Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանի կինը մանրամասնում է միջադեպը. «Ոստիկաններն ինձ էլ հրեցին, գցեցին ներքեւ»

Հունվար 01,2014 19:00

Անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի եւ նրա աջակիցների Նոր Տարին եւ գալիք Սուրբ Ծնունդը շնորհավորելու ակտիվիստների այսօրվա նախաձեռնությունը Նալբանդյան-Սայաթ-Նովա խաչմերուկում ընդհատվել է ոստիկանների հետ բախումով:

Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզան Բադալյանը, Aravot.am-ին պատմեց, որ բախումը սկսվել է այն ժամանակ, երբ ոստիկանները արգելել են Ազգային անվտանգության ծառայության  շենքի մայթին իր որդուն եւ մյուս ակտիվիստներին շնորհավորել Շանթ Հարությունյանի եւ նրա աջակիցների Նոր Տարին.«Ակցիան տղաս՝ Շահենն էր կազմակերպել՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու, նրանց իրավունքների պահանջներով, ինչպես նաեւ  որոշել էինք շնորհավորել տոների առթիվ:  Խաղաղ երթ էինք ուզում անել, բայց ոստիկանները չթույլատրեցին եւ ասում էին դիմացի մայթից շնորհավորեք: Բայց դիմացի մայթը ազգային անվտանգության ծառայության հետ կապ չուներ, եւ մենք չհամաձայնեցինք: Մենք չէինք պատրաստվում գրավել ազգային անվտանգության ծառայության շենքը, ընդամենը շնորհավորելու էինք Շանթին, որն արդեն 8 օր է հացադուլի մեջ է, 8 օր հոգեբանական կտտանքների մեջ է՝ չհաշված, որ արդեն 2 ամիս է ձերբակալված է, բայց դեռ տեսակցություններ չկան: Այդ պահին մեր նախաձեռնությունն ընդամենն աջակցություն էր նրան: Հայտնվեցին կարմիր բերետավորները: Ակցիային մասնակցում էին մոտ 150 հոգի, որոնցից 50-ը կանայք էին, եւ նույնքան էլ տղամարդ ոստիկաններ եկան, փակեցին ճանապարհը, հրեցին, կանանց գցեցին ներքեւ»:

 

Ռուզան Բադալյանի խոսքով, ոստիկանները հեռախոսով երկար բանակցել են իրենց ղեկավարների հետ, սկզբում որոշել՝ թույլ տալ ակտիվիստներին անցնել ազգային անվտանգության շենքի դիմացով, հետո, թույլատրել են որդուն իր շնորհավորանքը փոխանցել հենց ազգային անվտանգության ծառայության շենքի մայթից. «Տեսան, որ չենք ընկրկելու, էլի զանգեցին, վերջում թույլտվություն ստացան: Բայց միեւնույնն է իրենք վատ պահեցին, Նոր տարվա բոլոր դրական էմոցիաները թողած, դիմեցին բոլոր կոշտ մեթոդներին: Քաշքշել են նաեւ ինձ, գցել ներքեւ»:

Նա նաեւ ասաց, որ Շանթ Հարությունյանի հետ փաստաբանը վերին անգամ հանդիպել է դատարանում՝ դեկտեմբերի 28-ին. «Դրանից հետո ոչ մի նորություն նրանից չունենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031