Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը և ընդդիմությունը

Մայիս 16,2014 12:56

 

Հովիկ Աբրահամյանը վարչապետ նշանակվեց այն պահին, երբ « Բարգավաճ Հայաստանն» այլընտրանքային կուսակցությունից փորձում էր դառնալ ընդդիմություն և ընդդիմադիր քառյակում նույնիսկ ղեկավար դիրք ստանձնել: Համենայն դեպս, նոր վարչապետի նշանակումից առաջ ԲՀԿ-ականների ելույթներն ավելի խրոխտ ու ավելի վճռական էին դարձել, և նոր վարչապետի նշանակումից անմիջապես հետո էլ ոչ շարքային ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ականներից նրանք, ովքեր իշխանություններից պաշտոններ կընդունեն, անմիջապես կհեռացվեն կուսակցությունից:

Մինչ այդ արհեստականորեն` մի քանի օրով հետաձգվել էր Հովիկ Աբրահամյանի նշանակումը: Չնայած Տիգրան Սարգսյանի հրաժարականից անմիջապես հետո շատերի համար էր պարզ, որ տասներեքերորդ վարչապետը Հովիկ Աբրահամյանն է լինելու, այդուհանդերձ, նոր վարչապետի նշանակման առթիվ ՀՀԿ-ի ակտիվի առաջին հավաքն անարդյունավետ էր, և հավանաբար ՀՀ նախագահը վարչապետի նշանակումը հնարավորինս ձգձգելով` ուզում էր նվերի արժեքը հնարավորինս մեծացնել:
Մի քանի խոսք նվերի մասին:

Վարչապետի պաշտոնը ցանկացած գործչի ու պաշտոնյայի համար մեծագույն ու բացառիկ նվեր է, որովհետև վարչապետը, ըստ ՀՀ սահմանադրության, համարվում է հանրապետության երրորդ դեմքը: Ըստ նույն սահմանադրության, մեր հանրապետության երկրորդ պաշտոնյան հանդիսանում է Ազգային ժողովի նախագահը: Այսինքն, ցանկացած ուրիշի համար նախագահից ստացած վարչապետի պաշտոնը կարող էր նվեր հանդիսանալ` բացառությամբ Հովիկ Աբրահամյանի:

Բայց ինքներդ եք վկա, որ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնը ստանալով` ավելի քան ուրախ էր և աջուձախից շնորհավորանքներ էր ստանում ու ընդունում, և իրեն անձամբ չճանաչողներս ու չշնորհավորողներս էլ էինք հասկանում, որ վարչապետի պաշտոնի ստանձնումը Հովիկ Աբրահամյանի կենսագրության գագաթնակետն է: Առայժմ, իհարկե:

Եթե անձամբ Հովիկ Աբրահամյանն Ազգային ժողովի նախագահից վարչապետ դառնալով` ուրախանում ու ցնծում է, դա իր անձնական խնդիրն է, բայց որ բոլորս ենք համոզված, որ վարչապետի պաշտոնն ավելի կարևոր ու էական է, քան` ԱԺ նախագահինը, դա ավելի քան արտառոց ու տարօրինակ է, և դա արդեն ոչ թե ՀՀ երկրորդ պաշտոնյայից ՀՀ երրորդ պաշտոնյան դարձած Հովիկ Աբրահամյանի մասին է խոսում, այլ` բոլորիս, որովհետև բոլորս ենք հասկանում ու գիտակցում, որ վարչապետի պաշտոնն անհամեմատ եկամտաբեր է, քան` Ազգային ժողովի նախագահինը: Այսինքն, ոչ միայն վերևներում են կոռումպացված, այլև բոլորիս ուղեղներն են կոռումպացված` ներառյալ չկոռումպացվածներիս ուղեղները, այլապես կմտածեինք ու կենթադրեինք, որ Հովիկ Աբրահամյանի` վարչապետի պաշտոնում նշանակվելը ոչ թե պաշտոնի բարձրացում է, այլ, ընդհակառակը, իջեցում:

Բայց մենք միանգամայն այլ թեմայի էինք ուզում անդրադառնալ` նոր վարչապետի ու ընդդիմության հարաբերությանը, սակայն միանգամայն այլ ուղղությամբ շեղվեցինք, չնայած, կարծում ենք, սույն շեղումն ամենևին ավելորդ չէր. ընդհակառակը, միանգամայն կարևոր ու տեղին էր:

Ինչ վերաբերում է նոր վարչապետի ու հայրենի ընդդիմության հարաբերություններին, դրանք նմանապես կարևոր ենք համարում, մանավանդ որ` հասկանում ենք, որ ընդդիմության ու նոր վարչապետի փոխհարաբերությունները միանգամայն տարբերվում են ընդդիմության և նախկին վարչապետի փոխհարաբերություններից: Դրանում, իհարկե, կարևոր դեր ու լուրջ նշանակություն ունի նոր վարչապետի ու ԲՀԿ առաջնորդի խնամիական կապը:

Հետաքրքիր է, որ չնայած ԲՀԿ-ն դեռևս իր ընդդիմություն լինելու մասին որևէ հայտարարություն չի արել, այդուհանդերձ, ընդդիմադիր ուժերի հարաբերություններում չափազանց լուրջ ու վճռական դերակատարություն ունի:

Այսուհանդերձ, Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալուց հետո ԲՀԿ-ն չափազանց բարդ իրավիճակում է հայտնվել:

Այդ մասին` հաջորդ դասին:

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031