Լրահոս
Օրվա լրահոսը

Օդային հաղորդակցության ոլորտի ազատականացման նոր փուլը

Դեկտեմբեր 12,2013 12:27 Share

            Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

            Օդային փոխադրումների ազատականացման ու բաց երկնքի քաղաքականության ներդրմանն ուղղված միջոցառումներն ապահովելու բնագավառում ՀՀ կառավարությունը իրավասություններ է վերապահել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը: Որոշմամբ սահմանվել է, որ ՀՀ կառավարության և օտարերկրյա պետությունների կառավարությունների միջև օդային հաղորդակցության ոլորտում կնքված միջազգային պայմանագրերում փոփոխություն և լրացում կատարելու, ինչպես նաև միջազգային նոր երկկողմ պայմանագիր կնքելու վերաբերյալ բանակցություն վարելու, պայմանագրի  տեքստը մյուս կողմի հետ  փոխհամաձայնեցնելու գործառույթներն իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը` ներգրավելով ՀՀ ԿԱ  քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը: Արդեն իսկ կնքված կամ կնքվելիք միջկառավարական համաձայնագրերը վերանայվելու են սահմանափակումների վերացման իմաստով, ինչը դրական ազդեցություն կունենա տնտեսության, աշխատատեղերի ստեղծման, ուղևորների քանակի աճի և ավիափոխադրումների սակագնի իջեցման վրա:

  

Իրականացվում է երկարատև սեյսմիկ մոնիթորինգ

  

            ՀՀ կառավարությունը թույլատրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից  ՀՀ տարածքի երկրակեղևի տեղաշարժի մոնիթորինգ իրականացնելու նպատակով ԱՄՆ-ից ներմուծված երկրաֆիզիկական ցնցումների ընդունիչ սարքի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը  երկարաձգել մինչև 2016թ. նոյեմբերի 28-ը: 2008 թվականին ներմուծված  սարքը նախատեսված է երկրադինամիկական գիտահետազոտական աշխատանք կատարելու համար: Հաշվի  առնելով, որ երկրաֆիզիկական երևույթները դանդաղ են ընթանում, անհրաժեշտ է իրականացնել տևական դիտարկումներ, որոնց ընթացքում հավաքված տվյալներն օգտագործվում են սեյսմիկ վտանգի գնահատման համար:

            Գործադիրն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց համաձայն հակակարկտային կայանքների տեղադրման արժեքը  զգալիորեն նվազել է` հնարավորություն տալով  50-ի փոխարեն ձեռք  բերել 80 կայանք: Դրանցով լրացվելու են Արմավիրի մարզի առաջին պաշտպանական գոտու թույլ օղակները և ստեղծվելու է երկրորդ պաշտպանական գոտին: Բացի այդ, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքում այլ մարմինների կողմից տեղադրված հակակարկտային կայանքները  համապատասխանացվելու են Հայաստանում գործող և կիրառվող մթնոլորտային միասնական համակարգին` «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատանքային սկզբունքների համաձայն: Լրացում և փոփոխություններ կատարելով իր նախկին որոշումներից երեքում, կառավարությունը պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության արտոնագրման գործառույթը վերապահել է  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի հավաստագրման և արտոնագրման գործակալությանը: Հարակից արտոնագրման ընթացակարգերը և համապատասխան վերահսկողությունը նույնպես կիրականացվեն ՀՀ ԱԻՆ-ի կողմից, ինչը կնպաստի գործարար միջավայրի բարելավմանը և քաղաքացիներին մեկ պատուհանի սկզբունքով ծառայություն մատուցելու` ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության իրագործմանը:

            ՀՀ 2013թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում գործադիրը կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք թույլ կտան ՀՀ օրենսդրությանը համապատասխան իրականացնել «Անապատացման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի 10-ամյա ռազմավարական, Ազգային կենսաբազմազանության ռազմավարության և գործողությունների և հանքարդյունաբերության ոլորտի բնապահպանական ու սոցիալական  կանոնակարգման ծրագրերը:

 

Կզարգանա պետական պարտատոմսերի առաջնային շուկան

 

             Կառավարության նախկին որոշումներից մեկում կատարված լրացումների նպատակն է զարգացնել պետական պարտատոմսերի առաջնային շուկան, ինչը բխում է ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2014-2016թթ. ռազմավարական ծրագրից: Մասնավորապես հետաձգվել է գործարքի իրականացման օրը, ինչը շուկայի մասնակիցներին հնարավորություն կտա առավել արդյունավետ օգտագործել իրենց դրամական միջոցները, ինչպես նաև կնպաստի պարտատոմսերի պահանջարկի աճին: (T+n) սկզբունքով գործարքները «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի Ջենիում ԱՅՆԵԹ առևտրային համակարգի միջոցով կիրականացվեն 2014թ. ընթացքում:

            Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացումներ, որոնցով սահմանվում է, որ պետական մարմինները մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ՀՀ ֆինանսների նախարարություն են ներկայացնում սուբսիդիաների տրամադրման վերաբերյալ տեղեկություն` ըստ շահառուների, կցելով տվյալ եռամսյակում հաստատված հանձնման-ընդունման ակտերի պատճենը: Որոշումը միտված է ՀՀ պետբյուջեից իրավաբանական անձանց հատկացված սուբսիդիաների արդյունավետ օգտագործմանը:

            Գործադիրը հաստատել է օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման ժամանակ ԱԱՀ գումարի վերադարձման կարգը, ինչը նախատեսված է օրենքով:

            «ՀՀ պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ-ի Երևանի Օրբելու 23 հասցեում գտնվող համալիրի վերակառուցման նպատակով կառավարությունն հատկացրել է շուրջ 230 մլն դրամ:

            Կառավարությունն ընդունել է մի շարք աշխատանքների պետական գնումներն անհետաձգելի համարելու որոշում, որը թելադրված է հրատապ հիմնանորոգում պահանջող մի շարք ճանապարհահատվածների անցանելիության և երթևեկության անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ:

            Կառավարությունը փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշուներից մեկում` ավելացնելով առանձին կառուցապատողների շենքերի կառուցման համար վերգետնյա վճարի գծով հավաքված գումարից «Երևան» հիմնադրամին վճարման ենթակա գումարը` Բուզանդի 13-21 հասցեների իրացված տարածքների բնակիչներին ֆինանսական լրացուցիչ օժանդակություն տրամադրելու նպատակով: Մինչև օրս ամբողջությամբ վճարվել է նախորդ  որոշմամբ նախատեսված գումարը:

            Լոռու մարզի Գուգարք համայնքում 2013թ. տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած ընտանիքների բնակարանային պայմանները անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով բարելավելու նպատակով կառավարությունը Լոռու մարզպետարանին հատկացրել է 21 մլն դրամ:

            Գործադիրը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է իր տնօրինության Երևանի Դավիթ Անհաղթի փողոց 23/6 հասցեում գտնվող շենքի N 7 տարածքը և համապատասխան հողամասը ուղղակի վաճառքի ձևով օտարել «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվության ինստիտուտ» ՍՊԸ-ին:

            Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ ՀՀ կառավարությունը սահմանել է, որ սիրիահայ ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցումը, որի համար հատկացվել է 10 մլն դրամ, պետք է իրականացվի «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի միջոցով` կենտրոնացված ձևով:

            Կառավարությունը որոշել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի  և «Էկո Ան Պրովանսի քաղաքագիտության ինստիտուտի (Սիանս Պո)» հետ համատեղ հիմնադրել «Սիանս-Պո Արմենիա» հիմնադրամ:

            Գործադիրը որոշել է Երևանում անցկացվելիք «Անցումային ժամանակաշրջանի մարտահրավերները ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգում» համաժողովը կազմակերպելու համար հատկացնել 4.5 մլն դրամ: Համաժողովը կազմակերպվում է Նիդերլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման կենտրոնի հետ համատեղ և նվիրված է անցումային ժամանակաշրջանի ռիսկի ապահովման համակարգի քննարկմանը:

  

Առողջապահության ոլորտում ներդրվում է տեսչական նոր համակարգ

  

            ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2013թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մոտ 67.5 մլն դրամ հատկացրել ՀՀ առողջապահության նախարարությանը: Նշված գումարը կտրամադրվի գործող  երեք տեսչությունների միավորմամբ ստեղծված ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչությանը` մինչև տարեվերջ իր գործառույթներն անխափան իրականացնելու, ինչպես նաև վերակազմավորման և կառուցվածքային փոփոխության արդյունքում աշխատանքից դուրս մնացած անձանց վերջնահաշվարկի և արձակման նպաստի գումարը վճարելու նպատակով: Տեսչությունների օպտիմալացման ծրագրով կմեծանա պետության կողմից ծախսվող միջոցների արդյունավետությունը:

            Նիստում լրացումներ են կատարվել կառավարության ավելի վաղ ընդունած որոշումներից  մեկում, ինչը թելադրված է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի ընդունմամբ, որի նպատական  է տեսչական բարեփոխման իրականացմամբ նոր ռիսկի վրա հիմնված ստուգման ներդրումը: Հաստատվել են այդպիսի ստուգման ստուգաթերթերը:

            Մեկ այլ որոշմամբ ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) կենտրոնական ապարատում ստեղծվել է բժշկական օգնության մշտադիտարկման և փորձագիտական գնահատման բաժին:

            Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց նպատակն է սոցիալական փաթեթի պարտադիր պայման հանդիսացող ապահովագրության ծառայությունը փոխարինել պետության կողմից տրամադրվող (բժշկական  օգնության և սպասարկման ծառայությունների) առողջապահական փաթեթով, բանկերի կողմից հաշվետվության ներկայացման ժամանակահատվածը բաշխել ամսական, եռամսյակային և տարեկան կտրվածքով և այլն:

Փոփոխելով իր նախկին որոշումներից մեկը, կառավարությունը որոշել է փակել հակատուբերկուլոզային այն բաժանմունքները, որոնք հիվանդներով թերծանրաբեռնված են, եղած հիվանդներն էլ ուղեգրվում են Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր: Որոշումը  պայմանավորված է ՀՀ մարզերի առողջապահական համակարգերում ընթացող օպտիմալացման ծրագրով և մարզերում մատուցվող բժշկական ծառայությունների որակի, արդյունավետության և մատչելիության բարձրացմամբ: Նույնանման  հիմնավորմամբ կառավարությունը որոշել է ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն բաժանման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն», «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն», «Նորք» հոգեբուժական կենտրոն», «Ավան» հոգեկան առողջության կենտրոն», «Նևրոզների կլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունները:

            «Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ անդամ հանդիսացող` աշխատողների  միջին ցուցակային թվաքանակի առնվազն 50 տոկոս տեսողությունից հաշմանդամ ունեցող ընկերությունների կանոնադրական գործունեության իրականացման արդյունքում հաշվարկված (հաշվարկվելիք) ԱԱՀ-ի, գործատուի կողմից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովության վճարների և եկամտային հարկի գծով մուծված (մուծվելիք) գումարները փոխհատուցելու նպատակով կառավարությունը հատկացրել է ավելի քան 62.5 մլն դրամ:

  

Կբարելավվի ներդրումային և գործարար միջավայրը

 

             Գործադիրը հավանություն է տվել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի նպատակն է կատարելագործել շահագրգռվածության առկայությամբ խոշոր գործարքների բացահայտման մեխանիզմները, բարձրացնել փոքր բաժնետերերի շահերի պաշտպանության մակարդակը` ձևավորելով ներդրումային և գործարար բարենպաստ միջավայր:

ՀՀ կառավարությունը քննարկել է «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը. նա առաջարկում է արգելել գովազդի հեռարձակման ժամանակ գովազդակրի կողմից ձայնային ռեժիմի կտրուկ ավելացումը, քանի որ աղմուկի բարձր մակարդակը կարող է ազդել հատկապես երեխաների առողջության վրա: Դրական գնահատելով նախաձեռնությունը, կառավարությունը նշել է, որ հստակեցման կարիք ունի «ձայնային ռեժիմի կտրուկ ուժեղացում» հասկացությունը:

            Նիստում քննարկվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է պատվավոր կոչումների համար սահմանել ամենամսյա պատվովճար: Գործադիրը բացասական եզրակացություն է տվել օրենքի փոփոխությանը, քանի որ այն կառաջացնի բյուջետային լրացուցիչ միջոցների անհրաժեշտություն:

            Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության  եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

 

 

Այլ որոշումներ

  

            ՀՀ կառավարությունը սահմանել է ոստիկանության ծառայողի համազգեստի նկարագիրը, համազգեստ կրելու ժամկետները:

            Կառավարության որոշմամբ Արագածոտնի մարզի Տեղերի գյուղական համայնքում գտնվող վանական համալիրը, դրա զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասը, «Ժողովրդական տուն» կառույցը անհատույց սեփականության իրավունքով հանձնվել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն` սկզբնական նշանակությամբ օգտագործելու համար:

            Նիստում պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը (մշտական բնակությունը` ԱՄՆ):

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031