Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն էր ՏԻՄ ընտրություններում ընդդիմության պասիվության պատճառը

Մարտ 10,2014 18:35

Երեկ ՀՀ 53 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առանձնակի ուշադրության էր արժանի այն փաստը, որ ընդդիմադիր կուսակցությունները բավականին պասիվ էին մասնակցության առումով: Թեև գրանցվեցին որոշ բացառություններ, երբ որոշ համայնքներում ՀՀԿ-ական թեկնածուի նկատմամբ հաղթանակ տարան անկուսակցական, մեկ այլ դեպքում ՀՅԴ-ի թեկնածուները, բայց ընդդիմության պասիվության մասին էին խոսում մասնակցության ցուցանիշները: Մասնավորապես  համայնքի ղեկավարի թեկնածուներից 18-ը անկուսակցական էին, ավագանու անդամներից 175-ն էին անկուսակցական: Իշխող ՀՀԿ-ից առաջադրվել էին 40 համայնքի ղեկավարի թեկնածուներ, 110 ավագանու անդամի թեկնածու: Կոալիցիոն ՕԵԿ-ից մեկ համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրվել: Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունից առաջադրվել է ավագանու անդամի մեկ թեկնածու, ՀՅԴ-ից համայնքի ղեկավարի մեկ եւ 5 ավագանու անդամի: Այլընտրանք ԲՀԿ-ից համայնքի ղեկավարի` 4, ավագանու անդամի 15 թեկնածու: Ընդդիմադիր ՀԱԿ-ն այս ընտրություններին չմասնակցեց ընտրություններին:

Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս են գնահատում ընդդիմադիր ուժերի նման պասիվությունը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը պատասխանեց. «Խայտառակ բան է: Համարում  են, որ այն քաղաքական ուժերը, որ իրենց ընդդիմություն են համարում, պարտավոր են մասնակցել բոլոր մակարդակի ընտրություններին, ինչքան էլ հիասթափված լինեն: Այսպիսի փաստերը խոսում են այն մասին, որ նրանց միայն պաշտոնն է  հարկավոր, սա ինձ համար անընդունելի է: Բոլոր խնդիրների գլխին պիտի կանգնած լինեն»:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նույն հարցի կապակցությամբ ասաց. «Ընդդիմություն գոյություն չունի, ինքնակառավարման համակարգում ընդդիմության որևիցե քաղաքական կոնցեպցիա գոյություն չունի: ՏՒՄ խնդիրները չեն հանդիսանում քաղաքական ուժերի օրակարգային հարց: Դրանք իշխանության համար լծակ են, ընդդիմության համար էլ չեն հանդիսանում քաղաքական օրակարգային հարց»: Պարոն Սաքունցը նշեց, որ եզակի բացառությունները իմիտացիա են և առանձնակի դերակատարություն ունենալ չեն կարող ընտրական գործընթացների վրա:

Aravot.am-ը այս մասին մեկնաբանություններ ստացավ «Քաղաքական միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանից: Նա ընդդիմության պասիվության կարևոր պատճառ համարեց «ռեսուրսի բացակայությունը» ու շարունակեց. «Պատճառը ռեսուրսի բացակայությունն է, ընդ որում թե նյութական, թե մարդկային ու կադրային: Բացի այդ նույն այդ ուժերը համարում են, ինչ-որ տեղ նաև ընտրությունները կանխորոշված են: Գիտենք, որ գործի է դրվում կլանային մեծ վարչական ռեսուրս ու առանձնակի էներգիա չեն ծախսում, և ավելի շատ կենտրոնական իշխանությունն են թիրախավորում»:

Ըստ քաղաքագետի՝ քաղաքական ընդդիմությունը պիտի փորձեր տեղից շարժել ցեխի մեջ ընկած սայլը, սակայն տեսնում ենք, որ դա չկա: Այս առիթով պարոն Մեհրաբյանն ասաց. «Ոչ իշխանական ուժերը, որոնք խորհրդարանական ընդդիմություն են, առանձնապես քաղաքացիական հասարակության հետ ինտենսիվ աշխատանքի մեջ ընդգրկված չեն:Արդյունքում ունենում ենք այն, ինչ ունենք»:

Որպես ելքի ճանապարհ՝ պարոն Մեհրաբյանը նշեց, թե համայնքներում բացատրական աշխատանքներ պիտի տարվեն, որ քաղաքացիները լավատեղյակ լինեն իրենց իրավունքներին ու պարտականություններին, հավատ ներշնչվի, որ «փրկիչներ չեն գալու, փոխելու նրանց կյանքը, այլ իրենք դա պիտի անեն»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31