Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտին Բերբերյան. «Ամերիկա եկա ընտանիք կազմելու նպատակով»

Դեկտեմբեր 20,2013 16:42

Ազատ ոճային ըմբիշ, միջազգային կարգի սպորտի վարպետ Մարտին Բերբերյանը 90-ականների վերջի եւ 2000-ականների սկզբի Հայաստանի առաջատար մարզիկներից էր: Նա Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է երեք օլիմպիական խաղերի` Սիդնեյում (2000 թ.), Աթենքում (2004) եւ Պեկինում (2008), դարձել աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի արծաթե մրցանակակիր ու Եվրոպայի չեմպիոն: Մինչեւ 2004 թվականը նա հանդես է եկել մինչեւ 55 կգ քաշային կարգում, դրանից հետո տեղափոխվել 60 կգ քաշային կարգ:

Մարտինը 2006 թվականին մեկնել է ԱՄՆ եւ այնտեղ մշտական բնակություն հաստատել: Aravot.am-ը այսօր զրուցեց Մարտին Բերբերյանի հետ:

Հայաստանից հեռացողները գնում են «նեղացած»: Քեզ է՞լ են ժամանակին նեղացրել:

– Ոչ: Իմ պարագայում նման բան չի եղել: Փառք Աստծո, Հայաստանում զբաղվել եմ իմ սիրած մարզաձեւով, բավականին լուրջ հաջողությունների հասել միջազգային մրցագորգերում: Այն ժամանակների չափանիշներով օգտվել եմ մարզումային բոլոր լավագույն պայմաններից, մասնակցել ամենաբարձր կարգի մրցումներին: Պարզապես, ապագա կինս` Ռուզաննան, բնակվում էր Ամերիկայում: Եկա այստեղ` ամուսնացանք եւ տեղափոխվեցի Կալիֆոռնիա:

Դա 2006 թվականին էր: Բայց դրանից հետո շարունակում էիր կապեր պահպանել Հայաստանի հետ:

– Այո: Մինչեւ 2008 թվականի Պեկինի օլիմպիական խաղերը եղել եմ Հայաստանի հավաքականի կազմում, մասնակցել բոլոր մրցումներին:

Սպորտից հեռացե՞լ ես:

– Ոչ: Մինչեւ 2012 թվականը մարզվում էի, մասնակցում մրցումների: Դարձել եմ Կալիֆոռնիայի չեմպիոն, Ամերիկայի հավաքականում էի: Բայց անցած տարվա Ամերիկայի առաջնության եզրափակչում ծնկի վնասվածք ստացա եւ վիրահատվեցի: Դրանից հետո սկսեցի մարզչություն անել` հիմնականում «S.K. Golden Boys» ակումբում: Ուրիշ ակումբների ըմբիշների էլ եմ մարզում: Աշխատում եմ նաեւ Ամերիկայի հավաքականի հետ: Հիմա կրկին սկսել եմ մարզվել:

Երկու հրաշալի դուստր ունես: Սպորտով զբաղվո՞ւմ են:

– Մեծ աղջիկս մարմնամարզությամբ է զբաղվում, փոքրս դեռ 1,5 տարեկան է:

Հայաստանը կարոտո՞ւմ ես:

– Ամեն տարի ընտանիքով անպայման գալիս ենք:

– 11 տարվա ընդմիջումից հետո Հայաստանն ազատ ոճի ըմբշամարտում աշխարհի չեմպիոն ունեցավ` Դավիթ Սաֆարյանը, որին Հայաստանի մարզական լրագրողները ճանաչեցին 2013 թվականի լավագույն մարզիկ:

– Դավիթն արժանի էր Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը գլխավորելուն: Նա այս տարի այնպիսի արդյունքներ ցույց տվեց, որ ոչ ոք մոտ չի դրան: Շնորհավորում եմ Դավիթին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031