Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ պատրաստ ես հոգիդ վաճառել… Օրինապաշտի անկյուն

Դեկտեմբեր 11,2013 13:59

Վերջերս զարմանքով տեղեկացա, որ որոշ վտանգավոր փողոցներում, հատկապես դպրոցների մոտ տեղադրված արագաչափերից, որոնք ֆիքսում են վաղուց արդեն այդ տարածքում պահանջվող 40 կմ/ժամ արագությունը, որոշ մարդիկ այնքան են նյարդայնանում, որ ինչ-ինչ ճանապարհներով հասնում են նրան, որ այդ տարածքներում տեղադրված արագությունը սահմանափակող 40 կմ/ժամ արագությունը «հանկարծակի» դառնում է 60 կմ/ժամ, այսինքն՝ երթեւեկելի 70 կմ/ժամ, եւ արագաչափերն էլ ուզած-չուզած սահմանվում են նույն արագությունը չափելու համար:

Խոսքը, մասնավորապես, Կիեւյան, Օրբելի, Ռուբինյանց, Ծերեթելի-Արտաշիսյան փողոցների մասին է:

Ի՞նչ է ստացվում: Որոշ «լավ ձաձաներ», որոնք չեն կարողանում իրենց պաշտոնի կամ փողի շնորհիվ հասնել նրան, որ արագաչափերն իրենց խախտումները չֆիքսեն (մեր հավաստի տեղեկություններով՝ ֆիքսվում են բոլորի խախտումները, այդ թվում՝ ՃՈ պետի եւ նրա ընտանիքի, ՀՀ նախագահի հարազատների եւ նրանց ընտանիքների, բոլոր մեծ ու փոքր պաշտոնյաների խախտումները), կարողանում են ինչ-ինչ ճանապարհներով հասնել նրան, որ բարձրացվեն թույլատրելի արագությունները: Արդյունքում՝ վթարներ, վրաերթեր եւ մեր երեխաների անվտանգության երաշխիքների նվազում:

Այդ «լավ ձաձաները» եւ նրանց ավելի «լավ բալաները» իրենց կարող են թույլ տալ խախտել ոչ միայն երթեւեկության կանոնները ամեն օր եւ ամեն օր ուղղակի տուգանքը մուծել ու շարունակել նույն ձեւով՝ ստեղծելով վթարավտանգ իրավիճակներ, նրանք նաեւ շատ ավելին կարող են թույլ տալ՝ ընդհուպ մինչեւ սպանություն: Բոլորիս աչքի առաջ կան ակնառու օրինակներ՝ կրկնվելու եւ հիշեցնելու կարիք չկա:
Սակայն եթե դատախազները եւ դատավորները կարող են պարել նրանց դուդուկի տակ եւ աչք փակել հանցագործությունների վրա, մետաղե սարքերը չեն կարող: Վստահաբար, եթե բարձրացվեին խախտումների համար սահմանված վճարները, ավելին՝ երկրորդ, երրորդ, չորրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ խախտման համար գումարները բազմապատկվեին՝ նրանք իրենց զսպելու մասին գոնե կմտածեին:

Չեմ կարծում, որ շարքային վարորդները, ովքեր ամեն ինչ անում են՝ չխախտելու եւ ճիշտ քշելու համար, տուժեին դրանից: Բայց գոնե չարամիտ խախտողները մի փոքր կսթափվեն:
Թեեւ՝ դա էլ հաստատ չէ: Որովհետեւ կան տեղեկություններ, որ մի շարք այդպիսի «լավ ձաձաներ» ունեն իրենց մարդկանց՝ իրավապահ համակարգում, որոնք «պարտավորված» են մուծել այդ ձաձաների տուգանքները: Իբր՝ «ոնց գրել եք՝ տենց էլ կմուծեք, եղա՞վ, արա՛…»: Ու քանի որ չգրել չեն կարող՝ համակարգը թույլ չի տալիս, նրանք էլ ուզած-չուզած իրենք են ենթարկվում այդ «ռեկետին»:

Իսկ ի՞նչ ասել հասարակության այն անդամների մասին, ովքեր օրինակ պետք է հանդիսանան երիտասարդներին, երեխաներին, քանի որ նրանք «աստղ» են… Եվ փոխանակ նրանք իրենց օրինակով ցույց տան, որ չեն խախտում, խախտելու դեպքում էլ իրենց վատ են զգում՝ հպարտ-հպարտ այստեղ-այնտեղ պատմում են, թե՝ հին ժամանակներում լավ էր, ոստիկանները մեզ ճանաչում էին, խախտումները հեչ էին անում, իսկ հիմա թղթերը եկել են խախտման, մի քանի հարյուր հազարի խախտումներ ունենք եւ հովանավոր ենք ման գալիս մուծելու համար…
Ի՞նչ ասենք նրանց մասին, ովքեր իրենց թույլ են տալիս դժգոհել, թե ինչո՞ւ է Սեւան-Երեւան մայրուղու վրա՝ չարաբաստիկ «Չայնիի ոլորաններում» արագությունը սահմանափակող արագաչափ դրվել, եւ անգամ հրապարակայնորեն ասում են՝ ինչո՞ւ եք մեր արագությունը սահմանափակում, չեն կարողանում քշել՝ թող ընկնեն ձորը… Հոգու վաճառքն էլ ինչպե՞ս է լինում:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031