Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյան. «Կհասունանա իրավիճակ, և Լևոն Տեր-Պետրոսյանը կհաղթահարի իր տարիքային բարդույթը» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 17,2013 16:40

«Խոհանոցներում դժգոհելու փոխարեն՝ բոլորին կոչ եմ անում դուրս գալ փողոց»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Շարունակելով՝ նա նշեց, որ մեր երկրում այլ կերպ հնարավոր չէ և ամեն ընտրություն հանգեցնում է նրան, որ ակտիվ ժողովրդական ընդվզմամբ միայն կարելի է ինչ-որ բանի հասնել:

Հարցին` այդ դեպքում ինչո՞ւ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները դուրս չեն գալիս փողոց, տիկին Սարգսյանը պատասխանեց. «Մենք`պատգամավորներս, որևէ հարց լուծել չենք կարող, եթե ժողովուրդը մեզ չաջակցի»:

Տիկին Սարգսյանն ասաց, որ իրենք պատրաստ են կանգնել ժողովրդի կողքին, եթե նա ընդվզի և դուրս գա փողոց:

Այնուհետև տիկին Սարգսյանն անդրադարձ կատարեց Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգին ու ասաց. «Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը մտցվում է, որ կարողանան լրացուցիչ 20-25 տոկոս միջոցներ ունենալ և դրանով իրենց խոստումների մի մասը բավարարել: Այստեղ լուծվում է իշխանության պահպանման հարցը, բայց իշխանությունն այժմ հեղհեղուկ է»:

Լյուդմիլա Սարգսյանը ողջունեց Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնությունը և շեշտեց. «Այն բոլոր կառույցները, որ պայքարում են այս իշխանության դեմ, մեզ համար ընդունելի ու ողջունելի են»:

Տիկին Սարգսյանի հավաստմամբ` այս շարքին կմիանա նաև իր կողմից հիմնված Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, որի համագումարը տեղի կունենա հունվարի 15-ին: Մանրամասնելով՝ նա ասաց. «Մեր կուսակցության անելիքներն ու ուղղվածությունը նույնն է, մենք նվիրված ենք հնչակյան գաղափարախոսությանը և գործում ենք ընդդիմադիր դաշտում: Հույս ունենք, որ գոնե այս անգամ մեր գործունեությանը իշխանությունը չի խոչընդոտի: Նոր ստեղծված ՍԴՀԿ-ն ոչ մի կերպ չի դիտարկվում ընդդիմադիր ուժ, իսկ ընդդիմադիր դաշտում հնչակյան սկզբունքները հարգող քաղաքական ուժ անհրաժեշտ է»:

Լյուդմիլա Սարգսյանը կարծում է, որ ՀՀ-ում միակ «ազդեցիկ պետական այրը, որը վայելում է ժողովրդի վստահությունը, Լևոն Տեր-Պետրոսյանն է, դրա վկայությունն է վերջին երթը»: Նա կարծում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի համար լավագույն տարիքն է նորից նախագահ դառնալ: Մեր այն դիտարկմանը, թե Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ իր տարիքը թույլ չի տալիս իրեն նախագահ դառնալ, տիկին Սարգսյանն այսպես արձագանքեց. «Համբերենք, կտեսնենք, կհասունանա իրավիճակ, և արտահերթ ընտրությունների հնարավորությունը տեսանելի կլինի, ու Լևոն Տեր-Պետրոսյանը կհաղթահարի իր տարիքային բարդույթը»:

Aravot.am-ը քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանից հետաքրքրվեց`ի՞նչ են ցույց տալիս քաղաքագիտական վերլուծությունները, նման իրավիճակի հասունացում հնարավո՞ր է: Նա պատասխանեց. «Լյուդմիլա Սարգսյանը անհավանական գուշակություններով է զբաղված: Վերջին տարիներին նա ուրիշ ոչնչով աչքի չի ընկել և որևէ նման գուշակություն իրականություն չի դարձել: Ուստի հիմքեր չկան ասելու, որ այս մեկը պետք է իրականություն դառնա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031