Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։
Հարցը կա՛մ-կա՛մ-ով է դրված, և՛-ի, և՛-ի մասին խոսողները բլեֆ են անում, կամ էլ անգրագետ են։
Օրվա իշխանությունը կեղծ երկընտրանք է առաջ քաշել՝ ԵԱՏՄ, թե ԵՄ ընտրություն չկա, դա գիտեն թե՛ ԵՄ-ում, թե՛ ԵԱՏՄ-ում, թե՛ Հայաստանում։ Քաղաքացի Նիկոլ Փ.-ն շատ լավ գիտի, որ ԵՄ-ում Հայաստանին չեն սպասում։
Հայաստանում Եվրամիության անդամակցության գործընթացի մասին օրենսդրությունն ընդունվել է լրիվ այլ նպատակներով, այդ նպատակների մեջ անդամակցությունը չի մտնում, այդ օրենքը մեծագույն խաբեություններից է։
Կարդացեք նաև
Նիկոլ Փ.-ն հայտարարում է, որ իրենք ԵԱՏՄ-ում կմնան այնքան, որքան հնարավոր է ձգել և տնտեսական օգուտներ ստանալ, բայց մեր գործընկեր երկրներն արդեն ընտրության առաջ են կանգնեցնում մեզ։
Նրանց փաստարկները և ցանկությունները շատ հստակ են ու տրամաբանական։ Ասում են՝ եթե որոշել եք ԵՄ անդամ դառնալ, ապա որոշումը ձերն է, բայց դա չպետք է լինի ԵԱՏՄ-ի հաշվին։
Օրերս նաև համապատասխան վերլուծություն է ներկայացվել, թե ինչ է սպասվում Հայաստանին, եթե դադարեցվի կամ սառեցվի մեր երկրի անդամությունը ԵԱՏՄ-ում։
Ըստ այդմ՝ Նիկոլ Փ.-ին առաջարկում են կողմնորոշվել, բայց նա չի ուզում ու նաև չի կարող հստակ դիրքորոշում հայտնել, քանզի Հայաստանը դրել է աշխարհաքաղաքական բախումների զոհասեղանին և դարձրել հակադրությունը սպասարկող մանրադրամ։ Նա դրսի տարբեր կենտրոններին միմյանց հակասող խոստումներ է տվել և աշխարհաքաղաքական ճողվածք ստացել։
Օրվա իշխանությունը ձգտում է երկու աթոռի վրա նստել, բայց դա անհնար է, հատկապես երբ այդ աթոռների ոտքերը երերուն են։
Ե՛վ, և՛-ի քաղաքականությունը հնարավոր չէ. ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի կառույցներ են, ինչպես որ ՀԱՊԿ-ն ու ՆԱՏՕ-ն, հետևաբար «երկու մոր կաթ ուտելու» տարբերակը տվյալ դեպքում չի ստացվելու։
ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն քույր կառույցներ են, նույնը կարելի է ասել ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի մասին, այնպես որ և՛, և՛-ը աբսուրդ է։
Քաղաքացի Նիկոլ Փ.-ն Արևմուտքի հետ հարաբերությունների զարգացումն իրականացնում է Ռուսաստանի և Իրանի հետ թշնամության կամ առնվազն լարվածության առաջացման միջոցով։ Դրանց գինը դարձան Արցախի կորուստը, հազարավոր զոհերը, Հայաստանի անվտանգային համակարգի թուլացումը և մեր պետականության կորստի հավանականության մեծացումը։
Հայ-ռուսական հարաբերությունները մեր երկրների համար ունեն կարևորագույն նշանակություն և առնչվում են անվտանգությանը, տնտեսությանը, սոցիալական ոլորտին, մշակույթին և այլն։ Այս հարցերում պետք է հստակ դիրքորոշում լինի, լղոզվածությունն անթույլատրելի է։
«Մայր Հայաստան» կուսակցության մոտեցումները հետևյալն են.
- Ռուսաստանը պետք է ունենա ռազմավարական դաշնակցի կարգավիճակ,
- Հայաստանը պետք է մնա ԵԱՏՄ-ում,
- Հայաստանը պետք է լիարժեքորեն վերականգնի իր կարգավիճակը ՀԱՊԿ-ում,
- Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան պետք է շարունակի իր գործունեությունը,
- Մեծամորի ատոմակայանի արդիականացումը և նոր ատոմակայանի շինարարությունը պետք է իրականացնել Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցաբար,
- Հայաստանի երկաթուղին պետք է զարգացնել ռուսական մեր գործընկերների հետ,
- Հայ-ադրբեջանական հարաբերություններում սահմանազատման և սահմանագծման աշխատանքները պետք է իրականացնել ԽՍՀՄ գլխավոր շտաբում առկա քարտեզները հիմք ընդունելով:
Ռուսաստանն այս հարցում կարող է լինել միջնորդ-երաշխավոր։
Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների խորացմանը զուգահեռ պետք է զարգացնել Արևմուտքի հետ հարաբերությունները. ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները չեն նշանակում հակադրություն ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի հետ։ Վերջիններս մեր բարեկամ և գործընկեր երկրներ են։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փ.-ին, ապա նա այնքան է խճճվել աշխարհաքաղաքական խաղերի, արկածախնդրությունների ու ստերի մեջ, որ հիմա մնացել է շանտաժի հույսին։ Իր դրսի հովանավորներին ասում է, որ եթե իրեն չսատարեն, ապա կհեռանա։
«Սպառնում է» արտահերթ ընտրություններով, բայց դե նրան վաղուց դուրս են գրել, և շանտաժի տրվող չկա։
Անդրանիկ Թևանյան
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ, 26.10.2026թ.
Ծանուցում. Անդրանիկ Թևանյանի էջը վարում են իր թիմակիցները



















































