Նոյեմբերի առաջին շաբաթները Հայաստանում կրկին նշանավորվեցին FEMINNO 2026 միջազգային համաժողովով՝ այս տարի առաջին անգամ ընդգրկելով ոչ միայն Երևանը, այլև Սյունիքը, Տավուշն ու Լոռին։ «Վերաշարադրելով ապագան — ԱԲ. Նորարարություն. Մարդկային ներուժ» խորագրով համաժողովը միավորեց ավելի քան 30 հայաստանյան և միջազգային խոսնակների՝ արհեստական բանականության, կրթության, նորարարության, ձեռներեցության և մարդկային ներուժի զարգացման շուրջ։
Այս տարվա գլխավոր փոփոխությունը FEMINNO-ի աշխարհագրական ընդլայնումն էր։ Նպատակն էր միջազգային փորձը, նոր գիտելիքն ու հնարավորությունները հասանելի դարձնել նաև մարզերի երիտասարդներին։ Համաժողովի մարզային կանգառները կայացան Գորիսում, Դիլիջանի UWC միջազգային դպրոցում և Լոռու COAF SMART կենտրոնում։ Հատկապես UWC Dilijan-ի և Հայաստանի Մանուկներ հիմնադրամի (COAF) հետ համագործակցությունը կարևոր քայլ էր կրթական ու նորարարական նոր հնարավորություններ Հայաստանի համայնքներ հասցնելու ճանապարհին։
Համաժողովի միջազգային խոսնակների թվում էին Ստեֆան Բողոսյանը Լիբանանից, կանանց իրավունքների միջազգային պաշտպան Հուրի Գեդելեկյանը Միացյալ Նահանգներից, արհեստական բանականության փորձագետ Ռիչարդ Վավրենան Սլովակիայից և այլ հեղինակավոր մասնագետներ։ Ծրագրի առանձնահատուկ իրադարձություններից էր նաև ԵՊԲՀ պատվավոր դոկտոր, շմոինդով լոռեցի Կարինե Սարգսյանի մասնակցությամբ բացառիկ փոդքասթ զրույցը Նարեկ Ամիրխանյանի հետ հենց Լեռիում։ Քննարկումների առանցքում էին կրթության վերափոխումը AI-ի դարաշրջանում, աշխատանքի ապագան, կանանց առաջնորդությունն ու տեխնոլոգիաների պատասխանատու կիրառությունը։ Կին ձեռներեցների համար անցկացվեց նաև «She Builds with AI – Նա ստեղծում է ԱԲ-ով» գործնական աշխատարանը՝ նվիրված արհեստական բանականության գործիքների արդյունավետ օգտագործմանը բիզնեսում։
FEMINNO 2026-ի առանցքային ուղղություններից էր երիտասարդների, հատկապես աղջիկների համար նոր հնարավորությունների ստեղծումը։ Համաժողովի բոլոր չորս վայրերում ամփոփվեց «Մասնագիտություններ և դերեր առանց «բայց»-երի» ծրագիրը՝ մարտահրավեր նետելով մասնագիտական ընտրության եւ ընտանիքում դերերի շուրջ գենդերային կարծրատիպերին։ Ներկայացվեցին նաև FEMINNO-ի շարունակական կրթական նախաձեռնությունները, այդ թվում՝ AI Academy-ն և STEM/ԲՏՃՄ խթանման մրցանակաբաշխությունը, որի երրորդ տարում ավելի քան 400 դիմորդներից ընտրվել էր շուրջ 300 աղջիկ Հայաստանի տարբեր համայնքներից։ Նրանից երկուսը՝ Սյունիքի մարզից, նաև հնարավորություն էին ստացել օգոստոսին այցելելու Նյու Յորք քաղաք՝ ՖԵՄԻՆՆՈ-ի գործընկերների համար բացահայտելու իրենց փորձառությունը։
Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ ՖԵՄԻՆՆՈ համաժողովի կարևոր իրադարձություն դարձավ Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակային ծրագրի նոր փուլը։ Եվս վեց աղջիկ և կին ստացան կրթական աջակցություն՝ գիտության, տեխնոլոգիաների և հարակից ոլորտներում իրենց ուսումն ու մասնագիտական զարգացումը շարունակելու համար։ Նոր կրթաթոշակառուները սովորում են Հայաստանի և արտերկրի հեղինակավոր համալսարաններում, այդ թվում՝ Սորբոնում և Լոնդոնի Քինգս քոլեջում։ Կրթաթոշակային ծրագիրը FEMINNO-ի երկարաժամկետ առաքելության կարևոր մասն է՝ աջակցել տաղանդավոր աղջիկներին ոչ միայն իրենց առաջին քայլերում, այլև բարձրագույն կրթության և մասնագիտական կայացման ճանապարհին։
«Մեզ համար կարևոր է, որ Հայաստանի ցանկացած մարզում ապրող աղջիկ կարողանա տեսնել իր տեղը գիտության, տեխնոլոգիաների և նորարարության աշխարհում։ Այս տարի մենք ոչ միայն միջազգային խոսնակներին ու քննարկումները տարանք մարզեր, այլև ևս մեկ անգամ ցույց տվեցինք, որ իրական փոփոխությունը սկսվում է հնարավորությունների հասանելիությունից։ FEMINNO-ն միայն համաժողով չէ․ մենք կառուցում ենք միջավայր, որտեղ ոգեշնչումը վերածվում է կրթության, կապերի և իրական հնարավորությունների», — նշում է FEMINNO-ի հիմնադիր և նախագահ Սեդա Պապոյանը։
FEMINNO-ն շարունակում է զարգացնել կանանց և աղջիկների մասնակցությունը գիտության, տեխնոլոգիաների ու նորարարության ոլորտներում՝ համադրելով միջազգային համագործակցությունը, կրթական ծրագրերը, մենթորությունն ու երիտասարդների առաջնորդության խթանումը։ 2026 թվականից ԱՄՆ-ում գործում է նաև FEMINNO Foundation հիմնադրամը, որի նպատակն է ընդլայնել կազմակերպության միջազգային համագործակցությունը, ներգրավել նոր գործընկերներ և աջակցել աղջիկների ու կանանց կրթական և առաջնորդության հնարավորությունների զարգացմանը միջազգային մակարդակով։



















































