Լրահոս
Օրվա լրահոսը

Քառյակը չի մասնակցի կառավարության ծրագրի քվեարկությանը

Մայիս 22,2014 14:02

Խորհրդարանական քառյակը`ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», չի մասնակցի կառավարության ծրագրի քվեարկությանը: Այդ մասին Aravot.am-ի հարցին ի պատասխան, ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Այս որոշմանը քառյակը հանգել է առավոտյան կայացած նիստում: «Քառյակից ոչ ոք քվեարկությանը չի մասնակցի`ի նշան այս ծրագրից դժգոհության եւ մերժման»,- ասաց Արմեն Ռուստամյանը`հավելելով, որ հարցի վերաբերյալ ՕԵԿ-ի հետ քննարկում չի եղել:

Եթե ի վերջո չէիք մասնակցելու քվեարկությանն, ապա ինչո՞ւ էր ՀՅԴ-ն առաջարկներ ներկայացրել, մեր հարցին, ՀՅԴ խմբակցության ղեկավարն արձագանքեց. «Դա ի՞նչ կապ ունի: Մեր մերժումն ավելի է հիմնավորվել: Առաջարկներ ենք ներկայացրել եւ միշտ պատրաստ ենք, եթե որեւէ մեկը մեր առաջարկները կընդունի… Բոլորն էլ հասկանում են, որ եթե դրանք ընդունվեն, էական բան կփոխվի, դրա համար չեն ընդունել»:

Հիշեցնենք, վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ իր ելույթում անդրադարձավ ՀՅԴ-ի առաջարկին`ընդդիմությանը վերահսկողական ֆունկցիա տալու մասին: «Չգիտես ինչի, իշխանությունները միշտ լավն են, ընդդիմությունը միշտ վա՞տն է, որ ընդդիմությանը չի կարելի տեղեր տալ`օրենքներով սահմանված: Իսկ այն, ինչ-որ ինքն առաջարկում է, միասնական կառավարություն ձեւավորել, դրա մասին չէ խոսքը: Խոսքը ընդդիմություն-իշխանություն փոխհարաբերությունների մասին է եւ, ինչպես տեսնում եք, մեր յոթ կետերից բխող առաջարկները, որոնք ամեն տեղ ներկայացնում ենք, այնքան էական դեր ունեն որակական փոփոխություններ առաջացնելու առումով, որ չեն ընդունում: Դա ավելի է հիմնավորում մեր քվեարկությունը»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Դիտարկմանը`այդ որոշումը կարելի՞ է ընկալել, իբրեւ քառյակի հետագա ռազմավարություն, Ռուստամյանն ասաց, որ սա տրամաբանական շարունակությունն է քառյակում մինչեւ այժմ տեղի ունեցած քննարկումների, քանի որ իշխանությունը որքան էլ ցանկանա թաքցնել, բայց քառյակի բարձրացրած անվստահության խնդրին հետեւեց այս ամենը: Քառյակը կողմնորոշվել է նույն տրամաբանությամբ, ինչ կար այն ժամանակ`ոչ միայն կառավարության կազմը պետք է փոխվի, այլ նաեւ քաղաքականությունը: «Փոփոխությունները, որ կարող էին երաշխավորվել, այն ուղղությամբ, որ մենք էինք տեսնում, չկան»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

Իսկ որոշ ընդդիմադիրների, այդ թվում նաեւ ՀՅԴ-ականների, դրական ելեւէջներով արտահայտությունները կառավարության ծրագրի մասին, Ռուստամյանն այսպես բացատրեց. «Պարզապես մենք հույսներս ամբողջությամբ չենք կորցնում եւ այն տրամաբանությունը չի գործում, որ մենք ուզում ենք, որ ամեն ինչ ձախողվի: Մենք իսկապես ուզում ենք, որ իրավիճակը շտկվի եւ դա անպայման մեզնով չենք պայմանավորում: Ի վերջո, բոլորս նույն նավի մեջ ենք»:

Կառավարության ծրագրում, ՀՅԴ-ական պատգամավորն , այնուհանդերձ, դրական բաներ տեսնում է: Ասաց, որ ՀՅԴ-ի որոշ առաջարկներն էլ են ընդունվել, բայց դրանք էական չեն եւ ուղղության չեն փոխում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031