Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է վերացնել հաշմանդամ մարդու մուրալու սովորությունը»

Հունվար 29,2014 14:10

«Ես այլեւս չկարողացա լսել, լսափողը ձեռքիս դողում էի ու արտասվում».- Գոհարն այսպես է ընդունել պետական կառույցից իրեն աշխատանքի հրավիրելու լուրը: Տարիներ ի վեր հասարակությունից մեկուսացած լինելով՝ չի սպասել, որ մի օր իր ունակությունները որեւէ գործատուի պետք կլինեն: 13 տարեկանում սխալ բուժում ստանալու հետեւանքով Գոհար Նավասարդյանը դարձել է հաշմանդամ՝ չի կարողանում քայլել: Անմատչելի միջավայրն էլ իր հերթին է դժվարացրել տեղաշարժվելու խնդիր ունեցող Գոհարի կյանքը, եւ չնայած նրան, որ 4-5 տարի է՝ մեր երկիրը վավերացրել է հաշմանդամ մարդկանց իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի կոնվենցիան, որով մի շարք պարտավորություններ է ստանձնել, սակայն դեռեւս հաշմանդամություն ունեցող մարդիկ սոցիալապես ներառված չեն հասարակություն: Գոհարն այժմ աշխատում է ճգնաժամային կառավարման կենտրոնի 911 ծառայությունում՝ որպես օպերատոր:

«Առավոտի» հետ զրույցում Գոհարն ասաց, որ աշխատանքի ընդունվելու հանգամանքը լիովին փոխել է իր կյանքը. 7-8 տարի հաշմանդամությամբ ու հասարակությունից մեկուսացած ապրելուց հետո, ինչպես ինքն է ասում, առաջին անգամ իրեն պետքական ու կարեւոր է զգում. «Հայաստանում շատ դժվար է, նախ՝ այն, որ հին շինություններ են, եւ ոչ մի հարմարություններ չկան, երկրորդ՝ որ մարդիկ ունեն հոգեբանական խնդիրներ՝ դեռ պատրաստ չեն հաշմանդամություն ունեցող մարդուն առաջին հայացքից ընդունել որպես լիարժեք մարդու: Երբ տեսնում են սովորում ես ու պատրաստակամ անում ես բոլոր առաջադրանքները, այդ ժամանակ հավատը քո անձի նկատմամբ մեծանում է»:
Գոհարն ասում է, որ իր օրը սկսվում է մեծ ոգեւորվածությամբ, քանի որ «երբ սիրով ես աշխատում եւ քեզ կարեւոր համարում որեւէ գործում, ապա դժվար տրտմությամբ արթնանաս, հատկապես այն դեպքերից հետո, երբ քո աշխատանքով փրկում ես մարդկանց: Այ, օրինակ, մի կին զանգահարել էր 911 եւ ուզում էր ինքնասպանություն գործել, երակներն էր կտրում, եթե ես երկար չզրուցեի նրա հետ՝ մինչեւ շտապօգնության տեղ հասնելը, Աստված գիտի՝ ինչ կպատահեր: Անչափ հաճելի է, երբ անկախ քո վիճակից՝ դու էլ կարող ես օգտակար լինել»:

Եթե գործատուն չհոգար նրա տեղափոխման հարցերը, ապա Գոհարը դժվար թե կարողանար ամեն օր տաքսիով հասնել աշխատավայր, ինչպես որ ստիպված արել է համալսարանում սովորելու ժամանակ:

Շրջապատի կարծրատիպերը հաղթահարած Գոհարը, սակայն, առանց քաղաքային իշխանությունների բարի կամքի չի կարող հաղթահարել անմատչելի միջավայրը: 4-5 տարի ՄԱԿ-ի կոնվենցիան վավերացրած մեր երկիրը հաշմանդամ մարդկանց համար մինչ այժմ ընդամենը մեկ կամ երկու հասարակական տրանսպորտ ունի, չնայած որ միայն մայրաքաղաքում հազարավոր հաշմանդամ մարդիկ կան:

«Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը գտնում է, որ հաշմանդամ մարդուն աշխատանքի ընդունելու հարցում մեծ դեր ունեն այդպիսի մարդկանց խնդիրներով զբաղվող հ/կ-ները, որոնք պետք է հաճախ հոգեբանական թրեյնինգներ անցկացնեն, նպաստեն մարդու ակտիվությանը, ինչն էլ բարձրացնում է հաշմանդամ մարդու ինքնագնահատականը, եւ նրանք դառնում են պոտենցիալ աշխատանք փնտրողներ: Մեզ հետ զրույցում պարոն Ալավերդյանն ասաց, որ գործատուն էլ իր հերթին պետք է կրթված լինի այդ հարցերում եւ հաշմանդամ մարդկանց աշխատանքի ընդունի ոչ թե խղճմտանքից ելնելով, այլ համոզված լինելով, որ նրանց կարողություններն իրեն անհրաժեշտ են եւ իր բիզնեսին օգուտ կբերեն եւ ոչ թե իր համար բեռ կդառնան: Արմեն Ալավերդյանի խոսքերով՝ օրենքը արտոնություններ է սահմանում հաշմանդամներին աշխատանքի ընդունող գործատուների համար: Ըստ նրա՝ հարկատուի հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է հարկատուի մոտ վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների 150 տոկոսի չափով: Այս նախաձեռնությունը գործատուին շահագրգռելու համար է արվել, որպեսզի վերջինս հնարավորության սահմանում գոնե մեկ հաշմանդամ մարդ ընդունի աշխատանքի: Պարոն Ալավերդյանի ներկայացմամբ՝ ներկայումս զբաղվածության ոլորտում որոշակի օրենսդրական փոփոխություններ են կատարվել: Կազմակերպությունների համար, անկախ սեփականության ձեւից, սահմանվել է աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվ (քվոտա)՝ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման համար: «Քվոտաները 5 տոկոս պետք է լինեն, այսինքն՝ 2015-16թթ. գործատուն ստորագրելուց հետո միանգամից պարտավոր չէ ընդունել հաշմանդամ աշխատող, բայց եթե թափուր աշխատատեղ լինի, նա պարտավոր է զբաղվածության կենտրոնին տեղեկացնել, եւ նրան առաջարկեն այն համապատասխան հաշմանդամ մարդուն, որը տվյալ պաշտոնին համապատասխանում է»,- ասաց Արմեն Ալավերդյանը՝ ավելացնելով, որ պետք է խրախուսվի հաշմանդամ մարդու ներուժը, քանի որ նրանք ավելի նվիրված են, ավելի շատ են գնահատում իրենց ընձեռված հնարավորությունները. «Բայց դե չի կարելի բացառել այն հաշմանդամներին, որոնք մտածում են անընդհատ օգնություն ստանալու մասին: Պետք է սովորեցնել նախ աշխատել եւ պահանջատեր լինել եւ վերացնել մուրալու սովորությունը, իսկ դրա համար պետության, հասարակական կազմակերպությունների եւ հաշմանդամ մարդկանց համատեղ գործունեությունն է անհրաժեշտ»:

Վիճակագրական տվյալներով՝ Հայաստանում բնակվող 193 հազար 836 հաշմանդամներից մոտ 105 հազարը աշխատունակ է, սակայն աշխատանքով ապահոված է միայն նրանց 8 տոկոսը: Հաշմանդամություն ունեցող մարդկանցից շատերը բավարարվում են կառավարության կողմից սահմանված թոշակով:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031