Լրահոս
Օրվա լրահոսը

Պե՞տք էր ստորագրել համատեղ հայտարարություն՝ ամեն գնով, թե՞ ճիշտը չստորագրելն էր․ (Տեսանյութ)

Փետրվար 11,2014 18:37

Հայաստան- Եվրամիություն խորհրդարանական համագործակցության կոմիտեի՝ Ստրասբուրգում կայացած նիստը, որը չավարտվեց համատեղ հայտարարությամբ, ինչպես սովորաբար լինում է, դարձել է լուրջ քննարկումների առարկա:

Պատվիրակության ոչ իշխանական մասը գտնում է, որ հայտարարությունը չստորագրվեց պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ն ներկայացնող Սամվել Ֆարմանյանի միանձնյա եւ չարդարացված որոշման արդյունքում: Պարոն Ֆարմանյանը հակադարձում է, որ հնարավոր չէ Հայաստանը ստորագրի համատեղ հայտարարության տակ, որը բարենպաստ չէ Լեռնային Ղարաբաղի համար: Նա ասում է, որ, եթե նման հայտարարություն ստորագրեր որեւէ չեզոք կազմակերպություն, մենք գուցե ուրախանայինք, սակայն եթե Հայաստանի կողմից է ստորագրվում համատեղ հայտարարություն, այն չպետք է լինի ընդամենը «ոչ վնասող», այլ պետք է լինի բարենպաստ:

Այսօր Ազգային ժողովում պատվիրակությունը հանդես եկավ համատեղ ասուլիսով, որի ընթացքում ներկայացվեցին կողմերի դիրքորոշումները:

ՀՅԴ-ն ներկայացնող պատգամավոր Աղվան Վարդանյանը նկատեց, որ, բնականաբար, սեպտեմբերի 3-ից հետո ԵՄ խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ իրենք նպատակ ունեին բացատրելու, որ, այո, Մաքսային միությունն արդեն փաստ է, բայց Հայաստանը ցանկանում է շարունակել Եվրոպայի հետ հարաբերությունները, գուցե նոր օրակարգով: Ինչ վերաբերում է հայտարարության տեքստին, որը այդպես էլ չստորագրվեց, պարոն Վարդանյանը կարծում է, որ այդ տեքստը, այնուամենայնիվ, կարելի էր ստորագրել, սակայն պատվիրակության ղեկավարը միանձնյա, կամ՝ խորհրդակցելով պաշտոնական Երեւանի հետ, որոշեց չստորագրել. «Մեր պատվիրակության բոլոր անդամների մոտ վերջում տարակուսանք առաջացավ, որովհետեւ նա կարող էր մեզ հետ քննարկել, կարող էինք խուսափել միանձնյա որոշումից եւ ունենալ համատեղ հայտարարություն, ինչից կշահեինք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սամվել Ֆարմանյանը չի կարծում, որ սա սպորտ է կամ պատերազմ, որտեղ հաղթողներ եւ պարտվողներ են լինում, ավելին, օրինակ է բերում ոչ միայն Ադրբեջանին, որը հինգ տարի շարունակ համատեղ հայտարարություն չի ստորագրում ԵՄ խորհրդարանականների հետ, այլեւ այլ երկրների, այդ թվում՝ Վրաստանին, որը խիստ եվրոպամետ է, սակայն կրկին ամեն տարի չէ, որ համատեղ հայտարարություն է ստորագրում:  Ֆարմանյանը նաեւ նշեց, որ հաճախ տեքստերի տողատակերում եղածն ավելի կարեւոր է, քան հենց տողերի վրա գրվածը, եւ եթե այս տեքստից հանված էին այն կարեւորագույն սկզբունքները, որոնք մենք հիմք ենք ընդունում ԼՂ հակամարտության լուծման համար՝ Հելսինկյան եզրափակիչ ակտում եւ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ եղած խաղաղ բանակցությունների ու ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքները, ապա մենք չպետք է ստորագրեինք այդ փաստաթուղթը. «Չեք գտնի ԼՂ հակամարտությանը վերաբերող որեւէ փաստաթուղթ՝ ստորագրված ՀՀ անունից, որտեղ հղում արված չէ միջազգային իրավական այն հիմնարար փաստաթղթերին, որոնք հիմնավորում են ժողովուրդների ինքնորոշման իրավունքը՝ որպես հակամարտությունների կարգավորման սկզբունք: Պարտադիր հղում է պետք ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ Հելսինկյան եզրափակիչ ակտին: Այլապես մենք գործ ունենք մի կողմի հետ, որը նույնիսկ պատմական հայտնի փաստերն է շահարկում, իսկ այս պարագայում մեր ստորագրած փաստաթուղթը, որտեղ չլինեին այդ սկզբունքները, կարող էր դիտարկվել որպես մեր կողմի համաձայնությունը՝ ԼՂ հակամարտության լուծման սկզբունքներն այլ տեղերում փնտրելու համար»:

Մանրամասները՝ տեսանյութում.

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը վստահ է, որ պետք էր ստորագրել, քանի որ սա արդեն ոչ թե առաջին դեպքն է, որ չստորագրվեց համատեղ հայտարարություն, այլ՝ երկրորդ, եթե հաշվի առնենք, որ 2013-ին ԵՄ խորհրդարանականներն ուղղակի չեկան Հայաստան: «Երկու անգամ իրար վրա փաստաթուղթ չընդունելը շատ վատ է: Պարզ է, որ սեպտեմբերի 3-ից հետո մենք շռնդալից հաղթանակ չէինք կարող ակնկալել, դա մեզ շատ կլիներ, բայց մենք կարող էինք բավարարվել մեր շահերը չվնասող հայտարարություն ընդունելով: Այս տեքստը չէր հակասելու մեր ունեցածին, գուցե մեջը մի բան պակաս էր, բայց դա այն պակասը չէր, որի համար պետք էր չստորագրել»:

ՀԱԿ խմբակցությունից Նիկոլ Փաշինյանը երեք հետեւություն էր արել իր համար՝ ՀՀ-ԵՄ հարաբերություններում գաղջ մթնոլորտ է ձեւավորվել, Հայաստանը Եվրամիության հետ հարաբերությունների վատացման հաշվին է խորացնում Մաքսային միության հետ հարաբերությունները, եւ Հայաստանին այլեւս չեն ընկալում որպես ինքնուրույն, անկախ միավոր:

Մանրամասները՝ տեսանյութում.

Նիկոլ Փաշինյանը նաեւ հիշեց, որ 2012թ.-ին ստորագրված հայտարարությունը, որն այդքան դրական է ներկայանում բոլորի համար, ընդունվել էր ամենավերջին վայրկյաններին՝ բուռն քննարկումների արդյունքում, իսկ այս անգամ կողմերից մեկը՝ ԵՄ պատվիրակությունը, եկավ եւ ասաց՝ սա է ու վերջ, եւ այդ դեպքում անիմաստ էր անգամ սկսել քննարկումը: Նա եվրոպական կողմի այս վերաբերմունքը բացատրում էր նրանով, որ երկու կողմերն էլ՝ հայաստանյան եւ եվրոպական, իրենց իշխանությունների մակարդակով ի սկզբանե հակված չէին ընդունել որեւէ հայտարարություն: «Ես կողմ էի, որ մենք բանակցենք եւ վերջում ընդունենք հայտարարություն՝ որպես պատվիրակություն-պատվիրակություն, բայց պարզվեց, որ մենք գնացել էինք, բայց բանակցողները ոչ թե մենք էինք, այլ Հովիկ Աբրահամյանն ու Էդվարդ Նալբանդյանը, որոնց հետ համաձայնեցնում էր Ֆարմանյանը ամեն ինչ»,-ասաց Փաշինյանը: «Ու հետո վերադառնալ Երեւան եւ ասել, որ այ, եվրոպացիները Ղարաբաղը հանձնում էին Ադրբեջանին, իսկ մենք Մատրոսովի նման կանգնեցինք ու չթողոցինք… »,-Նիկոլ Փաշինյանի այս համեմատությունը Սամվել Ֆարմանյանը «իր վրա վերցրեց» եւ ընդհատեց՝ «Նիկոլ, կոռեկտ խոսա»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Թեւան Պողոսյանը շեշտը դրեց նրա վրա, որ ակնհայտ էր, որ Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ կորցրել է հավասարակշռության նժարը, եւ հիմա պետք է ոչ թե մտածել արդեն եղած, կատարված փաստի մասին, այլ հասկանալ, թե ինչ պետք է անել, ինչ միջոցներ ձեռնարկել՝ ԵՄ հետ հարաբերությունները խորացնելու համար:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ասաց, որ, չնայած ակնհայտ էր, որ եվրոպացիների մոտ տարակուսանք եւ հիասթափություն կար, բայց նաեւ հստակ էր, որ Եվրոպայի դուռը մեզ համար չի փակվել, եւ Հայաստանը հնարավորություն ունի մտնել այդ դռնից ներս, եւ եթե իր շահերը վերագնահատելուց հետո Հայաստանը հասկանա, որ Մաքսային միությանը միանալը շատ ավելի ցածր արժեք է, քան ԵՄ հետ հարաբերությունների խորացումը, պետք է քայլեր ձեռնարկի:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728