«Ձերբակալություններն այսօր էլ շարունակվում են։ Մինչ այս պահն արդեն 13 հոգի ձերբակալվել է։ Իհարկե, մենք սպասում էինք, որ այդ գործողությունները շարունակվելու էին։ Իրենց ձեռագրին բնորող է, ընտրություններից մի քանի օր առաջ իրենց հավատարիմ գործելաոճն ունեն։ Դեռ գործընթացները շարունակվում են․ հստակ թիվ ասել չեմ կարող»,-Ստեփանավանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը։
Ըստ նրա՝ համատարած ձերբակալությունները վկայում են այն մասին, որ «իշխանությունները վախենում էին, գիտեին, որ «Ուժեղ Հայաստանը» մեծ շանսեր ունի Ստեփանավանում, և ինչպես ես հաճախ եմ նշում՝ իրենք շատ լավ տարբերակ են գտել՝ ձերբակալում են բոլոր պատասխանատուներին, ներկայացուցիչներին, թիմակիցներին, առաջին համարի թեկնածուին, հետո մի փոքր վարչական ռեսուրս են կիրառում ընտրությունների օրը, ապա ընտրություններից մեկ օր հետո չակերտավոր ժողովրդավարական հաղթանակի մասին են հայտարարում։ Թերևս լավ կողմն այս ամենի այն է, որ ոչ միայն մենք ենք սկսել այս մասին խոսել, այլև ԵԽԽՎ-ում մարդիկ, որոնք Փաշինյանին դեղին քարտ էին ցույց տալիս, հիմա կարմիր քարտ են ցույց տալիս զեկույցի մակարդակով՝ ասելով, որ այսպես չի կարող լինել»։
Հարցին՝ այսօրվա ձերբակալությունները մոտավոր ի՞նչ թիվ են կազմում, Լենա Մաթևոսյանը պատասխանեց․ «Մոտ 10 հոգու մասին է խոսքը՝ հիմնականում վստահված անձինք։ Բնականաբար, իրենք գիտեն․ այն մարդկանց են ձերբակալում, որոնք ընտրությունների օրը կարևոր դեր էին կատարելու, գիտեն՝ ում թիրախավորել, ում ձերբակալել, որ կարողանան գործընթացին վնասել։ Իրենք էին ասում՝ մենք արդարության, ժողովրդավարության, հավասարության կողմնակիցն ենք, եթե իրոք այդպես էր, պետք է թողնեին, որ առողջ մրցակցություն տեղի ունենար, իսկ մենք այսօր ականատես ենք ճիշտ հակառակին»։
Կարդացեք նաև
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցները Ստեփանավանից ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































