ԱԺ պատգամավոր, մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ զեկույցը՝ «Մարդու իրավունքները զինված ուժերում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ
Այս խորհրդարանական լսումները կրում են «Մարդու իրավունքները զինված ուժերում» խորագիրը եւ, ուրախալի է, որ ներկա են ոչ միայն պետական պաշտոնյաներ, համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, այլեւ հասարակական կազմակերպությունների, հանրության ներկայացուցիչներ, որոնք ակտիվորեն աշխատում են այս ոլորտում, քաջատեղյակ են ոլորտի խնդիրներին եւ իրենց աշխատանքով փորձում են օգտակար լինել առկա խնդիրների լուծմանը;
Հարգելի գործընկերներ, ԱԺ հարգելի նախագահ, Պաշտպանության հարգարժան նախարար, կարծում եմ, սա այն ոլորտն է, որի հաջողությունների եւ անհաջողությունների համար պատասխանատու ենք բոլորս միասին եւ յուրաքանչյուրս՝ առանձին-առանձին: Վերջերս ինձ հարց տրվեց՝ արդյոք մեր երկրում մարդու իրավունքների ոլորտը լավ վիճակում է, արդյոք չկան խնդիրներ, չկան անելիքներ, զարմացա հարցից, քանի որ, միթե, ակնհայտ չէ, որ ընդհանուր առմամբ, իրավունքների ոլորտը մշտապես եղել է եւ լինելու է այն խոցելի ոլորտը, որից հանրությունն առայժմ, կամ՝ գրեթե մշտապես, լինելու է դժգոհ կամ՝ ոչ բավարար գոհ:
Հայտնի խոսք կա՝ իմ իրավունքներն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում են քո պարտականությունները: Իրավունքը գնահատելիս մենք պետք է ելնենք ողջամտության կանխավարկածից եւ ոչ թե առաջնորդվենք ծայրահեղության կանխավարկածով: Այսպես, մարդու իրավունքների մասին, որպես թեմա, խոսում են բոլորը, խոսում են նրանք, ովքեր իրենց համարում են գիտակներ, ովքեր տիրապետում են որոշակի ինֆորմացիայի, նա եւ նրանք, ովքեր պարզապես խոսում են, քանի որ ընդհանրապես խոսելը շատ ավելի հեշտ է, քան՝ կոնկրետության հարթություն տեղափոխվելը: Երբ այս կամ այն իրավունքի ոտնահարումը տեղափոխվում է կոնկրետության դաշտ, այսինքն, տեսական հարթությունից՝ պրակտիկ հարթություն, ծագում են խնդիրներ, քանի որ մեկի իրավունքի պաշտպանությունը անմիջականորեն նշանակում է մեկ այլ անձի իրավունքների ոտնահարում:
Կարդացեք նաև
Հենց այստեղ է, որ պետք է օգնության գա օրենքը եւ պետք է իշխի օրենքի գերակայությունը:
Վերջերս մի սեմինարի էի մասնակցում, որին ներկա միջազգային փորձագետներից մեկը նշեց, թե զինվորական համազգեստով մարդը նույն քաղաքացին է, միայն՝ համազգեստով, հետեւաբար, զինվորի իրավունքը, կամ, ինչու ոչ՝ հրամանատարի իրավունքը պաշտպանելիս հարկ է չմոռանալ, որ նա նույն երկրի քաղաքացին է, միայն համապատասխան համազգեստով:
Մարդու իրավունքները, մասնավորապես, զինված ուժերում մարդու իրավունքները, սովորաբար պատկերացվում են որպես առանձին միջադեպեր, որոնք կատարվում են զինված ուժերում եւ, վտանգ կա, որ զինված ուժերում մարդու իրավունքների հետ կապված առկա խնդիրները կդիտարկվեն որպես զանազան պրոբլեմների կծիկ, եւ, երբ փորձ արվի բացել կծիկը, առանձին խնդիրները լուծելու համար, արդյունքում՝ կունենանք հարցերի կարգավորման զրոյական վիճակ, քանի որ ամեն ինչ կկատարվի հընթացս եւ ցաքուցրիվ:
Եվ, որպեսզի խնդիրները լուծվեն առավել արդյունավետ, հարկավոր է խնդիրների լուծմանը համակարգային մոտեցում ցուցաբերել:
Դատելով այն աշխատանքից, որն այսօր իրականացվում է ՀՀ պաշտպանության նախարարության եւ անձամբ նախարար Սեյրան Օհանյանի կողմից, կարող ենք փաստել, որ կա այդ համակարգային մոտեցումը եւ տրամադրվածությունը՝ լուծել խնդիրները առավելագույն արդյունավետությամբ:
Ես խոսեցի նաեւ պարտավորությունների մասին , ավելի կոնկրետացնելով ասեմ, որ այս կարեւոր մասը հաճախ ճիշտ չի մեկնաբանվում: Մասնավորապես, , մենք որպես պետություն, որպես ԱԺ, որպես նախարարություն կամ որպես հասարակական կազմակերպություն, իհարկե, որոշակի պարտավորություններ ունենք այս կամ այն միջազգային կառույցի հանդեպ, մենք եւս սպասում ենք, թե մեր խնդիրների լուծման ճանապարհին ինչ կասեն մեզ միջազգայինները: Ուշադիր ենք եւ ականջալուր, սակայն, իմ անձնական համոզմունքն է, որ մեր խնդիրները լուծելու կամք , գիտակցում եւ պատրաստակամություն պետք է ունենանք առաջին հերթին մենք ինքներս: Մեզնից լավ մեր խնդիրները ոչ ոք չի կարող լուծել, ոչ մի խորհրդատու եւ ոչ մի փորձագետ:
Անկախ մեր ստանձնած այս կամ այն պարտավորություններից, մեզնից յուրաքանչյուրը պետք է ունենա եւ, հուսամ՝ ունի, մեկ կարեւոր պարտականություն. պարտականություն եւ պատասխանատվություն մեր երեխաների հանդեպ, որոնք այսօրվա կամ վաղվա զինվորներն են: Նաեւ՝ պարտականություն եւ պատասխանատվություն մեր երկրի հանդեպ, ում պաշտպանության համար ստեղծվել եւ պահպանվում է նույն բանակը: Եվ, որ պակաս կարեւոր չէ՝ պարտականություններ եւ պատասխանատվություն ինքներս մեր հանդեպ եւ մեկմեկու հանդեպ:
Մեկ այլ խնդրի մասին եւս կուզեի նշել: Խոսում ենք զինված ուժերում տեղի ունեցող այս կամ այն վիճակի մասին, իհարկե պետք է խոսել, իհարկե, հանրային քննարկումները եւ հանրային կարծիքն անչափ կարեւոր են, սակայն նայենք հարցին այլ կողմից՝ արդյոք նույն հանրությունը, նույն կազմակերպությունները, որ զբաղվում են զինված ուժերի ինչ-ինչ խնդիրներով, պարտականություն չունեն լսել նաեւ զինված ուժերի կողմից եկած ազդակները, լսել ասվածը, խնդիրը՝ հենց զինված ուժերից: Իհարկե, պետք է լսել, քանի որ մեդալը միակողմանի չի լինում, երկու կողմ ունի եւ իրականությունը տեսնելու համար կարեւոր են երկու կողմն էլ:
Այժմ, որոշ թվեր:Որքան էլ զարմանալի թվա, մեր՝ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը վերջին մեկուկես տարում եւ դրանից առաջ շուրջ յոթ-ութ տարի չի ստացել ոչ մի նամակ, գրություն կամ բողոք՝ զինված ուժերի մասին, կամ՝ զինված ուժերից: Հնարավոր է պատճառներից հիմնականն այն է, որ խորհրդարանում գործում է հենց պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հարցերի մշտական հանձնաժողովը, գուցե: մյուս կողմից էլ՝ նույն ՄԻՊ գրասենյակում եւս զինծառայողներից ստացված բողոքները մեծաթիվ չեն, ասես՝ 152 հաշմանդամի դիմումի դիմաց՝ զինծառայողներից ստացվել է 27 դիմում: Սա շատ է, թե քիչ, չեմ կարող ասել, ինքս կուզեի, որ ոչ մի դիմում չլիներ, որ վիճակը լիներ այնպիսին, որ բողոքելու հարկ չլիներ: Բայց անթերի ոչինչ չի լինում, ականատեսների վկայությամբ, անգամ դրախտում իրավիճակն անթերի չէ:
Մի քանի օրինակ , որ ըստ իսկ փորձ են առավել լավացնել իրավիճակը եւ ավելորդ խնդիրներ չառաջացնել զինված ուժերում: Մասնավորապես՝ Պաշտպանության նախարարությունը կազմակերպում է մարդու իրավունքների վերաբերյալ դասախոսություններ, դասընթացներ եւ այլ միջոցառումներ: Այս մասին հարգելի պարոն նախարարը խոսեց ավելի հանգամանալից:
Հիշեցնեմ, որ 2012-ին ընդունված «ՀՀ Զինված ուժերում կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքը հստակ սահմանել է, որ «զինվորական կարգապահության եւ կանոնադրական կարգի ամրապնդման համար պատասխանատու են բոլոր խմբերի հրամանատարները, մյուս սպայական եւ ենթասպայական անձնակազմը, հետեւաբար, կարգապահության եւ կանոնադրական կարգի ամրապնդումը զորամասերի հրամանատարական անձնակազմի ուղղակի պարտականությունն է»: Որպես պատգամավոր, կուզեի իմանալ, թե այս Կանոնագիրք-օրենքը ինչպես է կիրառվում եւ արդյոք աշխատանքի ընթացքում չեն ծագում խնդիրներ, որոնք կարգավորման կարիք ունեն:Մենք պատրաստակամ ենք լսել , թե ինչպես է օրենքը կիրառվում եւ արդյոք կա շտկումների կարիք:
Սովորաբար, զինված ուժերում մարդու իրավունքների մասին խոսելիս հիմնական ուշադրությունը սեւեռվում է զինվոր-զինվոր հարաբերությունների վրա, զինվոր-հրամանատար, նորեկի եւ դեդովշչինայի հարաբերություններին, սակայն, հայտնի է, որ նույնքան կարեւոր են նաեւ հրամանատարական կազմի իրավունքների պաշտպանության հարցերը, քանի որ, ինչպես իմ խոսքի սկզբում նշեցի, զինվորը կամ հրամանատարը նույն քաղաքացին է, պարզապես՝ համազգեստով:
Հիշեցնեմ, որ վերջերս խորհրդարանը փոփոխություններ կատարեց /2012թվական, մայիսի 2/, «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում, որի շնորհիվ բանակում ծառայելուց հրաժարված Եհովայի վկաների ներկայացուցիչներից ազատ են արձակվել կամ նրանց կացութաձեւին տրվել է օրենքին համապատասխան լուծում: Մասնավորապես, ինչպես նշվում է նույն Եհովայի վկաներ կազմակերպության կողմից՝ 1993-ից հետո առաջին անգամն է, որ Հայաստանում չկան ազատազրկված վկաներ, մինչ այս ազատազրկված էր 450 մարդ, բանակում ծառայելուց հրաժարվելու պատճառով: Ըստ նույն տվյալների, 99 մարդ անցնող տարվա սեպտեմբերի դրությամբ, դիմել էր այլընտրանքային ծառայության անցնելու համար, ի դեպ, այդ թվում էին 21 մարդ, որոնք ծառայությունից խուսափելու պատճառով արդեն ազատազրկված էին: Այլընտրանքային, այսինքն՝ ոչ զինվորական ծառայության անցնողների մասով կատարվում է մասնագիտական ուսումնասիրություն եւ համապատասխան հանձնաժողովի որոշումից հետո է կայացվում համապատասխան որոշումը՝ անցումն այլընտրանքային ծառայության: Նաեւ նախարարը նշեց, որ այս գործընթացին ՊՆ-ն չի ուզում եւ չի միջամտում:
Խորհրդարանական այս լսումների թեման է մարդու իրավունքները զինված ուժերում, կարեւոր թեմա, մանավանդ, սրան նախորդել են պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած սեմինարը եւ այցելությունները եւ ՀՀ ռազմական ոստիկանություն եւ Երեւանի կայազորի կարգապահական վաշտ: Հանդիպումների ընթացքում եւ Կորյուն Նահապետյանը եւ ես մեր պատրաստակամությունը հայտնեցինք առավել սերտ համագործակցել ռազմական կառույցների հետ, հանդիպումները դարձնել ավելի հաճախակի եւ արդյունավետ:
Համոզված եմ, երկրի օրենսդիր մարմնի հետ համատեղ աշխատանքը շատ ավելի տեսանելի կդարձնի բոլոր այն բարեփոխումները, որոնք կատարվում են մեր երկրի զինված ուժերում: Բանակը մեր բոլորի կյանքի վերջին 22 տարիների ձեռքբերումն է եւ մենք ազգովի պետք է ձգտենք առավել կայացած եւ ուժեղ բանակ ունենալ:
Ոմանք սիրում են կրկնել, թե բանակը հասարակության հայելին է, այո, այդպես է , բայց իմ անձնական կարծիքով, մեր բանակն ավելի կարգապահ է, քան մենք բոլորս միասին եւ մեզնից յուրաքանչյուրն առանձին-առանձին:
Օրենքների փոփոխությունները, մշակումները եւ լրամշակումները, անկասկած, կարեւոր են եւ առաջնային, սակայն, կարծում եմ, առավել կարեւոր է այդ նույն օրենքների կիրառելիությունը, այն, թե որքանով են տեղերում մարդիկ իրազեկված իրենց իրավունքների մասին, որքանով են տեղյակ, թե այս կամ այն իրավիճակում իրենք ինչ իրավունքներ ունեն: Ասում են, ամեն մարդ ինքը պետք է կարողանա պաշտպանել իր իրավունքները, մասամբ եմ համամիտ, քանի որ առավել կարեւոր է, որ պետությունը եւ օրենքները պաշտպանեն մարդու, քաղաքացու, զինվորի, հրամանատարի եւ բոլորի իրավունքները: Սա է այն տեսլականը, որին մենք գնում ենք, որին հասնելու համար բավականին գործ արված է, բայց դեռ արված չէ ամեն բան, սա գործընթաց է, որը մշտապես լինելու է շարունակական:
ԱԺ պատգամավոր ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ


















































