Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս–թուրքական դաշի՞նքն է Հայաստանի հանրությունից թաքցրել զեկույցը

Օգոստոս 04,2026 10:00 Share

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ասում է, թե ինքն իրեն խոսք է տվել, որ ամեն ինչ անելու է, որպեսզի չկրկնվի այն վիճակը, երբ Թուրքիան պատերազմում կլինի Հայաստանի դեմ։ Նա դրանով է բացատրում հայ-թուրքական կարգավորման գործընթացի հատուկ բանագնացի կարգավիճակ ստանձնելը։ Հետաքրքիր հայտարարություն է, իհարկե։ Եվ իհարկե՝ ռացիոնալ։ Ամբողջ հարցն այն է սակայն, որ մինչեւ Ռուբեն Ռուբինյանն իր քաղաքական առաջնորդի հետ կգար իշխանության, Հայաստանի նախորդ բոլոր կառավարությունները ապահովում էին այդպիսի իրավիճակ՝ որպեսզի չլինի պատերազմ, երբ Թուրքիան կմիանա Հայաստանի դեմ պատերազմին։

Օրինակ, անգամ 2016 թվականի ապրիլի քառօրյային, երբ Ադրբեջանը հարձակվեց, Թուրքիան չմիջամտեց։ Պատճառներն իհարկե շատ էին, թե ինչու չեղավ այդ միջամտությունը, բայց՝ չեղավ։ Իսկ ահա 2020 թվականին, երբ Հայաստանում արդեն իշխանության էին Ռուբեն Ռուբինյանը, նրան առաջնորդող՝ իսկ 44-օրյա պատերազմից հետո հայ-թուրքական գործընթացի հատուկ բանագնաց նշանակող Նիկոլ Փաշինյանը, Թուրքիան ոչ միայն միջամտեց Հայաստանի դեմ պատերազմին, այլ, ըստ էության, ստանձնեց դրա հրամանատարությունը։ Ուրեմն, ինչո՞ւ ստացվեց այդպես։ Ո՞վ էր դրա համար պատասխանատու։ Ռուբեն Ռուբինյանը փորձե՞լ է պարզել։ Իհարկե, այստեղ եղել է հանրությանը մատուցվող մի «սրբազան» պատասխան՝ Ռուսաստանն էր պատասխանատուն, ռուս-թուրքական դաշինքն էր այդ պատերազմի պատասխանատուն։

Եթե այդ պատերազմի պատասխանատուն ռուս-թուրքական դաշինքն էր, ապա ռուս-թուրքական դաշի՞նքն է Ռուբեն Ռուբինյանին նշանակել հայ-թուրքական կարգավորման հատուկ բանագնաց։ Համենայնդեպս, բարդ է որեւէ ողջախոհ մարդու համոզել, որ 44-օրյա պատերազմը Հայաստանի ու Արցախի գլխին բերեց ռուս-թուրքական դաշինքը, բայց հետո Նիկոլ Փաշինյանը Ռուբեն Ռուբինյանին նշանակեց հատուկ բանագնաց՝ ըստ էության այդ դաշինքը քանդելու համար։ Ուրեմն, Ռուբինյանը պետք է կողմնորոշվի՝ կամ ինքը պարզապես քաղաքական բուտաֆորիա է հայ-թուրքական գործընթաց ասվածում, կամ քաղաքական մանիպուլյացիա է վեց տարի շարունակ հանրությանը մատուցելը, թե ռուս-թուրքական դաշինքն է սկսել ու ավարտել 44-օրյա պատերազմը։

Իսկ լավագույնը, իհարկե, կլիներ այն, որ Հայաստանի հանրությունն ի վերջո ստանար այդ պատերազմի պատճառներն ու ընթացքը, եւ նույնիսկ դրան հաջորդած զարգացումները բազմակողմ ուսումնասիրության ենթարկելու հնարավորություն։ Կամ գոնե՝ այդ կապակցությամբ խորհրդարանական հանձնաժողովի պատրաստած զեկույցին ծանոթանալու հնարավորություն, որը չգիտես ինչու ավարտելուն պես ուղարկվեց արխիվ, այլ ոչ թե ներկայացվեց հանրության դատին։

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել