Լրահոս
Ո՞ւմ ճանապարհն է TRIPP-ը
Օրվա լրահոսը

«Հայաստանը մի շանս ունի՝ նորից վերածվել ուժային գործոնի և այդ դիրքերից խոսել բոլորի հետ՝ թե թշնամիների, թե դաշնակիցների»․ Հրանտ Տեր-Աբրահամյան

Նոյեմբեր 18,2026 13:16 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ի՞նչ խաղաղություն է սա։ Խաղաղությունն օդից չի ընկնում։ Այն, ինչ մենք այսօր ունենք, պետք է հասկանանք, որ կոնկրետ հետևանք է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, այսինքն՝ պարտության, չնայած՝ ճիշտ կլինի ասել՝ պարտության ընդունման»,- ԱԺ շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ ասաց «Մարտական եղբայրություն» միաբանության Ազգային հեղափոխություն կուսակցության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը։

«Մեր բոլոր քաղաքական ուժերն ու իմաստունները հայոց միշտ ասում են՝ պետք էր դադարեցնել պատերազմը։ Միշտ ասում են՝ դադարեցնել, չեն ասում՝ հանձնվել, որովհետև դադարեցնել պատերազմը նշանակում է հանձնվել։ Բոլորը դրա կողմնակիցն են, վիճում են միայն ժամկետների մասին․ Նիկոլենք ասում են՝ դե մենք նոյեմբերի 9-ին հանձնվեցինք, դա էր ճիշտ, մյուսներն ասում են՝ պետք էր հոկտեմբերի 19-ին դադարեցնել արյունահեղությունը, այսինքն՝ հանձնվել, այսինքն՝ շուտ կապիտուլյացիայի ենթարկվել»,- հավելեց Հրանտ Տեր-Աբրահամյանը։

Նա անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին․ «Ասում են՝ մենք առաջ սխալվում էինք, ասում էինք՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», հետո հասկացանք։ Ո՞նց հասկացան, տունը նստեցին, մտածեցի՞ն, չէ, տփոց կերան և հասկացան։ Այսինքն՝ իրենք այն մարդիկ են, որոնց, երբ տփում ես, իրենք տփոցից խելքի են գալիս։ Իրենք դա են ասում իրենց մասին՝ մենք այն տղերքն ենք, որ տփվում ենք ու մեր սկզբունքներից հետ ենք կանգնում։ Մարդն ընդունում է տփողի տեսակետը և ասում՝ այ հիմա ես դարձա խաղաղասեր, ուրեմն, սա տփոց կերածի խաղաղասիրություն է։ Եվ սա միայն էմոցիոնալ բան չէ, սա շատ կոնկրետ քաղաքական իրողություն է։ Այսինքն՝ սա խաղաղություն է Ադրբեջանի պայմաններով, առնվազն, հիմա չեմ հիշատակում Ադրբեջանի դաշնակիցներին։ Մենք ենք իրենց հաղթած ճանաչել, որովհետև իրենք մեր ժողովրդին չեն ջախջախել, մեր բանակը չեն ջախջախել։ Մենք կրել ենք որոշակի անհաջողություններ, շատ լուրջ ճակատամարտեր ենք պարտվել, բայց պատերազմ չի պարտվել ոչ մեր ժողովուրդը, ոչ մեր բանակը։ Դա իրենք են ընդունել իրենց վրա, և հիմա Ադրբեջանն ասում է՝ դե որ պարտվել ես, պիտի վճարես, ընդ որում՝ անվերջ պիտի վճարես»։

«Եվ երբ ասում ենք՝ Ադրբեջանի պայմաններով խաղաղություն կամ Ադրբեջանի գերակայությամբ, սրանք հենց այնպես խոսքեր չեն, շատ կոնկրետ բան է։ Օրինակ, ասում են՝ սահմանազատում։ Ի՞նչ սահմանազատում, ոչ մի սահմանազատում չի եղել, եղել է մի դեպք, երբ Ոսկեպարում մենք զիջել ենք դիրքերը, ընդ որում՝ մեր իսկ ղեկավարի խոստովանությամբ՝ եթե չզիջեինք՝ պատերազմ կսկսվեր։ Այսինքն՝ դա խաղաղ գործընթաց չէր, դա ուժային վերջնագիր էր։ Եվ միայն այս դրվագն է եղել՝ Ադրբեջանի պահանջով, վերջ։ 2024 թվականից հետո ասում են՝ սահմանազատում. մի հատ ցույց տվեք ինձ՝ որտե՞ղ է շարունակվել այդ սահմանազատումը կամ որտե՞ղ է դա հայերի օգտին եղել։ Այսինքն՝ միակողմանի, անհավասար իրավիճակ է»,- ասաց նա։

Հրանտ-Տեր Աբրահամյանի խոսքով՝ Ադրբեջանի պահանջով ՀՀ Սահմանադրության փոփոխությունը նշանակում է վերջնագիր, ուժային պահանջ, Հայաստանի ներքին գործերի մեջ խառնվել, Հայաստանը թշնամի պետությունից կառավարել։

«Այս խաղաղեցումը մենակ հայ ժողովրդի համար է։ Ադրբեջանն ասում է՝ դուք պետք է փոխեք ձեր Սահմանադրությունը, մենք ոչ մի բան չենք պատրաստվում անել, մեր Սահմանադրությունը ոնց կա, այդպես էլ մնալու է՝ իր բոլոր թաքնված տարածքային պահանջներով Հայաստանի նկատմամբ»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ սա այսպես կոչված խաղաղություն է, որը մենք պարտքով վերցրել ենք ապագայից՝ մեր սերունդների հաշվին, և վճարելու են մեր սերունդները, որովհետև կոնֆլիկտի վերաբացումն անխուսափելի է։ Երբ մի կողմն անընդհատ զիջում է, անընդհատ հարմարվում է, պայթյունն անխուսափելի է։

«Պայթյունն անխուսափելի է լինում նույնիսկ հակառակ մեր կամքին, որովհետև այդ պահանջները անվերջ են, և գալու է մի պահ, երբ պարզապես նույնիսկ ամենախաղասերը կասի՝ չէ, ես էլ չեմ կարող», և լինելու է պայթյուն՝ շատ ավելի վատ դիրքերից, քան մենք ունեցել ենք։ Եվ երբ ասում են՝ հանուն մեր երեխաների խաղաղություն, ես հակառակն եմ ասում՝ նորից խնդիրը թողեցինք մեր ապագա սերունդներին, ոնց որ մեր պապերը 1920 թվականին չուզեցին կռվել։ Հիմա մենք թողնում ենք մեր ապագա սերունդներին, որովհետև մենք չենք ուզում կռվել»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով լուծումներին՝ Հրանտ Տեր-Աբրահամյանն ասաց․ «Լուծումը շատ պարզ է՝ այս ամբողջ պատրանքներից մենք պետք է ազատվենք, որ իբր հնարավոր է հավասար պայմաններով խաղաղություն Ադրբեջանի հետ։ Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանը մի շանս ունի՝ նորից վերածվել ուժային գործոնի և այդ դիրքերից խոսել բոլորի հետ՝ թե թշնամիների, թե դաշնակիցների, և կտեսնեք՝ ինչպես են խոսելու սկսած Ադրբեջանից և Թուրքիայից, Ռուսաստանից մինչև մնացած բոլորը։ Ի՞նչ է նշանակում ուժային գործոն, ասում են՝ դա ի՞նչ է, պատերա՞զմ ես ուզում։ Դա նշանակում է պարզ բան՝ ուժին ուժով պատասխանելու կարողություն։ Քո դիմացինը պիտի իմանա, որ հաջորդ անիմաստ պահանջի դեպքում դու այն չես կատարելու և պատրաստ ես դա պաշտպանել։ Եվ դա սկսվում է շատ պրիմիտիվ, շատ պարզ բաներից, ոչ թե ինչ-որ մեծ բաներից։ Օրինակ՝ անում ենք սահմանազատում, ուրեմն հաջորդ քայլով Ադրբեջանը, ի պատասխան նրա, որ մենք Ոսկեպարում զիջումներ ենք արել, Ջերմուկից, Վարդենիսից, պիտի դուրս գա։ Պահանջում ենք սա, նորմալ, տրամաբանական բան է, չէ՞, ոչ մի սարսափելի բան դրա մեջ չկա։ Թող ազատագրեն որպես բարի կամքի դրսևորում։ Երկրորդը՝ սկզբում կփոխեք ձեր Սահմանադրությունը, հետո մենք կմտածենք։ Եվ ընդհանրապես ճիշտ սկզբունքն այն է, որ մենք ներքին գործերին չենք խառնում, սահմանադրությունների հետ գործ չունենք, խաղաղություն ենք ուզում, մենք գործ չունենք ներքին գործերի հետ, մենք իրար միջև խաղաղություն ենք կնքում։ Անո՞ւմ է Ադրբեջանը դա։ Իհարկե, ինքը չի անելու, չի անելու, որովհետև ինքը ասում է՝ ես կգամ, քեզ կջարդեմ»։

Նրա խոսքով՝ ամեն օր ժողովրդին վախեցնում են պատերազմով։ Ամբողջ կառավարման համակարգի փիլիսոփայությունը ինչի՞ վրա է հիմնված՝ «գլուխներդ չբարձրացնեք՝ կռիվ կլինի», «ինձ ընտրեք, թե չէ կռիվ կլինի», «Ոսկեպարը զիջեք, թե չէ կռիվ կլինի», «Սահմանադրությունը փոխեք, թե չէ կռիվ կլինի»։

«Այսինքն՝ իրականում կռվի, պատերազմի վախով են կառավարում։ Այսպես մենակ թշնամին է վերաբերվում մեր ժողովրդին։ Այսպես հայ ժողովրդին, օրինակ, կառավարել է Սովետական միությունը․ ասում էին՝ «եթե դուք անկախանաք՝ թուրքը ձեզ կուտի»։ Հիմա մեզ ասում են՝ թուրքի հետ իբր խաղաղություն է, բայց միևնույն ժամանակ ասում են՝ թուրքը ձեզ կուտի։ Բա եթե թուրքը այդքան լավն է, ուզում եք հետը խաղաղ ապրել, բա ինչի՞ եք մեզ ամեն օր թուրքով վախեցնում։ Սա միայն կագեբեշնիկներն են արել հայ ժողովրդի հանդեպ, մեկ էլ այսօրվա «սուպերինքնիշխանական, սուպերանկախական» կառավարությունը։ Սա է ամբողջ փիլիսոփայությունը, և այս փիլիսոփայությունը անառողջ, հոգեկան հիվանդի փիլիսոփայություն է, որը բնականաբար մինչև չփոխես՝ այս երկիրն անկախ երկիր չի դառնալու»,- ասաց Տեր-Աբրահամյանը։

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30