Դեկտեմբերի 12-ին Երեւանում տեղի ունեցավ Սեւծովյան Տնտեսական համագործակցության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 29- րդ նստաշրջանը, որի ընթացքում ամփոփվեցին կազմակերպությունում Հայաստանի վեցամսյա նախագահության արդյունքները:
Նստաշրջանին մասնակցելու նպատակով Երեւան էին ժամանել կազմակերպության անդամ պետությունների բարձրաստիճան պատվիրակությունները եւ ՍԾՏՀ Գլխավոր քարտուղար Վիկտոր Ցվիրկունը:
Նախարարական հանդիպմանը ՍԾՏՀ-ում նախագահությունը Հայաստանից փոխանցեց Բուլղարիային:
Այսօրվա հիմնական ինտրիգը Թուրքիայի ԱԳ նախարարի այցն է:
Կարդացեք նաև
ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը երեկ Twitter-ում գրեց, որ Սերժ Սարգսյանի հանդիպում Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ երեւանյան այցի ընթացքում պլանավորված չէ եւ տեղի չի ունենալու։ Դավութօղլուն ավելի վաղ չէր բացառել երկկողմ հանդիպումների հնարավորությունը։
Այս օրերին թուրքական մամուլը լայնորեն անդրադառնում է Դավութօղլուի հայաստանյան այցին` ակնկալելով նաեւ նրա առանձին հանդիպումը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ըստ թուրքական թերթերի` հանդիպման մասին նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռ դեկտեմբերի 5-6-ին Կիեւում` ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ընթացքում:
Քիչ առաջ, նիստի ավարտին, Ահմեդ Դավութօղլուն մոտեցավ Էդվարդ Նալբանդյանին, նրանց միջեւ ձեռքսեղմում եղավ ԶԼՄ-ների առջեւ, սակայն հարցը, թե արդյոք ՀՀ ԱԳ նախարարն ու Թուրքիայի ԱԳ նախարարները կհանդիպեն` այս պահին էլ պարզ չէ: Դավութօղլուն հեռացավ, առանց լրագրողների հետ շփվելու:
Հիշեցնենք, որ ՍԾՏՀ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին 2009 թվականին Երեւան էր ժամանել Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը:
ՍԾՏՀ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանի շրջանակներում քիչ առաջ մեկնարկեց համատեղ մամուլի ասուլիս, որին Թուրքիայի ԱԳ նախարարը չի մասնակցում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ


















































