Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասեր. «Չեմ կարող պատկերացնել ավելի երաժշտական երկիր, քան՝ Հայաստանը»

Մարտ 05,2014 15:07

Մարտի 5-ին Երևանի հյուրանոցներից մեկում առաջին անգամ Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան պրն. Լուկաս Գասերը հանդիպեց լրագրողների հետ: Պարոն Գասերը ներկայացրեց Շվեյցարիայի դեսպանատան նախաձեռնած գալիք միջոցառումները: Միջոցառումներն առնչվում են երեք ոլորտներին՝ գինեգործություն, ոսկերչական իրերի դիզայն և թվային երաժշտություն:

Նա նշեց, որ միջոցառումների նպատակը Շվեյցարիան ողջ բազմազանության մեջ ներկայացնելն է: Միջոցառումները տեղի են ունենալու մարտի 14-21-ը և ապրիլի 5-ին: Մարտի 14-ին Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում լինելու է դասախոսությունը, որը վարելու է «Wine Grapes» գրքի հեղինակ Ժոզե Վույամոն: Գիրքը հրատարակված է անգլերենով, հեղինակը ներկայացրել է խաղողի տարբեր տեսակներ, այդ թվում նաև հայկական տեսակները (արենի, կանգուն և այլն): Մարտի 15-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում անցկացվելու է գինու համտես և ճաշկերույթ: «Դոկտոր Վույամոնի այցելությունը Հայաստան լավագույն առիթն է կարծիքներ փոխանակելու գինեգործության ոլորտում, բայց նաև լավ հնարավորություն է ծանոթանալ և համտեսել շվեյցարական գինիները»,- ասաց դեսպանը:

Միջոցառումների շրջանակներում լինելու է նաև ոսկերչական գործերի ցուցադրություն: Ցուցադրությանը լինելու են Ժնևի արվեստի և դիզայնի դպրոցի ոսկերչական դիզայնի բաժնի ուսանողների պատրաստած աշխատանքները: «Ծրագրի շրջանակներում մարտի 19-ին Գեղարվեստի ակադեմիայում տեղի է ունենալու «Վերնիսաժ», որտեղ լինելու է նաև դպրոցի ներկայացուցիչը, իսկ մարտի 20-ին և 21-ին՝ ժամը 11.00-18.00-ն»,-նշեց դեսպանը:

Այնուհետև անդրադարձավ միջոցառումների երրորդ հատվածին՝ թվային երաժշտությանը: Դեսպանատան հրավերով DJ Օլիվեր Շայնը ապրիլի 5-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում անցկացնելու է սեմինար: Նույն օրը երեկոյան ժամը 22.00-ին նա ելույթ է ունենալու «Kami» ակումբում: Խոսելով հայերի երաժշտականության մասին՝ դեսպանն ասաց. «Չեմ կարող պատկերացնել ավելի երաժշտական երկիր, քան Հայաստանը»:

Վարդուհի ԲԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31