Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակվեցին ինքնասպանի ցուցմունքները

Ապրիլ 22,2014 18:18

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվեց «Մանանա Գրեյն» ՍՊ ընկերության փոխնախագահ Արմեն Մանուկյանի ավտոմեքենայից հիսունվեց միլիոն դրամի գողության գործով օժանդակող, HSBC բանկի աշխատակից Աշոտ Առուշանյանի, եւ նրա ընկեր Էդգար Կարաքեշիշյանի դեմ հարուցված քրեական գործով դատական հերթական նիստը:

Նախորդ նիստին անավարտ էր մնացել Աշոտ Առուշանյանի նախկին պաշտպան Թեւոս Ալեքսանյանի եւ ամբաստանյալի հոր հեռախոսային զրույցի ձայնագրության հրապարակումը:

IMG_3644

Ըստ այդ գաղտնի ձայնագրության, որից մի հատվածը հրապարակել ենք նախորդ հրապարակման ժամանակ, ամբաստանյալի հայրն իր դժգոհությունն է հայտնում պաշտպանին` որդու եւ ինքնասպանության դիմած մյուս մեղադրյալի` Արտաշես Գալուստյանի առերեսման ժամանակ պաշտպանի մի երկար ժամանակ բացակայելու հանգամանքի համարել Նա հարցնում է պաշտպանին, հնարավո՞ր է, որ քննիչը կամ դատախազը ազդած լինեն նրա վրա, իսկ պաշտպանը պատասխանում է, որ նման բան չի կարող լինել, որ չկա նման քննիչ ու դատախազ, որ իր վրա ազդեն:

Հայրը հարցնում է պաշտպանին, թե իր որդին գոնե կարգին «կամեռո՞ւմ է», ինչին պաշտպանը պատասխանում է, որ չգիտի:Պաշտպանն ասում է, որ երկու-երեք օր է շփվում է նրա որդու հետ, կարգին տղա է: Ձայնագրության մեջ խոսք է գնում որդուն ձերբակալելու մասին, թե ինչպես քսան-երեսուն հոգով որդուն ձերբակալում են, գրքերը գցում են գետնին: Պաշտպանին հայրն անվերջ հարցնում է` ինձ ուղղություն ցույց տուր:

Իսկ պաշտպանն էլ ասում է, որ տղային թելադրել է ցուցմունքը, նոր դուրս է եկել բաժնից:

Պաշտպանը, ըստ հոր, բացակայել էր երեսուն-քառասուն րոպեով առերեսման քննչական գործողության ժամանակ:

IMG_3874

Մեղադրանքը պաշտպանող դատախազը` պարոն Ուզոյանը հանդես եկավ հայտարարությամբ, այն է, այս ապացույցը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով, նախաձեռնողը ըստ նրա, եղել է ամբաստանյալի հայրը, որը գործով շահագրգիռ անձ է, եւ միջոցների առաջ որեւէ խտրականություն չի դնում,միակ նախաձեռնողը եղել է նախկին պաշտպանը:

Եւ որ դա է պատճառը, որ պաշտպանը, որը վճարվում է, ինչ-որ տեղ անորոշ պատասխաններ է տալիս:

Այս ձայնագրությունը ի դեպ, հրապարակվել է ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում էլ, գործը բեկանելուց առաջ:Մեղադրողի կարծիքով, վերաքննիչը նախադեպ ստեղծեց դրանով իսկ, ապօրինի հրապարակման վատ հետեւանքներ ունենալուն: Հետեւանքների մեջ նշվեց տվյալների «լավ տղաների» ձեռքում հայտնվելը, դրանց միջոցով իրավապահ մարմիններ ուղարկելը:

Մինչ ամբաստանյալների ցուցմունք տալը, մեղադրողը միջնորդեց, որպեսզի ինքնասպան եղած մյուս մեղադրյալի` Արտաշես Գալուստյանի ցուցմունքները հրապարակվեն:

Պաշտպանական կողմը, հանձին հանրային պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանի եւ Լիպարիտ Սիմոնյանի դեմ էր հանգուցյալի ցուցմունքները հրապարակել, պատճառաբանելով, որ օրենքն արգելում է դա:Քանի որ առանց անձի մասնակցության չի կարող հետազոտվածը համարել արժանահավատ:

Ռաֆիկ Սաֆարյանը նկատեց, որ ամբաստանյալն իրավունք ունի նախաքննության ժամանակ իր մարտավարությունից ելնելով սուտ, ճիշտ ցուցմունք տալ, բայց քանի որ նա այլեւ մահացել է, նրա ցուցմունքը հետազոտելը կլինի աննպատակ, միակողմանի:

Դատավոր Մեսրոպ Մակյանն ասաց, թե նախորդ նիստերին պաշտպանական կողմն իր մարտավարությունը կառուցել է այդ մեղադրյալի հետ կապված վկաներին հարցաքննելով, քննչական գործողությունների մասով պաշտոնական փաստաթուղթը հետազոտելով, ուստի անհրաժեշտ գտավ հրապարակել հանգուցյալի ցուցմունքները: Դատավորը դիմելով ամբաստանյալ Աշոտ Առուշանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանին, հարցրեց, թե ինչու,երբ վերաքննիչ դատարանում հրապարակվել են հանգուցյալի ցուցմունքները, որեւէ բողոք պաշտպանն այդ ժամանակ չի բերել: Լիպարիտ Սիմոնյանն ասաց, թե դա իր եւ իր պաշտպանյալի մարտավարությունն է:

Հանգուցյալը երկու տարի առաջ ոստիկանության քննչական բաժնում հինգ ցուցմունք էր տվել: Մինչ չորրորդ ցուցմունքը նա հայտնել էր, թե չի իմացել գումարի մասին, գումարի չափի, միայն նշել էր, թե Էդգարն իրեն վեց հարյուր հազար դրամ գումար է տվել, մոր երիկամների վիրահատության համար, բայց թե որտեղից էր այդ գումարը, նա տեղյակ չի եղել: Այն հայտնաբերվել էր անկողնու ներքնակի մեջ:

Հինգերորդ ցուցմունքի ժամանակ Արտաշես Գալուստյանն ասում է, որ երկու տարի առաջ ծանոթացել է Էդգարի բռնցքամարտիկ ընկերոջ Աշոտ Առուշանյանի հետ, եւ միայն «վերջերս» է իմացել, որ նա բանկի աշխատակից է: Լիպարիտ Սիմոնյանին հետաքրքրում էր, թե «վերջերս» ասելով մեղադրյալը ինչն է նկատի ունեցել.քննիչի՞ց է իմացել, նստած ժամանա՞կ, ումից:

Ի դեպ, այդ վերջին ցուցմունքի ժամանակ էլ տեղեկանում ենք, որ նրա ու Էդգարի միջեւ վեճ է եղել, քանի որ ըստ նրա իրեն տրված գումարը ավելի քիչ է եղել, քան տվել է Աշոտին: Սա այն դեպքում, երբ մինչայդ, նա ասել էր, թե գաղափար չունի գումարի չափի մասին, իսկ երբ Էդգարը կոտրել էր Արշակունյաց պողոտայի վրա կայանած տուժողի մեքենայի ապակին, ինքը վախեցել, ու հեռացել էր:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930