Լրահոս
Օրվա լրահոսը

«Արվեստը մեր երկրում մենախոսության է նման, Ճապոնիայում՝ հասարակության հետ զրույցի». Արա Հայթայան

Մայիս 12,2014 10:55

«HI-ARTONLINE» կերպարվեստի կենտրոնում մայիսի 11-ին բացվեց «Հայ և ճապոնական ժամանակակից արվեստ» խորագրով ցուցահանդեսը, որը կշարունակվի մինչև մայիսի 16-ը և կանցկացվի ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում: «Ձգտում ենք նախաձեռնության աշխարհագրությունը լայնացնել,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ցուցահանդեսի համադրող, գեղանկարիչ Արա Հայթայանը:- Նախորդ անգամ երևանյան ցուցահանդեսից շատ քիչ բան տեղափոխեցինք Գյումրի, իսկ այս անգամ այստեղի ցուցահանդեսին համարժեք ցուցահանդես կլինի նաև Գյումրիում (Գյումրիում ցուցահանդեսը կբացվի այսօր – Ս. Հ.): Ճապոնացիների գործերի կեսը երևանցի նկարիչների գործերի հետ կցուցադրվեն այստեղ, իսկ մյուս կեսը՝ Գյումրիում, այսինքն՝ ուզում ենք Գյումրին ներգրավել հայ-ճապոնական այս համագործակցության մեջ»:
Պարոն Հայթայանի փոխանցմամբ՝ Ճապոնիան ներկայացնում է 21 արվեստագետ, որոնց թվում են լուսանկարիչ Տաքուջի Շիմուրան, Տակաո Օչին, գրաֆիկական արվեստի վարպետ Տագա Շինը, Ճանաչված աբստրակտ նկարչուհի Կեյկո Արային և ուրիշներ:
Հայակական կերպարվեստը ներկայացնում են Արա Հայթայանը, Սամվել Չիբուխչյանը, Աշոտ Հարությունյանը, Արփի Վարդանյանը, Վահան Թոփչյանը, Ճալան. ընդհանուր առմամբ՝ 22 հայտնի ժամանակակից արվեստագետ:

Նշենք, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև այս համագործակցությունը, որը յոթ տարվա պատմություն ունի, սկիզբ է առել ճապոներենի մասնագետ Վարդիթեր Հարությունյանի, գեղանկարիչ Արա Հայթայանի և «Գինզա 1 Ճյումե» («Ginza 1 CHOME») պատկերասրահի տնօրեն Մակի Միկիկոյի նախաձեռնությամբ:

«Ես հաճախ եմ ցուցահանդեսներով ներկայանում Ճապոնիայում՝ «Ginza 1 CHOME» (Տոկիո) պատկերասրահում: Արդեն բավականին ժամանակ է, ինչ համագործակցում եմ այս պատկերասրահի հետ ու փորձում եմ այդտեղի նկարիչներին ներկայացնել Հայաստանում, իսկ մեր նկարիչներին՝ Ճապոնիայում»,- ասաց մեր զրուցակիցը:
Aravot. am-ը պարոն Հայթայանին խնդրեց նաև զուգահեռներ անցկացնել հայկական և ճապոնական ժամանակակից արվեստների միջև. «Ճապոնական արվեստում ավանդական մոտեցումները դեռ շարունակվում են,- ասաց գեղանկարիչը,- այսինքն՝ արհեստն ու արվեստը նրանց մոտ միաձուլված են: Մի բան, որ մեզանում արդեն չկա, ավանդականի հետ կապը կտրված է մեզանում: Կամ, նյութի հետ կապված, եթե մեզ մոտ, օրինակ, քանդակը կարող է լինել մետաղից, քարից կամ փայտից, ապա նրանց մոտ թուղթն արդեն վաղուց քանդակի նյութ է համարվում: Ի տարբերություն մեզ՝ նրանք շարունակ նոր տեխնիկաներ են որոնում, և ամեն մի արվեստագետ իր եզակի տեխնիկան է ստեղծում ու կիրառում արվեստում: Մեզ մոտ այդպիսի մոտեցում չկա, արվեստագետը յուղաներկով է աշխատում կամ ջրաներկով, այսինքն՝ մենք հիմնականում կիրառում ենք այն տեխնիկաները, որոնք ընդունված են աշխարհում»:

Ա. Հայթայանը մեծ տարբերություններ է նկատում նաև հայ և ճապոնացի արվեստագետների ապրելակերպի, ստեղծագործական կյանքի կազմակերպման հարցում. «Այնտեղ ցուցահանդեսների, միջոցառումների քանակը սարսափելի մեծ է, և արվեստագետներն անընդհատ շարժման մեջ են, իսկ մեր արվեստագետները հիմնականում առանձնացված են հասարակությունից, ամեն մեկն իր արվեստանոցում իր գործն է անում, և արվեստը մեր երկրում ավելի շատ մենախոսության է նմանվում, քան հասարակության հետ զրույցի: Այսինքն՝ հասարակության բաժին նա շատ ուշ է դառնում կամ կարող է երբևէ չդառնալ: Բայց ես կարծում եմ, որ այսօր ինչ որ անում է մարդը, պիտի երևա հասարակության մեջ»,- ընդգծեց պարոն Հայթայանը:

Ինչ վերաբերում է հայկական և ճապոնական կերպարվեստի նմանություն-տարբերություններին ձևային առումով, մեր զրուցակիցը վստահեցրեց, որ եթե հեղինակներից շատերի անունները չփակցնեին գործերի տակ, շատ-շատերը հեշտությամբ չէին զատի, թե որն է հայ արվեստագետի գործ, որը՝ ճապոնացի արվեստագետի: Դրա պատճառը, ըստ գեղանկարչի, առհասարակ աշխարհում այսօր ստեղծվող արվեստի առաջադրած խնդիրների նմանությունն է:

Վերադառնալով «Հայ և ճապոնական ժամանակակից արվեստ» ցուցահանդեսին՝ պարոն Հայթայանն ասաց, որ «Գինզա 1 Ճյումե» պատկերասրահի նկարիչներն արդեն երրորդ անգամն է, որ մեծ ցուցահանդեսով գալիս են Հայաստան (2009 թ., 2012 թ. և 2014 թ.), և որ նրանց հետաքրքրում է Հայաստանն իր արվեստով. «Անշուշտ, Հայաստանի արվեստը նրանց հետաքրքրում է, որովհետև նորություն է նրանց համար, որովհետև շատ քիչ է հանրայնացվել,- ասում է Ա. Հայթայանը:- Օրինակ՝ մեզանից ամեն մեկն իր մտապատկերում ճապոնական որևէ բան ունի, չէ՞, ասենք՝ կինո, գրականություն, տեխնիկա, հագուստ և այլն, բայց ճապոնացիների համար Հայաստանը լրիվ փակ, անհայտ տարածք է: Եվ երբ այնտեղ ցուցադրություն ես ունենում, միշտ պիտի քարտեզը ձեռքիդ լինի, որովհետև երբ ասում ես Հայաստան, փորձում են հասկանալ՝ որտե՞ղ է դա: Երբ ցույց ես տալիս, ասում են՝ ուրեմն, մահմեդական ես, որովհետև այդ տարածքում մահմեդական երկրներն (Թուրքիա, Պարսկաստան) են ընկած: Հետո պիտի բացատրես, թե՝ չէ, գիտե՞ք, այդ մեծամասնության մեջ ես քրիստոնյա եմ, և այսպես շարունակ: Այսինքն՝ այդտեղից նոր պիտի խոսակցությունը բացվի, մինչև որ հասնի արվեստին»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031