Լրահոս
Օրվա լրահոսը

Գրաչովը խոստացել էր ադրբեջանցիներին չմիջամտել, եթե անգամ հայերը մտնեին Բաքու (Տեսանյութ)

Մայիս 13,2014 16:44

«Ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շահերից բխում էր ստորագրել այս պայմանագիրը, բայց մի դեպքում, երբ որ մենք հաստատում էինք այդ շփման գիծը, եթե լիներ այլ տարբերակ, մենք չէինք ստորագրի սա»,- այսօր՝ մայիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը:

Նա նշեց, որ հրադադարի համաձայնագիրը եղել է գործընթաց, որը սկսվել է 1994 թվականի փետրվարի 18-ին եւ ավարտվել է մայիսի 16-ին: Պարոն Հարությունյանը հայտարարեց, որ մինչ այդ՝ 1993 թվականի դեկտեմբերի 17-ին, Ադրբեջանը մշակել էր ռազմական ծրագիր, որի նպատակն էր կտրել Ղարաբաղը Հայաստանից եւ հարվածներով դեպի Ստեփանակերտ եւ Մարտակերտ ոչնչացնել Ղարաբաղը.
«Այդ օպերացիան իրենց համար սկսվեց հաջող՝ իրենք կարողացան անցնել լեռնաշղթան եւ մոտենալ Քելբաջարին, դրանից հետո հայկական կողմը մշակեց հակահարված եւ ոչնչացրեց այդ խմբավորումը: Դրանից հետո տարբեր շրջաններում եղան մարտեր, որտեղ հաջողությունների հասել ենք ե՛ւ մենք, ե՛ւ ադրբեջանցիները»:

Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ ադրբեջանական ուժերը ջախջախված էին եւ ցանկություն ունեին ժամանակ շահել, այդ իսկ պատճառով նրանք համաձայնեցին փետրվարի 18-ին Մոսկվայում հանդիպել հայկական կողմի հետ: Այդ բանակցություններին հայկական պատվիրակության մեջ էին մտնում Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը եւ Վաղարշակ Հարությունյանը, ղարաբաղյան պատվիրակության անդամ էր Բակո Սահակյանը, իսկ Ադրբեջանի ներկայացուցիչներից էր պաշտպանության նախարար Մ. Մամեդյարովը, բանակցությունները վարում էր Ռուսաստանի պաշտպանության նախարար Պավել Գրաչովը : Պարոն Հարությունյանը ասաց, որ այդ ժամանակ պատրաստվեց մի նախաձեռնություն, որը նախատեսում էր զինադադար, բայց դա չպահպանվեց.
«Ադրբեջանը չէր ուզում ընդուներ Ղարաբաղը որպես կողմ, երբ որ մենք պնդեցինք, որ պատասխանատու ենք զինադադարի միայն այն հատվածի մասով, որտեղ մենք ունենք շփման գիծ Ադրբեջանի հետ, իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի եւ Ղարաբաղի շփման գծին, ապա մենք պատասխանատվություն չենք կարող կրել եւ փաստաթուղթը չենք կարող ստորագրել, շատ բուռն վեճերից հետո նրանք համաձայնեցին, բայց մի պայման դրեցին, որպեսզի ներկայացուցիչը լինի ոչ թե Ղարաբաղի զինված ուժերի հրամանատար, այլ զինված ուժերի ներկայացուցիչ, ինչին մենք համաձայնեցինք»:

Ըստ Վաղարշակ Հարությունյանի՝ Ադրբեջանը նաեւ դեմ էր փաստաթղթի մեկ այլ կետին, ըստ որի՝ զորքերը պետք է երեք օրվա ընթացքում հետ քաշվեին շփման գծից հինգ կիլոմետր եւ առաջարկել էր, բացի բանակները հինգ կիլոմետր հետ քաշելուց՝ պայմանագիրը ստորագրելուց հետո տաս օրից հայկական ուժերը հետ քաշել դեպի ԼՂԻՄ-ի սահմաններ, սակայն այդ առաջարկը չմտավ պայմանագրի մեջ.
«Նրանք ամբողջ պատվիրակությամբ եկան, որպեսզի ասեն, որ պատրաստ չեն կատարել այդ փաստաթուղթը, ինչին Գրաչովը հայտարարեց, որ Ռուսաստանը միջնորդական առաքելությունն իրականացնում է եւ դրա մասին հայտարարվել է եւ ստորագրված է փաստաթուղթ, եւ հիմա դուք հրաժարվո՞ւմ եք, ապա դրանից հետո Ռուսաստանը այլեւս չի միջամտի այս հակամարտությանը եւ ասաց՝ եթե նույնիսկ հայերը մտնեն Բաքու, ձեր հետ ոչ մի համագործակցություն չեմ ունենա եւ էլ հեռախոսը չեմ վերցնի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031