոզմամբ, սպառվել են այսուհետ որևէ ապացույց ձեռք բերելու հավանականությունը:
Այս ամիսների ընթացքում իմ ընտանիքը հայտնվել է անելանելի ծանր դրության մեջ, հոգեբանական վատթար վիճակն ուղղակիորեն ազդում է որդուս անչափահաս երեխաների վրա:
Ես որպես ՀՀ քաղաքացի, որպես Պռոշյան համայնքի բնակիչ, առավել քան շահագրգիռ եմ, որ օր առաջ բացահայտվի կատարված հանցագործությունը, և բոլոր մեղավորները ենթարկվեն քրեական պատասխանատվության:
Սակայն գնալով համոզվում եմ, որ իրավապահ մարմինները հայտնվել են հարկադիր պարապուրդում և որևէ քայլ չեն ձեռնարկում իրականությունը բացահայտելու համար:
Արդյունքում՝ որդիս ապօրինաբար գտնվում է անազատության մեջ:
Հարգելի պարոն նախագահ
Ես իմ բողոքի ձայնն եմ բարձրացնում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, գտնում եմ, որ այն, ինչ կատարվում է իմ ընտանիքի նկատմամբ, մեղմ ասած, արդարացի չէ:
Նկատի ունենալով, որ մինչ օրս որդիս ապօրինաբար պահվում է անազատության մեջ, և նախաքննություն իրականացնող մարմինը իրականությունը բացահայտելու փոխարեն, մատնված է անգործության, և ընդամենը զբաղված է տառացիորեն նույն անհիմն պատճառաբանություններով ու դեկլարատիվ բնույթ կրող հիմնավորումներով միջնորդություններ հարուցել դատարան՝ որդուս կալանքի ժամկետը երկարացնելու համար, արդարության հասնելու ակնկալիքով՝ կրկին անգամ դիմում եմ Ձեզ՝ խնդրելով համապատասխան ցուցումներ տալ իրավասու մարմիններին հնարավորինս սեղմ ժամկետում ձեռնարկելու կոնկրետ քայլեր՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու և որդուս ազատ արձակելու համար:
Միաժամանակ, նամակիս բոլոր հասցեատերերին խնդրում եմ իրենց իրավասությունների շրջանակում ցուցաբերել անհրաժեշտ հետևողականություն՝ սույն գործով օրինականության և արդարության հաստատման համար:
ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի բնակիչ, Ա. Պետրոսյանի հայր Արշալույս Պետրոսյան


















































