Լրահոս
Օրվա լրահոսը

Ինտելեկտուալ խաղերի Հայաստանի երիտասարդական առաջնությունում հաղթել է «Մեդիկուսը»

Մայիս 12,2014 11:55

Մայիսի 10-11-ը տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղերի Հայաստանի երիտասարդական առաջնությունը։ Կազմակերպիչներն էին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Մրցանակները տրամադրել էր Հայաստանում ՌԴ դեսպանությունը։

Ինտելեկտուալ առաջնությունը բաղկացած էր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», «Բրեյն ռինգ», «Քո խաղը», «Էրուդիտ սեկստետ» մրցափուլերից։ Մասնակցում էին ուսանողական թիմեր և դպրոցական այն թիմերը, որոնք վերջին առաջնության ժամանակ զբաղեցրել էին բարձր տեղեր։ Ընդհանուր առմամբ ինտելեկտուալ խաղին մասնակցում էր 14 թիմ՝ Երևանից և Գյումրիից։

DSC_7221

2014թ. ինտելեկտուալ խաղերի երիտասարդական առաջնության գավաթը նվաճեց «Մեդիկուս» թիմը, որն առաջին տեղեր էր գրավել գրեթե բոլոր խաղերում։ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ում լավագույնը «Մեդիկուսն» էր, երկրորդ տեղում «Բրեյն քիլլերսն» էր, երրորդում՝ «Անոնիմուսը»։

«Բրեյն ռինգ» խաղում հաղթանակը շնորհվեց «Մեդիկուսին», երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց «Բլեք սթար» թիմը, իսկ երրորդը՝ IKM թիմը։

«Էրուդիտ սեկստետ» խաղում հաղթանակը շնորհվեց «Բրեյն քիլլերս» թիմին, երկրորդ և երրորդ տեղերում էին համապատասխանաբար «Մեդիկուս» և «Անոնիմուս» թիմերը։
«Քո խաղը» մրցափուլում լավագույնը «Մեդիկուսի», այնուհետև՝ «Բլեք Սթարի» և IKM-ի ներկայացուցիչներն էին։

«Մեդիկուս» թիմի ավագ Արամ Ղուլիջանյանը նշեց, որ ինտելեկտուալ դաշտում հաղթանակները թիմի մի քանի տարվա քրտնաջան պարապմունքների, համատեղ խաղալու փորձի արդյունքն է։

Գիտակների հայկական ասոցիացիայի ղեկավար Տիգրան Քոչարյանը, խոսելով Հայաստանում ինտելեկտուալ խաղի տարածվածության մասին, նշեց, որ այն կենտրոնացված է հիմնականում Երևանում և Գյումրիում, քանի որ այդտեղ գործում են ինտելեկտուալ ամենահին ակումբները։ Սակայն Գիտակների հայկական ասոցիացիան բավականին ակտիվորեն անցել է ինտելեկտուալ խաղերի հայերենացմանը։

«Ռուսալեզուների հատվածը կրճատվում է, սակայն ինտելեկտուալ շարժման բուն նպատակը կարդացող, դեպի գիտելիք ձգտող երեխաներին համախմբելն է։ Առաջիկայում նախատեսում ենք ինտելեկտուալ ճամբար կազմակերպել Քաշաթաղում։ Ուզում ենք, որ ինտելեկտուալ շարժումն ավելի լայն ընդգրկում ունենա, իսկ դրա միակ լուծումն ակտիվորեն հայալեզու դաշտ մտնելն է։ Մենք փորձելու ենք այս տարի բոլոր մարզերում դպրոցական առաջնություններ կազմակերպել»,- նշեց Տիգրան Քոչարյանը։
Ինտելեկտուալ խաղերի Հայաստանի երիտասարդական առաջնությունում հաղթած թիմը կմասնակցի 2014թ. վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031