Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանի» ամփոփիչ հանրահավաքը մեծ արձագանք է գտել իշխանական եւ իշխանամերձ շրջանակներում։
Սրբազան պայքարից հետո այն ամենաբազմամարդ հանրահավաքն էր, որը, ի դեպ, հիշեցնում էր 2021-ի նախընտրական հավաքը՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից հրավիրված։
Թե նախընտրական հանրահավաքներն ու քարոզարշավն ընտրական պրոցեսի վրա ինչ ազդեցություն են գործում՝ զրուցեցինք քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանի հետ: Նրա գնահատմամբ՝ նախօրեի հանրահավաքն ընդդիմադիր ուժի՝ մեկ տարուց ավելի իրականացրած քաղաքականության կուլմինացիան էր, որը կարելի է հաջողված համարել:
Չնայած նախկինում էլ ենք ընդդիմադիրների կազմակերպմամբ նման բազմամարդ հանրահավաքների ականատես եղել, եւ ընտրությունների արդյունքներն էլ ոչ թե հանրահավաքով, այլ քվեախցիկի ներսում են որոշվում, քաղաքագետը կարեւորում է, որ, անկախ ձեւավորված բիրտ միջավայրից, մարդիկ պատրաստ են պայքարի․ «Հանրահավաքը ցույց տվեց տրամադրությունները, եւ ընդհանուր որոշում, որ կա հասարակության մոտ, դա փոփոխությունների որոշումն է։ Ես համոզված եմ, որ, նախ, Նիկոլ Փաշինյանն այլեւս չունի հանրության աջակցությունը, ինքը վաղուց դա անվերադարձ կորցրել է։ Երկրորդ համոզմունքս էլ այն է, որ Նիկոլ Փաշինյանն իշխանությունը պահելու հարցում այլեւս չի հենվում ժողովրդական աջակցության վրա, նա այլ գործիքներով է փորձելու մեծամասնության հասնել՝ ճնշումներ, վախի մթնոլորտ։ Գյուղերից տեղեկություններ են ինձ փոխանցում, որ դպրոցի տնօրենները կամ վարչական ռեսուրս ունեցող այլ անձինք, իմանալով, որ այս կամ այն մարդը չի քվեարկելու Փաշինյանի օգտին, հորդորում են նրան ընդհանրապես չմասնակցել ընտրությանը։ Հետեւաբար, այո, Փաշինյանը կորցրել է հանրային աջակցությունը, եւ երեկվա հանրահավաքն էլ դրա ապացույցներից մեկն է»։
Կարդացեք նաև
Արդյոք դժվար չէ՞ ՔՊ-ին համարժեք ցածրակարգ քարոզարշավ իրականացնելը։ «Ցանկացած իշխանության դեմ պայքարելը դժվար է, մանավանդ որ երկար տարիների անհաջողություն ես ունեցել, բայց այդ ամենը հաշվի առնելով՝ պետք է փորձել։ Սա մեղադրանք չէ, ցանկություն է, որ եթե որոշումն այն է, որ ընտրությունների միջոցով պետք է իշխանություն փոխել, ուրեմն շատ ավելի սուր, անզիջում, հետեւողական պայքար է պետք մղել։ Խոսքը նույն լեքսիկոնի կիրառումը չէ, ինչ իշխանությունն է անում` դրա անհրաժեշտությունը չկա, ճիշտ հակառակը՝ ընդդիմությունն այս առումով շահեկանորեն տարբերվում է իշխանությունից, որովհետեւ պատասխանատու է իր խոսքի համար, պետության եւ ժողովրդի հանդեպ հարգանք է դրսեւորում, եւ շատ կարեւոր է, որ ընդդիմությունը չիջավ իշխանության մակարդակին, ես ավելի հետեւողական աշխատանքի մասին էի նշում, շեշտադրության փոփոխություններ, իհարկե, այս պահին արդեն կան, բայց՝ մի փոքր ուշացած»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































