Լրահոս
Օրվա լրահոսը

Գազազած զանգվածով հնարավոր չէ ժողովրդավարություն կառուցել

Սեպտեմբեր 16,2026 12:30 Share

Ինչ նկատի ուներ Ալեքսիս դը Տոկվիլը, երբ գրում էր «սրտի եւ մտքի սովորույթների» մասին

 

Եթե ես ասեմ, որ իրական ժողովրդավարության համար կարեւոր նախապայմաններից է համապատասխան «սիրտ» ունենալը, դուք կասեք, որ ես անհույս ռոմանտիկ եմ ու իդեալիստ: Ի՞նչ սիրտ: Կան ժողովրդավարական ինստիտուտների զարգացման աստիճաններ, ինդեքսներ, սանդղակներ, որոնցով որոշվում է՝ այս կամ այն երկիրը ժողովրդավարության առումով «գերազանցի՞կ» է, թե՞ «ծույլիկ»: Այսինչ ինդեքսով դու այստեղ ես, այնինչ ինդեքսով՝ այնտեղ: Հայաստանում եւ այլ երկրներում իշխանական կամ ընդդիմադիր հայացքներ ունեցողներն այդ «ինդեքսներին» սովորաբար արձագանքում են չափազանցված խանդավառությամբ՝ «տեսա՞ք, ոնց բարձրացանք» կամ՝ «տեսա՞ք, ոնց իջանք»:

Բայց նախ՝ այդ գնահատականներ դնողները, ինչպես որ մենք տեսնում ենք հենց Հայաստանի օրինակով, հաճախ զբաղվում են խարդախություններով՝ ելնելով իրենց աշխարհաքաղաքական շահերից: Երկրորդ՝ եթե նույնիսկ ամեն ինչ, այսպես ասած, «գրամներով» կամ «սանտիմետրերով» ճիշտ է, միեւնույն է՝ այդ ցուցանիշներն ինձ ոչինչ չեն ասում, որովհետեւ այստեղ, կարծես թե, աչքաթող է արվում ժողովրդավարության ամենակարեւոր պայմաններից մեկը՝ հասարակական համերաշխությունը, փոխադարձ վստահությունը, փոխզիջումների գնալու պատրաստակամությունը:

Ժողովրդավարական երկրում գործադիր իշխանության ղեկավարը չի կարող որոշել եւ բարձրաձայն հայտարարել, թե ով պիտի նստի, ով պիտի սնանկանա, ով պիտի լինի Ամենայն հայոց կաթողիկոս: Նման երկրում ընդդիմությունը չի կարող հայտարարվել ծայրից ծայր «քրեական» եւ, դրանից ելնելով, համապատասխան հրահանգներ իջեցվեն իրավապահներին: Ո՞ր «ինդեքսով» է դա չափվում: Գուցե դուք կասեք՝ «դե, այդ ամենը խոսում է պետական ինստիտուտների, մասնավորապես, դատարանների թուլության մասին»: Եվ այդ դիտարկումն, անշուշտ, ճիշտ է: Նորմալ իրավապահ համակարգով, նորմալ դատարանով հնարավոր կլիներ պատասխանատվության կանչել «կզացնող» ղեկավարին՝ ինքնիրավչության համար:

Բայց այդ ամենն, իմ խորին համոզմամբ, հետեւանք է եւ պատասխան չի տալիս այն հարցին, թե ինչու է վիճակն այդպիսին: «Vere scire per causas scire», –  պնդում է լատինական ասացվածքը: Թարգմանաբար նշանակում է՝ իսկապես իմանալ նշանակում է՝ իմանալ պատճառները:

Իշխանությունը կարող է զբաղվել կամայականություններով ու ապօրինություններով, որովհետեւ չի հանդիպում դիմադրության, եւ հակառակը՝ Հայաստանի դեպքում կա զանգվածային (գուցե այժմ՝ ո՛չ մեծամասնության) աջակցությունը: Եվ տրամաբանական ռեդուկցիան շարունակելով, կարող ենք ասել, որ այդ աջակցության պատճառն այն է, որ այդ զանգվածը կորցրել է մարդկային դեմքը: Մարդիկ խոշտանգվում են Բաքվի բանտո՞ւմ՝ նրանց հասնում է, նրանք ռսաստրուկ են: Մարդիկ երեք տարի զրկված են տարրական պայմանների՞ց, թող մնային իրենց Ղարաբաղում: Մարդուն (ինչպիսի հանցագործությունների մեջ էլ մեղադրվի) պատգարակով, սուր ցավերով տանում են դատարան՝ լավ են անում, բա որ թալանում էր, լա՞վ էր:

Առանձին հարց է, թե ինչու են մարդիկ գազազել: Կարծում եմ, առանց համապատասխան քարոզչության դա հնարավոր չէր լինի: Բայց հիմա մեզ այլ հարց է հուզում՝ ինչպես է այդ ամենը կապվում ժողովրդավարության, ավելի ճիշտ՝ դրա բացակայության, կարծր ավտորիտար ռեժիմ հաստատելու հետ:

Եվ այստեղ մենք մոտենում ենք «սրտի» խնդրին, ու ես դարձյալ պետք է մեջբերեմ իմ սիրելի հեղինակ Ալեքսիս դե Տոկվիլին: 1830-ական թվականներին գրված «Ժողովրդավարությունը Ամերիկայում» իր աշխատության մեջ նա, հասարակական երեւույթների մասին գրելիս, ներմուծում է mœurs հասկացությունը: Դա դժվար թարգմանելի եզրույթ է, որը, սակայն, պայմանականորեն կարելի է թարգմանել որպես «ժողովրդի բարքեր», եթե խոսքը կոնկրետ այս հեղինակի մասին է:

«Ես բարքերի շարքին եմ դասում ոչ միայն բուն բարքերը, որոնք կարելի է կոչել նաեւ սրտի սովորույթներ (les habitudes du cœur), այլեւ մարդկանց տարբեր պատկերացումները, տարածված կարծիքները, ինչպես նաեւ գաղափարների հանրագումարը, որոնցից կազմվում են մտքի սովորույթները (les habitudes de l’esprit)», – գրում էր ֆրանսիացի մտածողը: Այսպիսով, ժողովրդավարության նախապայմաններից են ոչ միայն ինստիտուտները, այլեւ «բարքերը», որոնց մեջ են մտնում «սրտի եւ մտքի սովորույթները»:

Երբ մարդիկ զանգվածաբար կորցնում են մարդկային դեմքը, ոչ մի ինստիտուտ չի կարող գործել: Գազազած զանգվածին ժողովրդավարություն պետք էլ չի:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

15.09.2026թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aha says:

    This is one of Mr. Abrahamyan’s best articles. Democracy in America came to be because the elites of that country really desired it and accepted to play by the rules that they themselves created. They reached that level of political maturity because they already had, in their hearts and minds, a clarity and desire for a better life. Their driving force was noble and not based on division, hatred, and negativity.

Պատասխանել