Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը որոշել է եկամուտների վերաբաշխման հարցը լուծել (Տեսանյութ)

Մայիս 15,2014 16:31

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը վստահեցնում է, որ նախորդ կառավարությունը բավարար չափով չի պայքարել ստվերի դեմ, նոր կառավարության համար էլ տնտեսաիրավական նոր հարաբերություններ են պետք

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողներն էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանից հետաքրքրվեցին ՀՀ վարչապետի եւ խոշոր գործարարների հետ երեկվա հանդիպման մասին: Նախարարն ասաց, որ հուսով է, որ խոշոր գործարարները ճիշտ կհասկանան վարչապետի ներկայացրած փոփոխությունները: Նախարարի խոսքերով` «Կարծում ենք, որ իրենք էլ հայրենասեր են, եւ մտածելով Հայաստանի տնտեսության հետագա զարգացման մասին՝ պետք է ընդհանրապես իրավատնտեսական հարաբերությունների դաշտում փոփոխություններն ընկալեն ավելի ճիշտ»:

Լրագրողների այն հարցին, թե մինչ այդ հանդիպումը հայրենասեր չէի՞ն, դրա համար էին ստվերում աշխատում, պարոն Ճշմարիտյանն ասաց. «Չեմ կարծում, որ հայրենասեր չէին, պարզապես տնտեսաիրավական նոր հարաբերություններ են անհրաժեշտ: Մի տնտեսական փուլում ենք մենք, որտեղ այս հարցի լուծումը, այսինքն՝ ստվերի կրճատումը, փոքր եւ միջին ձեռնարկատիրության եւ խոշոր ձեռնարկությունների միջեւ հարաբերությունների կարգավորումը, ընդհանրապես սոցիալ-տնտեսական զարգացման նախատեսվող ծրագրի աջակցությունը եւ այդ ծրագրի կատարումն էապես կախված են նրանից, որ բոլորն ընդունեն խաղի կանոնները»: Իսկ միթե՞ մինչ այս չէին պայքարում ստվերի դեմ, նախարարն ասաց, որ պայքարում էին, բայց ոչ բավարար:

Իսկ կա՞ն որոշակի կանխատեսումներ, թե ստվերի դեմ պայքարի արդյունքում, պետբյուջեի եկամուտները որքանո՞վ կավելանան, Ճշմարիտյանն ասաց. «Խնդիրն ամենեւին բյուջեի եկամուտներն ավելանալու մեջ չէ, ավելի շատ երկրում սպառման դաշտն ավելացնելու, այսինքն՝ եկամուտների վերաբաշխման հարցը լուծելու մեջ է: Երբ եկամուտների կենտրոնացում է գնում, դա տնտեսության համար բավական բացասական երեւույթ է: Իսկ եկամուտների վերաբաշխումը տնտեսության զարգացման հիմքերից մեկն է: Էդ նոր իրավատնտեսական հարաբերությունների պայմաններում հետապնդել միայն մեկ նպատակ՝ որպեսզի եկամուտների հետագա վերաբաշխումը լինի»:

Ի՞նչ նկատի ունի եկամուտների վերաբաշխում, լրագրողների ճշտող հարցին, նախարարը բացատրեց. «Եկամուտները լինեն ոչ թե կենտրոնացված, այլ ավելի վերաբաշխված հասարակության բոլոր շերտերի մեջ: Նրանք, ովքեր կարողանում են որոշ արդյունք ստեղծել, իրենց գործով զբաղվեն, այսինքն՝ լիարժեք ներդնեն իրենց մտավոր եւ ֆիզիկական ունակությունները ու դրա դիմաց ստանան համարժեք փոխհատուցում՝ նյութական, բարոյական ու հոգեւոր»:

Լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է հուլիսի 1-ից հետո, օրինակ՝ շաքարավազի շուկայում նոր խաղորդ հայտնվի, Կարեն Ճշմարիտյանն ասաց. «Չեմ բացառում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031