Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Վարչապետի խնամին հողատարա՞ծք է խլում

Փետրվար 08,2014 14:30

Քաղաքացիներ Սուսաննա Դավթյանն ու Լեմբերիկ Խաչատրյանը «Առավոտ» օրաթերթին պատմում են, թե ինչպես է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խնամին (աղջկա ընտանիքը)՝ Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանը, «ապօրինաբար տիրացել» իրենց քարե շինությանը: Արմեն Տիգրանյան 15 հասցեում 1982 թվականին Խաչատրյաններն իրենց բնակավայրին կից կառուցել են քարե շինություն, եւ Շրջխորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ քարե շինությունը ձեւակերպվել է Լեմբերիկ Խաչատրյանի անունով: Ա. Խաչատրյանի խոսքերով՝ հետագայում իրենք համաձայնության են եկել նաեւ իրենց հարեւան Արթուր Խաչատրյանի հետ եւ նրա համաձայնությամբ ստացել նրան պատկանող փոքր հողատարածքը: Նրա խոսքերով՝ իրենք բազմիցս դիմել են քաղաքապետարան, կադաստրի պետական կոմիտե՝ տարածքի եւ շինության սեփականաշնորհման համար, եւ ստացել են մերժում՝ հողի մասին օրենքի բացակայության հիմքով: Իսկ նախորդ տարի սեփականաշնորհման գործընթացը վերսկսելու համար նորից են դիմել, հենց այդ ժամանակ էլ գործը վերահսկող ճարտարապետից իմացել են, որ իրենց պատկանող քարե շինությունն ու դրանով ծանրաբեռնված հողատարածքն արդեն սեփականատերեր ունեն:
Սուսաննա Դավթյանի ներկայացմամբ՝ վարչապետի խնամին՝ Հրանտ Սուվարյանը, «հարեւաններին մոլորության մեջ գցելով»՝ համասեփականատեր է դարձել նաեւ նրանց հողատարածքին՝ ներառելով Լեմբերիկ Խաչատրյանին պատկանող քարե շինությունը:
«Պատճառաբանելով, թե համասեփականատեր դառնալով՝ կօգնի նրանց հեշտ սեփականաշնորհել իրենց հողատարածքներն ու գույքերը, առանձին երեք հարեւանների սեփական հողատարածքները դարձան ընդհանուր համասեփականություն՝ առանց մեր հարեւանների իմացության: Քաղաքապետարանի որոշմամբ՝ հաստատված ընդհանուր հատակագծում ներառվել է նաեւ մեր քարե շինությունը: Այն, որ Սուվարյանը նշված հողատարածքի համասեփականատեր չի եղել նախկինում, դրա մասին վկայում են մեզ մոտ եւ կադաստրում գտնվող փաստաթղթերը»,- ասաց տիկին Դավթյանը:

Ա. Խաչատրյանի խոսքերով՝ «համասեփականատերեր» Արթուր Խաչատրյանի, Հայկ Եղոյանի, Հրանտ Սուվարյանի լիազոր ներկայացուցիչ Հայկ Սարգսյանը, որը, ըստ որոշ տեղեկությունների, վարչապետի ազգականն է, հարցի լուծման համար դիմել է իրենց փաստաբանին եւ առաջարկել հաշտության պայմանագիր կնքել ու ներկայացրել նաեւ պայմանագրի պայմանները. «25 օր մեզ համոզում էին, որ ոչ քաղաքապետարան, ոչ էլ դատարան չդիմենք: Որոշվեց, որ հարցը կլուծվի քաղաքակիրթ ձեւով՝ հաշտության պայմանագիր կնքելով, ինչի համաձայն՝ սեփականության վկայական ստանալուց հետո բոլոր համասեփականատերերը կպարտավորվեն մեր քարե շինությունը մեզ նվիրատվությամբ անհատույց օտարել: Բայց մեզ խաբեցին ու այդպես էլ չներկայացան նոտարական գրասենյակ եւ չպատասխանեցին նույնիսկ մեր փաստաբանի զանգերին»:
2013 թվականի դեկտեմբերին խնդրի մասին Խաչատրյանները նամակով տեղեկացրել են նաեւ ՀՀ վարչապետին, բայց ոչ մի արձագանք մինչեւ հիմա չեն ստացել: Սուսաննա Դավթյանի խոսքերով՝ նոտարական գրասենյակ չեն ներկայացել, բայց փոխարենը նոր լիազորություն ստանալով համասեփականատերերից՝ պատրաստվում են դիմել կադաստրի պետական կոմիտե՝ սեփականաշնորհման կասեցված գործընթացը շարունակելու համար. «Եվ ներկայացնում է ինձ պատկանող շինության կեղծ ներքին չափագրություն՝ կազմված ԼԻԼԱՐՄԻՆ ընկերության կողմից, ինչը վկայում է, որ այդ կերպ խախտվել է իմ սեփականության եւ գույքի անձեռնմխելիության իրավունքը»:

Այս փաստով Խաչատրյանները դիմել են կադաստրի պետական կոմիտե՝ պահանջելով կասեցնել կեղծ փաստաթղթերի հիման վրա պետական գրանցման գործընթացը:
Հրանտ Սուվարյանն էլ մեզ հետ զրույցում հերքեց, թե իրենք որեւէ կապ ունեն Խաչատրյանների հողատարածքի կամ քարե շինության հետ. «Այդ հողը մեզ հետ ընդհանրապես կապ չունի, հարեւանի հողն է, մենք կապ չունենք: Այդ հողատարածքի կողքի տունը տղայիս տունն է, իսկ Լեմբերիկ Խաչատրյանի կառուցած քարե շինությունը՝ ավտոտնակը, գտնվում է նրա հարեւանի՝ Արթուր Խաչատրյանի հողատարածքում: Իրենք իրար հետ վաղուց են պայմանավորվել կառուցման հարցում, հիմա չգիտեմ՝ ինչ խնդիրներ են առաջացել, խնդիրներն իրենց մեջ են: Մենք կապ չունենք»:

Ավելի ուշ պարոն Սուվարյանն ասաց, որ իրենք համաձայն են, որ Լեմբերիկ Խաչատրյանի հողատարածքը իրենց սեփականությունը դառնա, եթե Խաչատրյանները կարողանան համաձայնություն վերցնել այն հարեւանից, ում հողատարածքում էլ կառուցել են իրենց շինությունը. «Այդ հարեւանը պետք է համաձայնի, թող համաձայնությունը բերի, ես ստորագրեմ: Մենք երկու հարեւանով թուղթը ստորագրել էինք, որ գնայինք նոտար, իսկ երրորդ հարեւանը, որ հողը իրենն է, չի ստորագրել, որ գա նոտար: Իսկ առանց իրեն մենք չենք կարող ոչինչ անել, հողը իրենն է»:

Լեմբերիկ Խաչատրյանն էլ պատմեց, որ Սուվարյանի մատնանշած հարեւանը անկողնային հիվանդ է, եւ ըստ պայմանավորվածության՝ նոտարին պետք է տանեին նրա տուն՝ ստորագրությունը ստանալու. «Ինչը տեղի չունեցավ, որովհետեւ ինչպես արդեն ասել էի՝ մյուս երկու համասեփականատերերը այդպես էլ չներկայացան»: Խաչատրյանները դիմել են Վարչական դատարան:

ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728