Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Ասատրյան. «Կրթությունը արտադրանք չէ, ուսանողները սպառողներ չեն, բուհերը գործարաններ չեն»

Նոյեմբեր 20,2013 16:25

  Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան, որը Եվրոպական ուսանողական միության լիիրավ անդամ է, մեկ տարվա ընթացքում ուսումնասիրել և բացահայտել է ուսանողներին հուզող մի շարք խնդիրներ:

Հայաստանի ողջ տարածքում կրթական վարձավճարները շարունակում են մնալ կրթությունը խոչընդոտող ամենաէական հանգամանքներից: Այս մասին այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի փոխնախագահ Սարգիս Ասատրյանը:

«Կրթությունը արտադրանք չէ, ուսանողները սպառողներ չեն, բուհերը գործարաններ չեն: Մենք պետք է պահանջենք հանրային քննարկում՝ նշելով, որ կրթությունը նախատեսված է որպես հանրային բարիք, այլ ոչ թե որպես մասնավոր շահույթ»,- ասաց փոխնախագահը:

Միջնորդությունները, հովանավորչությունը, կաշառակերությունը ևս շարունակում են ուսանողների համար մնալ ոլորտի կարևորագույն հիմնախնդիրներից: «Հայաստանում կրթության համակարգի զարգացումը կասեցնող գործոններից մեկն այդ համակարգի կոռումպացվածությունն է: Այն առկա է և´ կրթական հաստատություններում, և´ գերատեսչական համակարգում»,- ասում է Ս. Ասատրյանը:

Նա նաև լուրջ խնդիր համարեց այն, որ այսօր կառավարությունը միտված է ուսանողների համար հատկապես կրթական համակարգում դիմել վարկային համակարգին՝ դրամաշնորհային համակարգին դիմելու փոխարեն: «Վարկերը չեն նպաստում ավելի մատչելի կրթության, խոչընդոտում են ուսանողների մուտքը կրթություն՝ մի կողմ թողնելով ցածր սոցիալ-տնտեսական ծագմամբ ուսանողներին, և ավելացնում են ուսումն ավարտած ուսանողների ֆինանսական բեռը»,- նկատեց Սարգիս Ասատրյանը:

Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի կողմից իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մասնավոր բուհերում, ի տարբերություն պետական բուհերի, ուսանողներն ավելի քիչ են մասնակցում բուհերի կառավարման և որոշումների կայացման գործընթացներին, մինչդեռ նրանց մասնակցությունն անհրաժեշտ է:

Բանախոսն անդրադարձավ նաև հաշմանդամ ուսանողների խնդիրներին. «Թեև հաշմանդամություն ունեցող որոշ խմբերի հնարավորություն տրվում է հատուկ պայմաններով ընդունվել բուհեր, սակայն տեխնիկական և բովանդակային առումով բուհերը պետք է հարմարեցվեն նաև հասարակության այս խմբին ծառայելու համար: Անհրաժեշտ է բուհերի վարչակազմերի կողմից ֆինանսական հատուկ միջոցների հատկացումներ՝ բուհի տարածքներն առավել հարմարավետ և հասանելի դարձնելու համար»:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խոցելի խմբեր են նաև սփյուռքահայերը: Ճիշտ է, բուհ ընդունվելիս սփյուռքահայ ուսանողներին տրվում են մի շարք առավելություններ (հարցազրույցով ընդունվելու հնարավորություն, նախապատրաստական կուրսեր և այլն), սակայն նրանք ՀՀ բարձրագույն կրթահամակարգում սովորելու հետ կապված բազմաթիվ խնդիրներ ունեն, ինչպես, օրինակ, վարձավճարների անհավասարությունը՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող ուսանողների վարձավճարների հետ համեմատած, կացարանների բացակայությունը կամ թանկարժեքությունը և այլն: «Սփյուռքահայերի համար մենք Հայաստանը պետք է դարձնենք ոչ միայն դասընթացների վայր, այլև վերջնականապես հանգրվանելու և սոցիալապես ու հոգեպես ինտեգրվելու նպատակ»,- համոզված է Ս. Ասատրյանը:

Կարևորագույն խնդիրներից է և այն, որ ուսանողները հաճախ վախենում են արտահայտել իրենց բացասական անձնական կարծիքը, քանի որ ենթարկվում են ճնշումների այս կամ այն մարմինների կամ բուհերի վարչակազմերի կողմից: «Ուսանողները պետք է իրավունք ունենան կազմակերպելու հավաքներ, ցույցեր, բողոքի այլ ակցիաներ՝ արտահայտելու իրենց կարծիքը ինչպես հաստատությունում, այնպես էլ դրա սահմաններից դուրս՝ չենթարկվելով որևէ պատժամիջոցի»,- ասաց բանախոսը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930