Տասնամյակներ շարունակ Հայաստանում փոխվում են իշխանությունները, բայց չի փոխվում հասարակությանը բաժանելու տրամաբանությունը․ Արմավիրում քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Միասնության թևերի» ընտրական ցուցակում ընդգրկված Շահեն Հարությունյանը՝ հավելելով, որ դա արվում է հատուկ նպատակով, որպեսզի հեշտ լինի կառավարելը։
«Մեզ ստիպում են, որ մեր մեջ փնտրենք և գտնենք թշնամիների, մինչդեռ մենք միևնույն երկրի հոգնած, հիասթափված, բայց դեռ հույս ունեցող քաղաքացիներն ենք»,- ասաց նա՝ հավելելով, որ տարիներ շարունակ Հայաստանում քաղաքականությունը եղել է ոչ թե պետություն կառուցելու միջոց, այլ իշխանություն վաստակելու և այն պահելու միջոց, ինչին զոհ գնացին հանրային խոսքը, հարգանքը դիմացինի նկատմամբ և պետական մտածողությունը։
«Կամաց-կամաց խլեցին հավատը, որ Հայաստանում կարող է ինչ-որ բան փոխվել։ Բայց ես հոգնել եմ․ հոգնել եմ ատելության վրա իշխանություն պահողներից, սեփական վարկով պետությունը արժեզրկողներից, մի քաղաքական համակարգից, որը ոչ թե մարդկանց համախմբում է գաղափարների շուրջ, այլ հյուծում է, մաշեցնում է»,- ասաց Շահեն Հարությունյանը։
Բայց մեկ բան, իր համոզմամբ, չեն կարող մարդկանց մեջ սպանել՝ հավատը․ որ Հայաստանը կառուցվելու է ոչ թե դատարկ խոսքերի, այլ իրական արժեքների և գաղափարների վրա, որ Հայաստանը կառուցվելու է ոչ թե վրեժխնդրության ու վախի, այլ արդարության և սիրո վրա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































