Region Monitor. Իրանը պատրաստ է ընդլայնել Հայաստանի հետ համագործակցությունը էներգետիկ ոլորտում, այդ թվում՝ մասնակցելով Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարարի պաշտոնակատար Համիդ Բովարդը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպման ընթացքում։
Հանդիպմանն անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին և նավթային ոլորտում առկա համագործակցության հեռանկարներին՝ Բովարդը նշել է, որ Իրանի նավթի նախարարությունը Հայաստանի հետ կապերի զարգացման որևէ սահմանափակում չի տեսնում։
Նրա խոսքով՝ Իրանը պատրաստ է իր տեխնիկական և ինժեներական ներուժն օգտագործել Հայաստանում էներգետիկ խոշոր ծրագրերի իրականացման, ինչպես նաև նավթավերամշակման գործարանի կառուցման համար։
Բովարդը տեղեկացրել է, որ արդեն արդյունավետ բանակցություններ են անցկացվել գործարանի շինարարությանն իրանական մասնավոր հատվածի ներգրավման շուրջ։ Նա ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է քննարկել և ընդունել հայկական կողմի առաջարկներն ու դիտարկումները։
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում Իրանի նավթի նախարարի պաշտոնակատարը նաև առաջարկել է Հայաստանի հետ զարգացնել գազային առևտրի նոր ուղղություններ՝ պատրաստակամություն հայտնելով տեխնիկապես ուսումնասիրել այլընտրանքային երթուղիների հնարավորությունները։



















































