Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլշեւիկյան ոճի ստախոսությունն» Անդրանիկ Թեւանյանին չի զարմացնում

Դեկտեմբեր 18,2013 17:04

«Խնդիրն այդ պարզաբանումները չեն եւ խնդիրը նախարարի մեջ չէ: Տվյալ դեպքում, գործ ունենք քաղաքական հարաբերության հետ: Կարծում եմ, 2011 թվականից Հայաստանում գազը թանկացել է, բայց, ըստ երեւույթին, քանի որ առաջիկայում համապետական ընտրություններ էին սպասվում՝ խորհրդարանական եւ նախագահական, իշխանությունները թերեւս ներքին պայմանավորվածություն են ունեցել Կրեմլի հետ, որ այդ մասին չբարձրաձայնվի»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց «Պոլիէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թեւանյանը մեր հարցին՝ նախօրեին, գազի գնի թանկացման վերաբերյալ  խորհրդարանական լսումների  ժամանակ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հնչեցրած պարզաբանումները պատասխանեցի՞ն այն բոլոր մտահոգություններին, որոնք առաջացել էին՝ գազի գնի թանկացման եւ «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասի «Գազպրոմին» վաճառքի արդյունքում:

Անդրանիկ Թեւանյանի կարծիքով՝ ամենայն հավանականությամբ գործ ունենք նման մի սխեմայի հետ՝ գազը թանկացել է, այն ժամանակ տարբերությունը չի վճարվել եւ հիմա, երբ ընտրությունները ավարտվել են, այդ պարտքը փորձ է արվում մարել հանրային սեփականության հաշվին՝ պետբյուջեի գումարներով՝  «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասի «Գազպրոմին» վաճառելու տեսքով: «Գործ ունենք բոլշեւիկյան ժամանակներին հարիր ոճի եւ ստախոսության հետ, բայց դա արդեն զարմանալի էլ չի, որովհետեւ այս իշխանությունները ստախոսությունը որպես հիմնական կառավարման գործիք են օգտագործում եւ ոչ միայն գազի հարցում»,- ասաց մեր զրուցակիցը:

Ստեղծված իրավիճակում Անդրանիկ Թեւանյանը դարձյալ քաղաքական հարթության մեջ է տեսնում իրանական գազի ներկրման շուրջ հնարավոր պայմանավորվածությունները:

Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ-ում Իրանի դեսպանը չէր բացառել հավանականությունը՝ իրանական գազը Հայաստանին 1000 մետր խորանարդը 100 ԱՄՆ դոլարով վաճառելու: Երեկ, խորհրդարանում, նախարար Մովսիսյանն ասաց, որ առաջիկայում նախատեսվում է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստ, որից հետո ինքը կարող է որոշակի հստակ դիրքորոշում հայտնել դեսպանի հայտարարությունների առիթով:

«Այս հարցում իշխանությունները պետք է կոնկրետ ցանկություններ ունենան: Իսկ այս իշխանությունների հետ կապված ես որեւէ հույս չունեմ: Սա հերթական բլեֆն է: Դա իրական գործընթաց չի կարող լինել: Իշխանությունները Հայաստանի ինքնիշխանությունը փոշիացրել են, այնպես որ, որեւէ ակնկալիք չունեմ»,- ասաց Անդրանիկ Թեւանյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031