Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. «Ինչքան տրոհվել է մեր խմբակցությունը՝ արդեն տրոհվել է, ծածկենք-չծածկենք, դա փաստ է»

Մարտ 11,2014 16:18

«Ստյոպա Սաֆարյանը 15 րոպե հավեսով, ախորժակով քննադատում էր մեր ֆրակցիան, հաճույք է ստանում դրանից: Ես էլ վարչության նիստին հորդորեցի, որ շարունակի, եթե հաճույք է ստանում»,- օրերս «Ռ-էվոլյուցիա» հաղորդման ժամանակ  իր կուսակցի մասին այսպիսի կարծիք է հնչեցրել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Մարտի 11-ին Aravot.am-ի հետ զրույցում պարոն Սաֆարյանը պարզաբանեց Ռուբեն Հակոբյանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառներն ու ներկուսակցական խնդիրները.

«Նախ, ես հաճույք չեմ ստանում: Դժվար թե հաճույք ստանամ մի բանից, որի ստեղծմանը ես եւ իմ շատ ընկերներ՝ նախկին խորհրդարանական խմբակցությունը եւ կուսակցության  ղեկավարը շատ մեծ ավանդ ունենք, հետեւաբար չենք կարող հաճույք ստանալ այն ամենից, ինչ տեղի է ունենում կամ ինչ տեղի ունեցավ «Ժառանգություն» խմբակցությունում: Ես ընդամենը փաստացի արձանագրել եմ այն վիճակը, ինչ կա: Այդ վիճակը, ցավոք, Ստեփան Սաֆարյանը չի ստեղծել»:

Մեր հարցին, թե ինչո՞ւ եք նոր սկսում բարձրաձայնել, խոստովանել Ձեր եւ Ռուբեն Հակոբյանի տարաձայնությունների, խմբակցությունում տիրող վիճակի մասին՝ պարոն Սաֆարյանը պատասխանեց, որ դա նոր չէ. «Ես կարծում եմ, պարոն Հակոբյանը լավ չի նայել «Հայելու» առաջ հաղորդումը, որովհետեւ այնտեղ ես ընդամենը ասել եմ, թե ինչ էր անում նախկին «Ժառանգություն» խմբակցությունը:

Որ այդ խմբակցությունը քաղաքական դաշտի միակ ուժն է, որը հանրային քաղաքականությունը եւ իշխանության համար պայքարը մի հարթության վրա էր դնում, մենք միայն հռետորաբանությամբ  չէ, որ ապացուցում էինք, թե ինչու պիտի իշխանափոխություն լինի, համակարգ փոխվի, մենք հասցնում էինք հանրության խնդիրները պետական մարմիններին: Ես խոսել եմ այն մասին, ինչ ես արել եմ: Այս խմբակցությունն անկախ իր 2 տարվա խնդիրներից՝ խոհանոցային, ոչ խոհանոցային, դաշինքային…այնուամենայնիվ, ինքն ազատ է որոշել, թե ինչպես է ծավալում իր գործունեությունը, բայց մի բան հստակ է՝ համեմատությունը բոլոր առումներով, այդ թվում եւ մարդկանց՝ նախկին խմբակցության օգտին է: Ընդամենը սա եմ արձանագրել եւ ոչ ավելին»:

Ռուբեն Հակոբյանն այդ հաղորդման ժամանակ նաեւ նշեց, որ Արմեն Մարտիրոսյանը վարչության տեսակետն է արտահայտում, այսինքն, ստացվում է, որ դուք շեղվում եք «Ժառանգության» գծից: «Մենք բոլորս հրաշալի գիտենք, թե որտեղ ենք անձնական տեսակետ հայտնում եւ որտեղ ենք հայտնում կուսակցության դիրքորոշում: Ասենք, օրինակ, Տեր-Պետրոսյանի, որեւէ քաղաքական ուժի առաջնորդի ելույթում հնչած գնահատականների վերաբերյալ մենք, բնականաբար, բոլորս ներկայացնում ենք անձնական դիրքորոշումներ: Բայց ներեցեք, վարչությունը միանշանակ պարտավոր է հղում կատարել փետրվարի 18-ի Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագրային դրույթներին, եւ Ստեփան Սաֆարյանը այդ ծրագրային խոսքից դուրս ոչինչ չի ասել: Հետեւաբար Ստեփան Սաֆարյանը չի կարող չներկայացնել կուսակցության վարչության տեսակետը գոնե 4 քաղաքական ուժերի համախմբման մասով: Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը կուսակցության դիրքորոշումն է»:

Նախկինում բոլորին էլ պարզ էր, որ «Ժառանգության» ներսում խնդիրներ կան, հիմա ի՞նչն է փոխվել, որ արդեն այսպես անուններով պարզ առճակատում է սկսվել՝ պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Տարաձայնություններ չկան: Կան տարբեր գնահատականներ, կան տարբեր մոտեցումներ, թե որն է եղել եւ մնում «Ժառանգություն» կուսակցության հաջողության գաղտնիքը: Իսկ քանի որ ես եղել եմ այն խմբակցությունում, որն ավելացրել է «Ժառանգության» կապիտալը եւ ոչ թե պակասեցրել, բնականաբար, ես գիտեմ հաջողության բանաձեւը եւ հղում եմ անում դրան: Հիմա այս խմբակցությունը 2 տարի է հնարավորություն է ունեցել փորձարկելու իր հաջողության բանաձեւը: Ես կարծում եմ, ժամանակի ընթացքում համեմատությունները տարբերվելու են: Դա սարսափելի չի: Դուք հարցնում եք՝ ինչո՞ւ հիմա. առաջին օրով մենք չէինք կարող գնահատական տալ մի գործունեության, որը նոր պիտի սկսեր: Հիմա մենք ունենք 2 տարի:

Մեր հարցին՝ Դուք շարունակո՞ւմ եք պնդել, որ «Ժառանգությունում» տրոհումներ չկան, էլ ի՞նչ պիտի լիներ, որ համարեիք՝ տրոհվել է՝ պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Այն, ինչքան տրոհվել է խմբակցությունը, արդեն տրոհվել է: Հո մի մարդը կես մարդ չի՞ դառնալու: Դրա մասին ոչ արդեն խոսում ենք…դա փաստ է՝ մենք ծածկենք-չծածկենք, խոսենք- չխոսենք: Ցավոք սրտի, դա փաստ է եւ դա արդեն մեր անցյալն է, վե՛րջ»:

Մենք հետաքրքրվեցինք՝ Րաֆֆի Հովհաննիսյանն այս օրերին չի՞ փորձում համախմբել թիմը, նորից հավաքել, թույլ չտալ, որ գոնե միմյանց հասցեին քննադատություններ հնչեն՝ Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Անշուշտ, այդ կարգի քննարկումներ, անկեղծ ասած, մեր ներսում լինում են: Բայց փաստարկ է պետք, թե ես ինչ եմ ասել, որ այսպես ասած՝ «գծից շեղվել եմ»: Փաստ չկա ուղղակի: Եթե ես խոսել եմ քառյակի համագործակցության մասին, հղում եմ կատարել Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթներին: Եթե դա կոչվում է կուսակցության գծից դուրս՝ դա ուրիշ խնդիր է: Ես ինչո՞ւ պիտի քննադատության արժանանամ: Իհարկե, կուսակցության ներսում էլ, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ, բոլորն էլ հասկանում են, որ խնդիրներ կան, ներքին բանավեճեր կան, որոնք ճիշտ չի, որ հրապարակային դաշտ դուրս գա: Բայց մյուս կողմից էլ կան հարցեր, որոնց չես կարող անպատասխան թողնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31