Լրահոս
Ո՞ւմ ճանապարհն է TRIPP-ը
Օրվա լրահոսը

«Աննախադեպ հաջողությունները» բազմացնում են «ժողովրդի թշնամիներին»

Նոյեմբեր 18,2026 14:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Այդ օրինաչափությունը նկարագրել է դեռեւս ընկեր Ստալինը

1937 թվականի նոյեմբերի 7-ի ընդունելության ժամանակ Ստալինը` իր բաժակաճառի ժամանակ, ասել է բառացիորեն հետեւյալը (նրա խոսքը գրանցվել է վկաների կողմից). «Մենք ոչնչացնելու ենք բոլոր թշնամիներին՝ ով էլ լինի, թեկուզ լինի հին բոլշեւիկ, մենք ոչնչացնելու ենք նրա ամբողջ ցեղը, ամբողջ ընտանիքը»: Հետապնդել ոչ միայն «թշնամուն», այլեւ նրա ընտանիքը՝ բռնապետերի հին, դարերից եկող ավանդույթ է, որը հասել է մինչեւ մեր ժամանակները: Եթե կաթողիկոս Գարեգին Բ-ն «թշնամի է», ապա բնական է, որ «թշնամի» են նաեւ նրա եղբայրը եւ զարմիկը: Կամ՝ «թշնամի» է երիտասարդ ՀՀԿ-ական Աննա Մկրտչյանի հայրը: Փոխվել են հոդվածները. օրինակ, նա, ով առաջ կոչվում էր «վնասատու», հիմա կոչվում է «թալանչի»: Բայց էությունը չի փոխվել: Պետական ռեպրեսիվ ապարատի ճնշումներն ընտանիքի վրա տարածելը մարդկանց խեղճացնելու, վախեցնելու նպատակ ունի: Ոմանք իսկապես խեղճանում են:
Պատահում է, որ մարդիկ «գործուն զղջում» են դրսեւորում իրենց նախորդ «թշնամական գործունեության» հանդեպ, միանում են իշխող կուսակցության գծին ու «ներում» են ստանում: Գորիսի ներկայիս քաղաքապետ Առուշ Առուշանյանն, օրինակ, բազմիցս եւ մի քանի հոդվածներով ձերբակալվել է, կալանավորվել է ու նույնիսկ դատապարտվել: Այդ գործողությունների արդյունքում, հավանաբար, վերադաստիարակվել է, ապաշխարել է, ընդունել է ՔՊ-ական-նիկոլական կրոնը, եւ հիմա, խնդրեմ՝ ոչ թե ժողովրդի թշնամի է, այլ նրա լավագույն բարեկամներից մեկը:
Բնական է, որ բռնաճնշումները կոտրում են մարդկանց: Ինչպես ասում է Ստրուգացկի եղբայրների հերոսներից մեկը՝ «վերադաստիարակված-փոշմանած» մի բանաստեղծ՝ «ինձ բացատրեցին, որ ճշմարտությունն այն է, ինչը հիմա օգտակար է թագավորին: Մնացած ամեն ինչը սուտ է եւ հանցագործություն: Եվ հիմա ես գրում եմ միայն ճշմարտությունը»:

Բայց ինչո՞ւ են «մեծն առաջնորդի» կամ իշխող կուսակցության բոլոր քայլերի իրավացիությունը կասկածի տակ դնողները «ժողովրդի թշնամի»: Շատ պարզ. որովհետեւ թե՛ առաջնորդը, թե՛ կուսակցությունը ժողովրդինն են, ժողովուրդն է նրանց ընտրել: Հետեւաբար, եթե դուք դեմ եք նրանց, ապա դեմ եք ժողովրդին: Պարզապես Ստալինի ժամանակ արտաքին թշնամիներն իմպերիալիստներն էին, գերմանական ֆաշիստները եւ ճապոնական միլիտարիստները, իսկ հիմա, ըստ պաշտոնական (երբեմն փոքր-ինչ քողարկված) քարոզչության՝ Հայաստանի արտաքին թշնամին Ռուսաստանն է, ու հենց այդ պատճառով է, որ մեր երկրում այդքան բազմացել են «ռուսական լրտեսներն ու գործակալները», «ռսաստրուկները» եւ «հիբրիդային պատերազմի մարտիկները», որոնց դեմ, լուսավոր եվրոպական կառույցների հետ համագործակցելով, կենաց-մահու պայքար են մղում մեր ժամանակակից «չեկիստները»: Որովհետեւ, բացի «ժողովրդի թշնամի», «թալանչի», «ռսաստրուկ» եւ «ռուսների վարձկան» լինելուց, իշխանություններին  քննադատելու այլ պատճառ եւ այլ մոտիվացիա չկա:

Իսկ  «լրտեսների» ու «գործակալների» այս աննախադեպ բազմացումը նույնպես միանգամայն բացատրելի է, եւ ժամանակին այդ օրինաչափությունը հայտնաբերել է դարձյալ ընկեր Ստալինը: 1937 թվականի մարտի  3-ին, իր կուսակցության պլենումում նա ասել է. «Որքան շատ մենք շարժվենք առաջ, որքան շատ լինեն մեր հաջողությունները, այնքան շատ են չարանալու ջախջախված շահագործող դասակարգերի մնացուկները, այնքան շատ են նրանք գնալու պայքարի ավելի սուր ձեւերի»:

Մեր իրականության մեջ այդ օրինաչափությունն արտահայտվում է հետեւյալ կերպ. «պատերազմի եռագլուխ կուսակցությունը» ջախջախված է, դրա առաջնորդները բանտերում են, ՔՊ-ն  հաստատել է խաղաղություն, կառուցել է ինքնիշխան, բարեկեցիկ պետություն, շուտով մեր տիեզերանավերը կճամփորդեն տիեզերքի ընդարձակություններում, բայց ռսաստրուկների մնացուկները ծանր են տանում այդ աննախադեպ հաջողությունները եւ բազմապատկել են իրենց հիբրիդային ջանքերը:
…Ի դեպ, ժողովրդավարության, խոսքի ազատության մասին էլ է ՔՊ-ն մտածում: Շուտով իշխող ուժը օրենք է ընդունելու, ըստ որի՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք կարող են օգնել լրատվամիջոցներին: Բայց ով, ում, երբ եւ որքան է օգնելու՝ որոշելու է կառավարությունը: Խոսքի ազատության մասին կետ կար նաեւ 1936  թվականի խորհրդային սահմանադրության մեջ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.11.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել